Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը գործընկերների կարողությունների զարգացում ծրագրի շրջանակում Հայ առաքելական եկեղեցու թեմերի հոգևորականների, «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի (ACT) հայաստանյան ֆորումի համար իրականացրեց վերապատրաստման դասընթաց՝ «Նախապատրաստվածություն և արագ արձագանքում աղետներին» թեմայով: Վերապատրաստման դասընթացն անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ սերտ համագործակցությամբ:

ՀԿՍ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացին մասնակցում էին հոգևորականներ Հայաստանի բոլոր մարզերից: Դեռևս 2010 թ.-ին ստեղծված հոգևորականների ցանցը պարբերաբար վերապատրաստվում է և աջակցում է հիմնադրամին՝ արագ և օպերատիվ գործելու արտակարգ իրավիճակներում՝ ինչպես արագ արձագանքման, այնպես էլ զարգացման փուլերում: Նրանք կիրառում են ստացած սոցիալ-հոգեբանական աջակցության հմտություններն արձագանքման գործողություններում, առաջնորդվում են միջազգային ստանդարտներով և կանոնակարգերով:

IMG 1022

Հաշվի առնելով սոցիալ-հոգեբանական աջակցության հայեցակարգը՝ դասախոսներն անդրադարձան հոգևորականների դերին արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման գործում: Ուսումնասիրվեցին նրանց փոխհամագործակցությունը տուժած բնակչության հետ ծանր դեպքերում, զոհերին աջակցելու, մարդասիրական և հոգևոր խնամք կազմակերպելու, համապատասխան մարմինների հետ հաղորդակցվելու և ահազանգ կազմակերպելու, բնակչության տեղահանման աշխատանքային խմբեր ստեղծելու, տարհանման ծրագրեր մշակելու, ռիսկերը գնահատելու և այլ թեմատիկ հարցեր:

Դասընթացավարները շահագրգիռ կողմերի հետ սեմինարն իրականացրեցին՝ ամբողջ ընթացքում հարցերի և պատասխանների, գործնական խնդիրների, աշխատանքների և թեմատիկ վերլուծությունների միջոցով:

2011 թ.-ից սկսած՝ հոգևորականներն օգնում են ՀԿՍ-ին արտակարգ իրավիճակներում կապ հաստատելու և կարիքների գնահատման առաջնային տեղեկատվություն ուղարկելու գործում, իսկ հետագայում աջակցում են հումանիտար օգնության կազմակերպման և բաշխման, ցուցակները և հաշվետվությունները կազմելու աշխատանքում:

ՀԿՍ-ի գործընկերները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների և աշխատանքային հանդիպումների, պատրաստ են իրենց գիտելիքը փոխանցել իրենց գործընկերներին և շահառուներին:

Կլոր սեղան հիմնադրամի Արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման ծրագրերի շրջանակում 2011 թ. իրականացվել է «Աջակցություն Տավուշի մարզում սողանքի զոհերին» ծրագիրը: 2012-2018 թթ., Հայաստանում սիրիացի փախստականների համար կազմակերպվել են հումանիտար և զարգացման ծրագրեր: 2014 թ., հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիայի հակամարտության արդյունքում տեղահանված Քեսաբահայ բնակիչներին: 2016 թ., հումանիտար օգնություն է տրամադրվել Արցախում ապրիլյան պատերազմի արդյունքում տեղահանված բնակիչներին:

DSCN9244Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն ամփոփեց աշխարհի խոշորագույն միջեկեղեցական կազմակերպություններից մեկի՝ «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիայի (Rudelmar Bueno de Faria) այցը Հայաստան: Դաշինքն աշխարհի խոշորագույն կազմակերպությունն է, որտեղ միավորվում են 150-ից ավելի բողոքական և ուղղափառ եկեղեցիներ և հավատքահեն կազմակերպություններ՝ ավելի քան 125 երկրից: Դաշինքի անդամ է նաև Կլոր սեղան հինադրամը: Ռուդելմար Բուենո դե Ֆարիան այցելել էր Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի հրավերով:


Նա հանդիպել է Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների, ACT Alliance-ի հայաստանյան ֆորումի անդամների, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի փախստակաների հարցերով հանձնակատաի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչների հետ:

DSCN9248Պարոն դե Ֆարիան ավելի մանրամասն է ծանոթացել Կլոր սեղան հիմնադրամի գործունեությանը: Հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ դաշինքի նպատակներից մեկն անդամ կազմակերպությունների զարգացումն է և դաշինքի կազմում դերակատարման ավելացումը: «Մենք պետք է առաջնահերթություն տանք տեղական հավատքահեն կազմակերպությունների դերակատարմանը սոցիալական ծառայությունների մատուցման, զարգացման և շահերի պաշտպանության ոլորտներում: Նաև կարևոր է, որպեսզի անդամները կարողանան օգտագործել Դաշինքի ներուժը՝ գլոբալ խնդիրները լուծելիս»,- ասել է Ռուդելմար Բուենո դե Ֆարիան:


Հիմնադրամի աշխատակիցներից բացի հյուրը հանդիպել է նաև դաշինքի հայաստանյան ֆորումի մասնակիցների հետ: Բացի Կլոր սեղան հիմնադրամից ֆորումում ընդգրկված են նաև ԱՄՔՈՐ և ԷԿԼՕՖ կազմակերպությունները: ACT Alliance-ի գլխավոր քարտուղարը ծանոթացել է ֆորումի անդամ կազմակերպությունների գործունեությանը, նրանց իրականացրած ծրագրերին: Ռուդելմար Բուենո դե Ֆարիան հայտնել է որ Դաշինքը պատրաստ է ընդլայնել Հայաստանում իրականացվող մարդասիրական, զարգացման և շահերի պաշտպանության ծրագրերի ֆինանսավորումը՝ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) առաջնահերթությունների շրջանակում: Նա հատկապես ընդգծել է կանանց և տղամարդկանց հավասարությունը խրախուսող և կանանց կարողությունների զարգացման ծրագրերը:


DSCN9253Հյուրը Հայաստան էր բերել նաև կարևոր մի ուղերձ՝ հավատքահեն կազմակերպությունները, ինչպիսին «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքն է, պետք է դուրս գան էկումենիկ շրջանակից և ներգրավվեն քաղաքացիական հասարակության հետ ավելի ընդարձակ համագործակցության շրջանակներում՝ այդ թվում ՄԱԿ-ի նման վերազգային կառույցների հետ: «Մենք միայն միասին կարող ենք ներառական զարգացումը, ապահովել մարդու արժանապատվության պաշտպանությունը, ինչը համընկնում է ՄԱԿ-ի մի քանի կազմակերպությունների օրակարգին, որն իրականացվում է Կայուն զարգացման նպատակների շրջանակում»,- ասել է ACT Alliance-ի ղեկավարը:


DSCN9311Նա կարևոր է համարել նաև համաշխարհային քաղաքական և մյուս զարգացումները հաշվի առնելով գործելը: «Մենք այլևս չենք կարող գործել նախկինի նման: Իրավիճակը կտրուկ փոխվել է: Մենք պետք է մարգարեների նման լինենք: Այսօր որոշ կրոնական և եկեղեցական կազմակերպություններ մերձենում են կառավարությունների հետ: Նրանք նաև համագործակցում են այնպիսի քաղաքաքան գործիչների հետ, որոնք խարխլում են մարդկային արժանապատվությունը»,- ընդգծել է նա: «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի ղեկավարը համոզված է՝ այդ ամենը դաշինքը և նրա անդամները պետք է հաշվի առնեն՝ դիրքորոշում արտահայտելիս և համարժեք վարքագիծ դրսևորելիս:


Ռուդելմար Բուենո դե Ֆարիան Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մասնակից երիտասադրներին՝ Սիրիայից, Իրաքից և Հայաստանից: Կլոր սեղան հիմնադրամի հյուրը հանդիպել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի, Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավարի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ:


DSCN9305Շոմբի Շարփի հետ հանդիպման ընթացքում դե Ֆարիան քննարկել է մարդասիրական և զարգացման նախաձեռնություններում «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի և ՄԱԿ-ի ջանքերի միավորումը՝ Կայուն զարգացման նպատակների շրջանակում: Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարբեր ծրագրերի և Կլոր սեղան հիմնադրամի միջև արդեն կա արդյունավետ բազմամյա համագործակցություն: Նա նաև պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համատեղ գործողությունները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի:

M63B4789 copyԴաշինքի գլխավոր քարտուղարը Նորին Սրբությանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը: Վերջինս նշել է նաև, որ դաշինքը բացի աղետներին արագ արձագանքումից, շահերի պաշտպանության և զարգացման ծրագրերից, տարբեր ոլորտներում օգնություններ է ցուցաբերում հակամարտության մեջ ներքաշված և բնական աղետներից տուժած երկրներին՝ ի մասնավորի նաև բռնության ենթարկված քրիստոնյաներին: Այս առումով, պրն. դե Ֆարիան ընդգծել է, որ դաշինքը սերտ փոխգործակցում է Միացյալ Ազգերի կազմակերպության և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում դաշինքի անդամ կազմակերպությունների հետ:

«Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի և Կլոր Սեղանի միջև առկա գործակցության առիթով իր գոհունակությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով դաշինքի առաքելությունն արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում: Նորին Սրբությունը ողջունել է դաշինքի համագործակցությունը տարբեր եկեղեցական կառույցների հետ՝  նշելով, որ դա նպաստում է նաև Եկեղեցու առաքելության արդյունավետ իրագործմանը, քանզի Եկեղեցին հոգևոր խնամատարությունից բացի, սոցիալական ծառայության շրջագծից ներս նաև աղետներից և հակամարտությունից տուժածներին է բերում իր աջակցությունը: Այդ կապակցությամբ Վեհափառ Հայրապետը մասնավոր իր գնահատանքը բերեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին 2016 թ. ապրիլյան քառօրյայի, 2018 թ. երաշտի ժամանակ և հետագայում Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնության համար:


M63B4804 copyԶրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց դաշինքի անդամ հանդիսացող Կլոր Սեղան հիմնադրամի գործունեությանը, որի համահիմնադիրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ընդգծվեց, որ այն տարիներ շարունակ, գործակցելով թեմերի և եկեղեցական կառույցների հետ, Հայաստանի տարբեր շրջաններում իրականացրել է զանազան օգտաշատ սոցիալական ծրագրեր` նպաստելով ժողովրդի բարօր ու բարգավաճ կյանքի կերտմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դաշինքի գլխավոր քարտուղարը խոսեցին նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի և այդ գործընթացում Հայ Եկեղեցու ներգրավվածության մասին: Նորին Սրբությունը ողջունեց դաշինքի առաջարկը ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի հետ համաժողով անցկացնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:

Այցի ընթացքում «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարկը հանդիպել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկել արտակարգ իրավիճակներում` Դաշինքի աջակցությամբ Կլոր սեղան հիմնադրամի իրականացրած ծրագրերը:

 

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը գործընկերների կարողությունների զարգացում ծրագրի շրջանակներում իրականացնում է վերապատրաստման դասընթացներ Նախապատրաստվածություն և արագ արձագանքում աղետներին թեմայով հոգևորականների և սոցիալական կենտրոնների աշխատակիցների համար: Վերապատրաստման դասընթացները իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ սերտ համագործակցությամբ:


Հոգևորականների խումբը Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ Արցախը, աջակցում են հիմնադրամին և գործում են արտակարգ իրավիճակներում ինչպես արագ արձագանքման, այնպես էլ զարգացման փուլերում, կիրառում են սոցիալ հոգեբանական աջակցություն արձագանքման գործողություններում, առաջնորդվում են միջազգային ստանդարտներով և կանոնակարգերով:


ՀԿՍ-ի գործընկերները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների և աշխատանքային հանդիպումների, պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել իրենց գործընկերներին և շահառուներին:

Երևանում ավարտվեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) հնգօրյա դասընթացավարների վերապատրաստման սեմինարը՝ մարդասիրական օգնության նոր մեխանիզմների վերաբերյալ: Տարածաշրջանային վերապատրաստման դասընթացի հյուրընկալող կողմը Եկեղղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամն էր՝ որպես ACT Alliance-ի հայաստանյան ֆորումի մասնակից:

Երևանյան դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Դանիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից, Մակեդոնիայից, Նորվեգիայից, Սերբիայից և այլ երկրներից: Դասընթացն անցկացնում էին ACT Alliance-ի մարդասիրական ծրագրերի պատասխանատու Քրիստոֆ Առնոլդը և դաշինքի քարտուղարության ներկայացուցիչ Յանա Շրյոդերը: Նման դասընթաց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքն անցկացնում է աշխարհի տարբեր վայրերում:

Անցած յոթ ամսվա ընթացքում ACT Alliance-ը վերանայել է մարդասիրական օգնության մեխանիզմները և սկսել է իր անդամների հետ կիսել այդ բարդ և երկարատև գործընթացի պտուղները: Վերանայման նպատակը եղել է ճգնաժամերի և աղետների ազդեցության տակ գտնվող համայնքներին հասցվող օգնությունը և դրա որակը և արագությունն ավելի արդյունավետ և ժամանակի պահանջներին ավելի համապատասխան դարձնելը:


Նոր մեխանիզմի շնորհիվ դաշինքն ակնկալում է վերացնել ստանդարտ մարդասիրական գործընթացները և որդեգրել անհատական ռազմավարություն յուրաքանչյուր վայրում օգնություն տրամադրելու համար: Պարզեցվել և ավելի արդյունավետ են դարձել արձագանքման գործիքները և վարչարարական գործընթացները: Առցանց հարթակի շնորհիվ այսուհետև օգնության ռեսուրսներն ավելի հասանելի են լինելու անդամների համար: Այսուհետև դաշինքի մարդասիրական աջակցությունը հիմնված է լինելու Մարդասիրական հիմնարար չափանիշների (Core Humanitarian Standard (CHS)) վրա, և մարդասիրական շահերի պաշտպանությունը դառնալու է արձագանքման գործընթացի մի մասը:

Դասընթացի հիմնական նպատակներն էին մասնակիցներին՝ ապագա դասընթացավարներին, հանգամանալից բացատրել ACT Alliance-ի մարդասիրական նոր մեխանիզմը, ուժեղացնել նրանց և դաշինքի մյուս անդամների միջև գործնական կապը: Վերապատրաստման դասընթացի հեռահար նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի հետագայում արդեն դասընթացավար դարձած մասնակիցները ACT Alliance-ի ֆորումի մյուս անդամներին և իրենց կազմակերպությունների աշխատակիցներին փոխանցեն դասընթացից ստացած գիտելիքը և փորձը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները հատուկ վարժությունների միջոցով ծանոթացան առանձնահատուկ արտակարգ իրավիճակներին արձագանքելու նոր գործիքներին և գործընթացներին: Դասընթացը ներառում էր նաև փորձի փոխանակում, քննարկումներ և խմբային աշխատանք: Ապագա դասընթացավարները տեղում գործնականում ծանոթացան նաև դաշինքի նոր առցանց գործիքակազմին:Ամփոփելով դասընթացից ստացած տպավորությունները և արձագանքները՝ Քրիստոֆ Առնոլդն ասաց. «Մասնակիցները բացի գիտելիք ստանալու նաև հիանալի ժամանակ անցկացրեցին: Նրանց խոսքով՝ դասընթացը դասախոսության, խմբային աշխատանքի և վարժությունների հաճելի համադրություն էր: Դասընթացը նաև ապահովել է մասնակիցների միջև ակտիվ շփում, բազմաթիվ քննարկումներ: Այն, ըստ մասնակիցների նաև հիանալի հնարավորություն էր Եվրոպայի տարբեր կազմակերպությունների համար միմյանց հետ ծանոթանալու և աշխատելու առումով»:Դասընթացի օրերին մասնակիցներն այցելեցին Կլոր սեղան հիմնադրամի արագ արձագանքման ծրագրերի շրջանակում աջակցություն ստացած սիրիահայ ընտանիքների, հանդիպեցին մասնագիտական հմտությունների դասընթացներին մասնակցած սիրիահայերի հետ, քննարկեցին նրանց հուզող հարցերը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ ՏոնոյանինԱմենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ընդգծելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հանգամանքում բերած օգտաշատ ծառայությունը և անսակարկ նվիրումը Հայրենիքին ու ժողովրդին:

Հայոց Հովվապետն անդրադարձավ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների մարդասիրական համակողմանի ու հաճախ անձնուրաց գործունեությանը՝ ուղղված արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքի փրկությանն ու անվտանգության ապահովմանը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԱԻ նախարարության ողջ անձնակազմին՝ բարձրորեն գնահատելով իրականացվող նվիրյալ, հանձնառու ու նախանձախնդիր սպասավորությունը:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց նաև առկա սերտ համագործակցությունը Հայ Եկեղեցու տարբեր թեմերի ու կառույցների և ՀՀ ԱԻ նախարարության միջև՝ շեշտելով դրա արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Հայոց Եկեղեցու թեմերի և Մայր Աթոռում գործող «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացված վերապատրաստման ծրագրերի, տարբեր աղետների ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության և տուժածների հոգևոր խնամքի մասին` պատրաստակամություն հայտնելով շարունակել զորակցել նախարարության առաքելությանը:

Տոնոյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքերը: Նախարարը մասնավորաբար անդրադարձավ ապագա ծրագրերին: Անդրադառնալով նախարարության կողմից ի նպաստ ազգաբնակչության ձեռնարկվող բազմաբնույթ միջացառումներին` նախարարը արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում կարևորեց նաև հոգևոր սպասավորների դերակատարությունը: Վերջում Գարեգին Բ Հայրապետը հաջողություն մաղթեց նախարարին իր կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար:

Աղբյուրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper