Նորություններ

Հունվարի 10-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի անձնակազմը մասնակցեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կազմակերպված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հանդիպմանը: Այն տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:


Միասնական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրաշատ տոների առիթով` վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը՝ իբրև մեկ ընտանիք, համախբված Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ, նոր տարում շարունակելու է իր գործուն նպաստն ու ներդրումը բերել Ս. Էջմիածնի առաքելության իրականացման սրբազան գործում:


Պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Մայր Աթոռի երիցագույն աշխատակիցներից տիար Նորայր Խաչատրյանը: Վերջինս ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետի 20-ամյա գահակալության տարիներին հետևողական կերպով իրագործվել են բազմաթիվ ծրագրեր քարոզչական, կրթական, սոցիալական և եկեղեցաշինության ոլորտներում: Պրն. Խաչատրյանը Նորին Սրբությանը բարեմաղթեց ուժ, եռանդ և հաստատակամություն ազգի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար:


Այնուհետև Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորեց և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


Նորին Սրբությունը, իր ուրախությունը հայտնելով ավանդական դարձած հանդիպման կապակցությամբ, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակազմին նվիրյալ ծառայության համար, որի շնորհիվ արդյունավորվում է Ս. Էջմիածնի առաքելությունը, պայծառանում Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը:


Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց տարվա ընթացքում նախանշվող կարևոր ծրագրերին: Մասնավորապես, 2019 թվականը Ընտանիքի տարի հռչակելու առիթով Մայր Աթոռի կողմից կանցկացվեն հասարակության մեջ ընտանիքի արժևորման, ընտանեկան արժեքների և ամրության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Նորին Սրբությունը տեղեկացրեց ընթացիկ տարում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, Մայր Տաճարի ու Վեհարանի հիմնանորոգության աշխատանքների և եկեղեցական նոր ծրագրերի մասին: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ իրենց կյանքում:

 

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ ՏոնոյանինԱմենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ընդգծելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հանգամանքում բերած օգտաշատ ծառայությունը և անսակարկ նվիրումը Հայրենիքին ու ժողովրդին:

Հայոց Հովվապետն անդրադարձավ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների մարդասիրական համակողմանի ու հաճախ անձնուրաց գործունեությանը՝ ուղղված արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքի փրկությանն ու անվտանգության ապահովմանը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԱԻ նախարարության ողջ անձնակազմին՝ բարձրորեն գնահատելով իրականացվող նվիրյալ, հանձնառու ու նախանձախնդիր սպասավորությունը:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց նաև առկա սերտ համագործակցությունը Հայ Եկեղեցու տարբեր թեմերի ու կառույցների և ՀՀ ԱԻ նախարարության միջև՝ շեշտելով դրա արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Հայոց Եկեղեցու թեմերի և Մայր Աթոռում գործող «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացված վերապատրաստման ծրագրերի, տարբեր աղետների ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության և տուժածների հոգևոր խնամքի մասին` պատրաստակամություն հայտնելով շարունակել զորակցել նախարարության առաքելությանը:

Տոնոյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքերը: Նախարարը մասնավորաբար անդրադարձավ ապագա ծրագրերին: Անդրադառնալով նախարարության կողմից ի նպաստ ազգաբնակչության ձեռնարկվող բազմաբնույթ միջացառումներին` նախարարը արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում կարևորեց նաև հոգևոր սպասավորների դերակատարությունը: Վերջում Գարեգին Բ Հայրապետը հաջողություն մաղթեց նախարարին իր կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար:

Աղբյուրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper