Նորություններ

Արագածոտնի թեմի Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի 14 երիտասարդներ Սաղմոսավանքի սոցիալական կենտրոնում հանդես եկան «Թափոնները մեր կյանքում» թատերական ներկայացումով։ Ներկայացումը կրում էր ինտերակտիվ-ուսուցողական բնույթ: Հանդիսատեսը, որոնց մեջ էին Սաղամոսավանի բնակիչները և ուխտավորները, ակտիվորեն ներգրավեցին գործողությունների մեջ։ Ներկայացման ընթացքում ներկաները ստացան գիտելիքներ թափոնների, դրանց տեսակների, բացասական ազդեցությունների և քայքայման ժամկետների մասին։ 


Թեմայի արդիականությունը, կենդանիների և թափոնների վառ ու գունավոր կերպարները, Կենտրոնում տարբեր թափոններից պատրաստված ծառերը, իրենց բնական տեսքով ստեղծում էին անտառային տրամադրություն՝ այն, ինչի շուրջ ծավալվում էին ներկայացման գործողությունները։
Ներկայացման ավարտին երեխաները հանդիսատեսին ցուցադրեցին այն իրերը, որոնք կարելի է պատրաստել թափոններից և որոշ չափով լուծել բնության աղտոտվածության խնդիրը՝ թղթից պատրաստված զարդեր, պոլիէթիլենային տոպրակներից զարդատուփեր, պայուսակներ, պլաստիկից և ապակե շշերից պատրաստած կենցաղային իրեր և այլն: 

Ներկաներից ոմանք շնորհակալական խոսք հայտնեցին՝ նշելով, որ թերևս շատ ներկայացումներ են դիտել, բայց այս մեկը լավագույնն էր իրենց ամբողջ կյանքում: Ներկայացման ավարտից հետո երեխաներն ուղևորվեցին Սաղմոսավանք, որտեղ մասնակցեցին ժամերգության: Ավարտին երեխաների մի մասը, ավանդույթի համաձայն, սկսեց նկարել եկեղեցին իսկ մյուսները կազմակերպեցին ակտիվ հանգիստ՝ ներգարվվելով տարբեր խաղերի մեջ:

ԱԻՆ ներկայացուցիչները ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող Արագածոտնի թեմի Աշտարակ քաղաքի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում իրականացրեցին հերթական հանդիպում-դասընթացը, որը նվիրված էր հրդեհների ժամանակ իրականացվելիք անհրաժեշտ գործողություններին։ Արագածոտնի մարզի Փրկարարական վարչության աշխատակիցներ` պարամեդիկ ենթասպա Նվարդ Օհանյանը և կապիտան Հրանտ Մուրադյանը «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում իրականացրեցին դասընթաց, նվիրված արտակարգ իրավիճակների ժամանակ իրականացվող գործողություններին և տուժածներին տրամադրվող առաջին օգնության ձևերը:


Պատրաստված էր սցենար, որը ենթադրում էր Կենտրոնում ստեղծել արտակարգ իրավիճակ և արդյունքում առաջացնել տարհանման անհրաժեշտություն։ Եվ այդ ընթացքում, առաջացած խուճապի հետևանքով, ունենալ երկու տուժած երեխա։

Հատկապես վերջին ժամանակներում բավականին հաճախ են արտակարգ իրավիճակներն աշխարհի տարբեր երկրներում, բացառություն չի կազմում նաև մեր հանրապետությունը: Յուրաքանչյուր սխալ գործողություն կարող է ունենալ անդառնալի հետևանքներ:

«Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնին UMCOR Armenia հիմնադրամի կողմից տրամադրվել են կրակմարիչներ, և առաջին օգնության համար օգտագործվող դեղորայք, տոնոմետր և այլ առաջնային անհրաժեշտության պարագաներ:

Դասընթացավարները ներկայացրեցին տուժածներին որպես առաջին օգնություն ցուցաբերելու համար գործողությունները: «Տուժածներին» վիրակապելուց և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելուց հետո Կենտրոն այցելեց Արագածոտնի մարզի փրկարար ջոկատը և հայտարարեց տագնապ, որից հետո սկսվեց տարհանումը: Դրանից հետո փրկարարները ցուցադրեցին, թե ինչպես պետք է դուրս բերել տուժածներին և ինչ աջակցություն ցույց տալ նրանց։

Իրականացված գործողություններից հետո ԱԻՆ ներկայացուցիչը ցուցադրեց հակահրդեհային վահանակի բաղադրիչների կիրառման եղանակները:

Բժշկական հետազոտություններ Աշտարակի «Սուրբ Մարիանե»
սոցիալական կենտրոնում

«Սուրբ Մարիանե» կենտրոնում իրականացվեց 54 կանանց, նաև երիտասարդ աղջիկների բժշկական հետազոտություն: Նրանց զննեցին գինեկոլոգը, էնդոկրինոլոգը, իրականացվեց սոնոգրաֆիա և վահանաձև գեղձի հետազոտություն:

Կենտրոն այցելեց գինեկոլոգ Գայանե Ավագյանը և կանանց հետ անցկացրեց զրույց և խորհրդատվություն, որի ընթացքում կանայք իրենց հուզող հարցերն ուղղեցին բժշկին և ստացան սպառիչ պատասխաններ:

Ուխտագնացություն դեպի Վայոց Ձոր

Հոկտեմբերի վերջին «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի 30 անդամ կատարեց հերթական ուխտագնացությունը, այս անգամ դեպի Վայոց Ձոր: Մասնակիցների մեծ մասն առաջին անգամ էր այս վայրերում:
Առաջին ուխտավայրը Խոր Վիրապն էր, որտեղ Կենտրոնի հոգևոր պատասխանատուն ներկայացրեց այս եկեղեցու պատմությունը, խոսեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի և նրա հրաշագործությունների մասին:

Արենիում այդ օրն անցկացվում էր ամենամյա ավանդական գինու փառատոնը: Արենին հայտնի է իր բերքառատ այգիներով և աչքի է ընկնում գինու տեսականու բազմազանությամբ։ Կենտրոնի անդամների համար շատ հետաքրքիր էր տեսնել և մասնակցել գինու փառատոնին, համեմատել այն իրենց բնակավայրում` Աշտարակում այս տարի առաջին անգամ անցկացված գինու փառատոնի հետ, որի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցեց նաև «Սուրբ Մարիանե» կենտրոնը։
Նորավանքում ուղխտավորները ծանոթացան վանքի պատմությանը, միասին աղոթեցին:
Այս ուխտագնացության ընթացքում նախատեսված էր իրականացնել ընտրված տարածքներն աղբից մաքրելու բնապահպանական ակցիա, որի համար բերվել էին ձեռնոցներ, տոպրակներ: Վերադարձի ճանապարհին երկու տարածք մաքրվեց պոլիէթիլենային տոպրակներից, ապակե և պլաստմասե շշերից և այլ տեսակի աղբից:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում ավարտվել են վերակառուցման-վերանորոգման աշխատանքները՝ 3 փոքր սենյակը /որոնցից 2-ը նախկինում լուսամուտ չունենալու պատճառով օգտագործվել են որպես պահեստ/ վերակառուցվել, դարձել է 2 սենյակ, յուրաքանչյուրն ավելի մեծ մակերեսով, ավելի լուսավոր, նոր լուսամուտներով, դռներով, հատակով, լուսատուներով: Արդյունքում այսօր «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում արդեն գործում է 3 դասասենյակ երեխաների և ծնողների համար, ինչը բավականին արդյունավետ է դարձրել կենտրոնում իրականացվող աշխատանքները:


Ավելացել է ռուսերեն լեզվի դասավանդումը երեխաների և կանանց համար, և անգլերեն լեզվի` կանանց համար, բոլորն առայժմ կամավոր սկզբունքով:
Փոխվել է նաև շահառուների հաճախելիությունն ու տրամադրությունը` ավելի շատ մասնակիցներ են հաճախում կենտրոն և ավելի սիրով մասնակցում կենտրոնում կազմակերպվող դասընթացներին և միջոցառումներին:

Ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, Գավառի փախլավա, գաթա, կանեփով տոլմա, արևելյան քաղցրավենիք, համեմունքներ, Հաղարծնի մեղր, օշարակներ, մուրաբաներ էին ներկայացվել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (Կլոր սեղան) հիմնադրամի տաղավարում: «Բերքի փառատոն 2018»-ին իրենց աշխատանքները և բերքն էին ներկայացրել Ջրվեժի, Քարակերտի, Գայի, Աշտարակի, Գավառի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրաձորի սոցիալական կենտրոնները, սիրիահայերի աջակցության ծրագրերի մասնակից սիրիահայ կանայք:


Գավառի կենտրոնը, օրինակ՝ ներկայացրել էր հետաքրքիր և յուրօրինակ ապրանք՝ կանեփով տոլմա: Մեծ պահանջարկ ունեին սիրիահայ կանանց ներկայացրած քաղցրավենիքը, ձեռքի աշխատանքները՝ սպասքի վրա, Կլոր սեղան հիմնադրամի կենտրոնները նույնպես յուրաքանչյուր տարվա պես, ներկայացրեցին իրենց աշխատանքները: Թեմերում գործող կենտրոններում գործում են տարբեր խմբակներ, որոնց մասնակիցները հաճախ են տարբեր ցուցահանդեսներին և փառատոներին ներկայացնում իրենց աշխատանքները:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ հիմնադրված՝ Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի երեխաների և մեծահասակների համար կազմակերպվեց հերթական ուխտագնացություն` դեպի Երևանի հոգևոր և մշակութային վայրեր: Ուխտագնացությունն իրականացվել էր World Vision Armenia կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում՝ վերջինիս հովանավորությամբ: Պայմանավորվածություն էր ձեռք բերել Երևանի Մանկական պատկերասրահի ղեկավարության հետ այցելության համար, իսկ կենտրոն հաճախող կանայք և երեխաները խմորեղենի դասին պատրաստել էին խաչապուրի և ավանդական հայկական գաթա:

Միջոցառմանը մասնակցեցին «Սուրբ Մարիանե» կենտրոնի 37 շահառու կանայք, երեխաներ, ինչպես նաև աշխատակազմը և Կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Կատարվեց այցելելություն Արաբկիր համայնքի նորակառույց Սուրբ Խաչ և Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աննա եկեղեցիներ: Առաջինում` հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանան, և երկրորդում` Տեր Զենոն քահանան ուխտավորներին ծանոթացրեցին եկեղեցիների պատմությանը, կատարվեց միասնական աղոթք, իսկ երեխաները երգեցին Տերունական աղոթքը և մի քանի շարական, ստացան հոգևորականների օրհնությունը:
image7Մանկական ստեղծագործության պատկերասրահում երեխաները և մեծահասակները, մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էին աշխարհի տարբեր երկրների երեխաների ցուցադրված ստեղծագործություններին՝ նկարներին, քանդակներին, գորգագործության նմուշներին։ Մի քանի դահլիճում ներկայացված էին հայ երեխաների աշխատանքները: «Սուրբ Մարիանե» կենտրոնում երեխաները և կանայք մասնակցում են նկարչության դասընթացների, և Աշտարակ քաղաքում արդեն կազմակերպվել է նրանց նկարների ցուցահանդեսը: 
Պատկերասրահ այցելության նպատակն էր երեխաներին ծանոթացնել այլ երեխաների ստեղծագործություններին: Վերջում Տեր Փառեն քահանան և երեխաներից մի քանիսը իրենց տպավորությունների մասին գրեցին գրառումների գրքում: Ուխտագնացության ավարտին մասնակիցներն այցելեցին Երևանի հանրահայտ սննդի կետերից մեկը, որից հետո բարձր տրամադրությամբ վերադարձան Աշտարակ:

 

02.02Հունիսի 2-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացման արարողությունը: Սաղմոսավանի հայորդյաց տունը կառուցվել է Տեր և Տիկին Լևոն և Նադիա Քաբաբջյանների ազնիվ բարերարությամբ, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ու Արի կանանց փոխադարձ օգնության միության օժանդակությամբ:


Արարողությանը ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, Արագածոտնի թեմում սպասավորող հոգևորականները, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը, Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները և այս առիթով Հայաստան ժամանած Քաբաբջյան ընտանիքի անդամները:
Արարողությունն սկսվեց օրհնության կարգով, ապա ամենքը «Քրիստոֆ Արմեն Քաբաբջյան» սրահում ներկա գտնվեցին այս առիթով կազմակերպված միջոցառմանը:


02.03Բացման խոսքով հանդես եկավ Սաղմոսավանքի և Նոր Եդեսիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Օշին քահանա Հայրապետյանը: Այնուհետև խոսք ասաց բարերար Նադիա Քաբաբջյանը՝ անդրադառնալով նորակառույց հայորդյաց տան կառուցմանը՝ ի հիշատակ իր որդու՝ Քրիստոֆ Քաբաբջյանի: Տիկին Քաբաբջյանը նաև շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ իրենց խնդրանքին ընդառաջելու և այս մտահաղացմանը ցուցաբերած աջակցության համար: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը և Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը:


Ազգագրական երգերի ու պարերի կատարումներով հանդես եկան Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տան, Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի, Սաղմոսավանի «Տաթև» համույթի սաները: Հանդիսության ավարտին ներկաներին ողջունեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը: Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև Կլոր սեղան հիմնադրամին ու Քաբաբջյան ընտանիքին Սաղմոսավանի հայրոդյաց տան կառուցմանը բերած իրենց անգնահատելի աջակցության համար: Սրբազանն այդ կապակցությամբ նաև իր շնորհակալությունը հայտնեց մարզային իշխանություններին՝ ի դեմս մարզպետ Աշոտ Սիմոնյանի, և շինարար Գագիկ Կարապետյանին:

02.13Միջոցառումն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նշեց, որ երեխաներին է ընծայաբերվում մի նոր կենտրոն՝ հայորդյաց տուն, որտեղ Սաղմոսավանի մանուկներն ու պատանիները պետք է ճանաչեն Աստծուն, ընդունեն Նրա պատգամներն ու պատվիրանները և կրթական հաստատության հարկի ներքո զարգացնեն ու զորացնեն իրենց տաղանդները՝ դառնալով արժանավոր զավակներն ազգի, հայրենիքի և մեր սուրբ Եկեղեցու: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Սաղմոսավանի հայորդյաց տունը Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու համայնքներում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող 10-րդ նույնաբնույթ կրթական հաստատությունն է: Վեհափառ Հայրապետը հայորդյաց տան բացման կապակցությամբ իր բարձր գնահատանքը փոխանցեց բարերարներին, Կլոր սեղան հիմնադրամին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել կրթօջախի կառուցման գործում:


Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով հայցեց, որ Տերն Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ պահի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովրդին: Վերջում Գարեգին Բ Հայրապետը՝ ուղեկցությամբ Մկրտիչ Սրբազանի և բարերարների, շրջեց նորակառույց հայորդյաց տանը և ծանոթացավ մանուկների համար ստեղծված պայմաններին:

Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգ:

 

 

Արդեն երեք տարի է, ինչ Աշտարակ քաղաքում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործում է Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» համայնքային զարգացման կենտրոնը: Կենտրոնն այսօր աշխատում է համայնքի մոտ 85 ընտանիքի ու դրանց դպրոցահասակ երեխաների հետ և բաց է բոլոր այն անդամների համար, ովքեր ունեն շփման, համագործակցության, խորհրդատվության կարիք, ցանկություն զարգացնելու սեփական կարողություններն ու հմտությունները, մասնակցել ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի հանդիպումներին և զրույցներին ու ճանաչել Աստծուն:

2017 թ. դեկտեմբերի 1-ին Աշտարակի Գյուլամերյան Հայորդյաց տանը տեղի ունեցավ «Սուրբ Մարիանե» կենտրոնի հաշվետու միջոցառումը: Միջոցառման նպատակն էր ծանոթացնել համայնքին, գործող կառույցներին կենտրոնի գործունեությանը: Միջոցառմանը կենտրոնի երեխաները ներկայացրեցին իրենց առօրյան, պատմեցին կենտրոնում երեխաների և մեծահասակների համար կազմակերպվող և գործող բոլոր դասընթացների և խմբակների, իրենց մանկավարժների և իրականացվող միջոցառումների մասին: Միջոցառմանը ներկայացված էր «Սուրբ Մարիանե» կենտրոնի աշխատանքների 2 ցուցադրություն՝ ձեռքի նկարների և «Նոր կյանք թափոններին» ծրագրի շրջանակներում կենտրոնի կանանց և երեխաների կողմից թափոններից պատրաստած հուշանվերների ցուցահանդեսը:


Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի հոգևորականները, ծրագրի հովանավորներն ու բարերարները, ՏԻՄ ներկայացուցիչներ, կենտրոնի ամբողջ անձնակազմը, ծրագրի մասնակիցները և համայնքի ներկայացուցիչները: Կենտրոնի երեխաներին ողջունեցին Հայորդյաց տան պարի և դհոլի խմբակների սաները: Դա կենտրոնների առաջին համագործակցությունն էր, իսկ երեխաների` առաջին համատեղ ելույթը:

 

Նոյեմբերի 24-ին, Արագածոտնի թեմի Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցու երիցատան սրահում, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵՀԽ Կլոր սեղան հիմանդրամի հետ համագործակցաբար իրականացվող «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, նախագահությամբ ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանի, տեղի ունեցավ ծրագրի արդյունքում ձեռք բերված փորձի և ձեռքբերումների փոխանակման հանդիպում Արագածոտնի թեմում իրենց ծառայությունն իրականացնող արժանապատիվ քահանա հայրերի հետ:

Հանդիպման սկզբում Սրբազան Հայրը ներկայացրեց ծրագրի պատմությունը, ունեցած հաջողություններն ու զարգացման ընթացքը, որից հետո ծրագիրը Աշտարակի տարածաշրջանում իրականացրած Արժանապատիվ Տեր Մկրտիչ քհն. Երանյանը իր փորձառությունը կիսեց ծառայակից հոգևորականների հետ:

Հանդիպմանը ներկա էին ՔԴԿ ծրագրերի գծով փոխտնօրեն Ելենա Հարությունյանը, Բարեշնորհ Հովհաննես սրկ. Մանուկյանը, Կլոր Սեղան հիմնադրամի ներկայացուցիչ Ղարիբ Հարությունյանը և Աշտարակի տարածաշրջանի պատասխանատու Աննա Վարդանյանը:

Աղբյուրը` http://armchurch.info/

 

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper