Նորություններ

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից՝ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցությամբ, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում կայացավ հանդիպում՝ Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների հետ: Հանդիպման նպատակը սիրիահայ ուսանողությանը կրթաթոշակային հնարավորություններին ծանոթացնելն էր: Մասնակիցները ծանոթացան կառույցներին, կիսեցին կրթաթոշակային ծրագրերի դիմելու իրենց փորձը և փոխանակեցին հավելյալ տեղեկություններ:

DSC 1949


Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում կազմակերպվող փրձնակության ծրագիրը՝ նախատեսված սիրիահայ ուսանողների և շրջանավարտների համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր չունեն կամ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ, անցնել 2-ամսյա վճարովի մասնագիտական պրակտիկա՝ Հայաստանի առաջատար ընկերություններում և կազմակերպություններում, ինչը հնարավորություն է տալու երիտասարդներին ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկային՝ արդեն ունենալով մասնագիտական փորձ:

DSC 2004
Միջոցառման ավարտին ներկաները համտեսեցին նաև «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Ալեպպո քյուզին» կենտրոնի ուտեստները, որի ընթացքում էլ շարունակվեց քննարկումը՝ հարցուպատասխանի տեսքով առավել ջերմ մթնոլորտում:

DSC 1961
Ծրագրի անբաժան մասն են կազմում Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներն ու մասնագիտական հմտությունների բարելավումը, որոնց շնորհիվ ապահովվում է նրանց կապը հայաստանյան աշխատաշուկայի հետ:

Հարգելի´ սիրիահայ կանայք և երիտասարդներ,
Եկեղեցիների համաշխարհային խրհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն «Արժանապատիվ կյանք սիրիահայերի համար» ծրագրի շրջանակում մրցույթ է հայտարարում՝ մասնակցելու հրուշակեղենի և տորթերի պատրաստման և ձևավորման դասընթացի: Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր նախկինում մասնակցել են նման դասընթացների և ունեն որոշակի փորձառություն և ցանկություն ունեն դասընթացի ավարտից հետո աշխատել ծրագրի շրջանակներում՝ անցնելով եռամսյա փորձաշրջան:
Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճեները կարող եք ուղարկել հետյալ հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժ. 18:00:

- Անձնագիր,
- Դասընթացի մասնակցության սերտիֆիկատ:

Հեռ.՝ 055/ 096 062627, 010 517157
Տեղերը սահմանափակ են:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ, սիրիահայ և տեղացի երիտասարդներն այցելեցին Երևանի մանկատներից մեկը։

IMG 1884


Նախքան այցելությունը երիտասարդները պատրաստեցին մի քանի արևելյան կերակրատեսակ՝ մանկատան սաներին արևելյան խոհանոցի յուրահատուկ ուտեստներին ծանոթացնելու համար։ Մանկատանը երիտասարդները ծանոթացան տարբեր տարիքային խմբերի պատկանող երեխաների ու կենտրոնի անձնակազմի հետ և ջերմ մթնոլորտում միասին համտեսեցին պատրաստված կերակուրները։ Երեխաներին ուրախացրեց այն փաստը, որ կերակուրները պատրաստվել էին անձամբ երիտասարդների կողմից։ Միասին ճաշելուց հետո այցելության մասնակիցները, շրջելով կենտրոնի տարբեր սենյակներով, քաղցրավենիք բաժանեցին մանկատան մյուս սաներին։


Երեխաներն այցելության մասնակիցների հետ կիսեցին իրենց երազանքներն ու նպատակները։ «Եթե մենք երբևէ սիրվել ենք մեր ընտանիքի կամ սիրելիների կողմից, ապա մենք ևս պարտավոր ենք այդ նույն սերն ու կարեկցանքը փոխանցել մեկ ուրիշին: Իմ սիրտը ջերմացավ և շոյվեց այդ երեխաներով, որոնց մենք հանդիպեցինք: Նրանք վերահաստատեցին այն միտքը, որ կյանքում ամենակարևորն այն է, թե որքան սեր ենք մենք դնում ամեն գործի մեջ: Անկասկած, շատ ավելի հաճելի է մի բան տալը, քան ստանալը», - նշում է այցի կազմակերպիչ Սերլի Թեքայանը:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, սիրիահայ և տեղացի երիտասարդների մի խումբ այցելեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: Մասնակիցները դիտեցին Հ. Պարոնյանի «Երկու տերով ծառա մը» կատակերգությունը, որը մեծ տպավորություն թողեց նրանց վրա:


Մասնակիցներից մեկը նշեց. «Ես այսօր առաջին անգամ Հայաստանում թատրոն այցելելու հնարավորություն ունեցա և մեծ ոգևորությամբ դիտեցի «Երկու տերով ծառա մը» ներկայացումը․ նրանց գործը պարզ ու հասկանալի էր, բայց միևնույն ժամանակ խորը իմաստ ուներ և ներկայացումից ստացած շատ դասեր կարելի է կիրառել նաև իրական կյանքում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կլոր սեղան հիմնադրամին և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին՝ ներկայացմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու, իսկ Սերլի Թեքեյանին՝ ներկայացմանը հրավիրելու համար»։
«Ինձ շատ դուր եկավ այն, որ ներկայացումը արևմտահայերենով էր, քանի որ արևմտահայերենով կատակերգությունն ինձ համար ավելի հասկանալի և հետաքրքրիր էր»,- նշեց է մեկ այլ մասնակից։


«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի հոգևոր և հոգեբանական աջակցության միջոցառումների նպատակն է սիրիահայ երիտասարդների մշակութային և հոգևոր արժեքների հարստացումը: Այդ նպատակին լավագույնս ծառայեց նաև սիրիահայ և տեղացի երիտասարդների այցելությունը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն:

Կայացավ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկտարյա արդյունքների ամփոփումը:


Հանդիպմանը ներկա էին գործընկեր կառույցների ներկայացուցիչներ`«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ից, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակից, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունից, «Հայկական բարեգործական ընդհանուր միությունից» (ՀԲԸՄ), «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ից, «Միջազգային համագործակցության խնայաբանկերի հիմնադրամ»-ից, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, ծրագրի շահառու երիտասարդներ և այլ հյուրեր:


Ներկաների առջև ողջույնի խոսքով հանդես եկավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը: Նա շնորհակալություն հայտնեց Կլոր սեղան հիմնադրամին՝ երիտասարդական այս մեծ կարևորություն ունեցող ծրագրի աջակցության համար: Տկն. Բալխյանը շնորհավորեց ծրագրի շահառու այն երիտասարդներին, ովքեր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մասնակցել են տարբեր դասընթացների և բարեհաջող ավարտել այն: Հիմնադիր նախագահը հորդորեց երիտասարդներին էլ ավելի նպատակասլաց լինել և հասնել նորանոր հաջողությունների:


Անի Բալխյանի ելույթից հետո ցուցադրվեց տեսաֆիլմ՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում՝ 2018 թ. մարտ ամսից մինչև 2019թ. մայիս ամիս իրականացված գործունեության մասին:


Տեսաֆիլմից հետո, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանն ամփոփ ներկայացրեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը, ձեռքբերումներն ու մեկ տարվա ընթացքում առաջադրված թիրախային նպատակների իրականացումը։


Հաջորդիվ կրկին ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված ապրիլի 11-14-ը Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ կայացած՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների սեմինարի մասին, որն իրականացվել էր վերոհիշյալ ծրագրի շրջանակում:


Այնուհետև, ծրագրի շրջանակում հաշվապահական, ճարտարապետական Autodesk Revit, TOEFL և Premier Pro դասընթացների, ինչպես նաև համալսարանական կրթավճար ստացած մի քանի մասնակիցներ ցանկություն հայտնեցին արտահայտել իրենց խոսքը և երախտագիտությունը ծրագրի կազմակերպիչներին՝ իրենց նման հնարավորություն ընձեռելու և ստացած տեսական ու գործնական գիտելիքների կապակցությամբ։


Վերոնշյալ դասընթանցերի հավաստագրերի հանձնման համար բեմ հրավիրվեցին «Սքիլլշոփ» և «Էդուքեյշնլ փլանետ» ուսումնական կենտրոնների և «Այ Սի Էլ Թի» լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնի ներկայացուցիչները։


«Սքիլլշոփ» ուսումնական կենտրոնի տնօրեն Արեգ Քեշիշիանը բարձր գնահատեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի համատեղ գործունեությունը՝ ծրագրի շրջանակներում սիրիահայ երիտասարդներին տրվող հնարավորությունների ու հեռանկարների համար, որին հետևեց ճարտարապետական Autodesk Revit դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնումը:


Ելույթով հանդես եկավ նաև «Էդուքեյշնլ փլանետ» ուսումնական կենտրոնի տնօրեն Ռուզաննա Ալեքսանյանը։ Վերջինս մատնանշեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կարևորությունը սիրիահայ երիտասարդների տեսական և գործնական գիտելիքների ձեռքբերման և Հայաստանում աշխատանք գտնելու գործում: Տիկին Ալեքսանյանն իր գոհունակությունը հայտնեց նոր ու հաճելի ծանոթությունների կապակցությամբ և խրախուսեց սիրիահայ երիտասարդներին գործնականում օգտագործել հաշվապահական դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները, որին հետևեց դասընթացի մասնակցիների հավաստագրերի հանձնումը:


Այնուհետև խոսքը տրվեց «Այ Սի Էլ Թի» կենտրոնի ներկայացուցիչ Ալլա Իվանյանին, ով մեծ հանդիսավորությամբ TOEFL-ի դասընթացի մասնակիցներին հանձնեց հավաստագրերը և իր շնորհակալությունը հայտնեց ծրագրի կազմակերպիչներին, մասնակիցներին էլ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ըստ իրենց կենտրոնի կարգախոսի՝ “Learn for life”- Սովորիր կյանքի համար:


Հավաստագրերի հանձնումից հետո ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը մատնանշեց ծրագրի շրջանակում իրենց առջև դրված նպատակների լիարժեք իրականացումը, իր խորին շնորհակալությունը հայտնեց ծրագրի իրականացմանն աջակցող կառույցներին, ծրագրի մասնակիցներին և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ՝ կյանքի կոչելով նորանոր ծրագրեր՝ ուղղված Հայաստանում սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացմանն ու կայացմանը:


«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացումը, կրթաթոշակների և ֆինանսական աջակցության տրամադրումը, ինչպես նաև հոգևոր-հոգեբանական աջակցությունը: 2018 թ. մարտ ամսից ի վեր, ավելի քան 250 սիրիահայ, իրաքահայ և տեղացի երիտասարդներ իրենց մասնակցությունն են ունեցել ծրագրի տարբեր դասընթանցերին և միջոցառումներին:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում սիրիահայ և տեղացի երիտասարդների համար կազմակերպվել էր այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Մասնակիցների համար մեծ առիթ էր վայելելու հայ մեծ նկարչի գործերը և գտնվել նրա արվեստանոցում:


Մարտիրոս Սարյանն ասել է. «Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին և առանց հարազատ հողի, հայրենիքի սերտ կապի, չես կարող գտնել ինքդ քեզ, քո հոգին»: Մենք այս խոսքերը վերապրեցինք նրա ամեն մի նկարի և ամեն մի գունային ջերմության մեջ,-նշում է այցի կազմակերպիչ Սերլի Թեքայանը:


Մասնակիցները մեծապես հիացած էին մշակութային այդ գլուխգործոցներով: Շատերի համար այցելությունը Սարյանի տուն-թանգարան առաջին անգամ էր:


Մասնակիցներից մեկը նշեց. «Շատ տպավորված եմ թանգարանի գեղեցկությամբ, պարզությամբ, ներդաշնակությամբ և մթնոլորտով: Հուսով եմ, որ այս հրաշալի վայրը խնամքով կպահպանվի դարերով, և մեր հաջորդ սերունդները հնարավորություն կունենան ծանոթանալու ոչ միայն այս լուսավոր ներկայացուցչի` Մ. Սարյանի կյանքի և գործունեության, այլ նաև մեր պատմության և մշակույթի հետ»:


«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի՝ հոգևոր-հոգեբանական աջակցության միջոցառումների նպատակն է սիրիահայ երիտասարդների մշակութային և հոգևոր արժեքների հարստացումը, որոնց շարքում իր ուրույն դերն ունեցավ նաև Մ. Սարյանի տուն-թանգարան այցելությունը:

1ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի հոգևոր-հոգեբանական աջակցության շրջանակում, սիրիահայ և տեղացի երիտասարդների համար կազմակերպվել էր ֆիլմի դիտում, որն անցկացվեց «Հալեպ» ՀԿ-ի գրասենյակում:


Երիտասարդների համար նախապես ընտրվել էր ռեժիսոր Փիթեր Ֆարելլի նկարահանած՝ օսկարակիր «Կանաչ գիրք» ամերիկյան կատակերգություն-դրաման: Ֆիլմում ներկայացվում էին դրվագներ ընկերության, արժանապատվության և նվիրվածության մասին: Մասնակիցները ոգեշնչված էին ֆիլմով և ցանկություն հայտնեցին հետագայում ևս մասնակցել նման կինոդիտումների:


Կինոդիտման մասնակիցներից Նազիգ Աբէլիանը նշում է. «Ես, իսկապես, հաճույք ստացա «Կանաչ գիրք» ֆիլմից: Այն շատ հուզիչ էր, իմաստալից և միևնույն ժամանակ զվարճալի: Ֆիլմում հումորի միջոցով կարևորվում է յուրաքանչյուր մարդու նկատմամբ հարգանքը՝ անկախ ռասայական, գենդերային, կրոնական, տնտեսական և այլ սոցիալական կարգավիճակից: Ես վստահորեն խորհուրդ կտայի բոլորին դիտել այս ֆիլմը»:


Ֆիլմից հետո մասնակիցները սկսեցին ակտիվ քննարկել ֆիլմը, կիսվեցին իրենց տպավորություններով և կարծիքներ փոխանակեցին:
Կինոդիտումը կազմակերպվել էր սիրիահայ երիտասարդ Սերլի Թեքայանը, ով աջակցում է ծրագրի հոգևոր-հոգեբանական աջակցության միջոցառումների իրականացմանը, որի նպատակն է սիրիահայ երիտասարդների մշակութային և հոգևոր արժեքների հարստացումը:


«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականցվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր երիտասարդական միջոցառում: Սիրիահայ երիտասարդները հանդիպեցին Շվեդիայի «Մալմո» արտաքին գործերի ասոցիացիայի ուսանողական պատվիրակության հետ՝ քննարկելու Հայաստանում և Շվեդիայում սիրիացի փախստականներին վերաբերող հիմնահարցեր:

«Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը ողջունեց հյուրերին, ապա, «Մալմո» ասոցիացիայի անդամներին ներկայացրեց Հայաստանում սիրիացի փախստականների իրավիճակը: Բացման խոսքից հետո, պատվիրակության անդամները և սիրիահայ երիտասարդները սկսեցին ակտիվ քննարկում Սիրիայում շարունակվող հակամարտության, ամբողջ աշխարհում սիրիացի փախստականների կարգավիճակ և այն մարտահրավերների մասին, որ բախվում են սիրիացի փախստականները Շվեդիայում և Հայաստանում:


Հանդիպումը կազմակերպվել է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

DSC 0038«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ) Աղվերանում կազմակերպեցին 4-օրյա սեմինար Հայաստանի, Իրաքի և Սիրիայի երիտասարդների համար՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) վերաբերյալ:


Սեմինարի նպատակն էր երիտասարդներին տեղեկացնել ԿԶՆ-ի դերի մասին՝ փախստականների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, հասարակության և պետությունների զարգացման գործում, ինչպես նաև մասնակիցներին սովորեցնել ներկայացման և մոդերացիայի հմտություններ՝ հետագայում կիրառելու իրենց գիտելիքն ու հմտությունն իրենց համայնքներում: Սեմինարն անցկացրեցին Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) արտաքին կապերի պատասխանատու տկն. Անահիտ Հայրապետյանը և Գերմանիայի «Հաց աշխարհի համար» կազմակերպությունից ՝ գենդերի թեմայի ուղղվածությամբ դասընթացավար տկն. Էվա Էնգելհարդ Վենթը:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը մեկնարկեց անգլերենի TOEFL-ի (Test of English as a Foreign Language) դասընթացները՝ նախատեսված սիրիահայ փախստական այն երիտասարդների համար (ուսանողներ և շրջանավարտներ), ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպիսին է Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ):

Երկամսյա այս դասընթացը սիրիահայ երիտասարդներին զինելու է անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և մեթոդներով՝ TOEFL-ի քննությունը բարեհաջով կերպով հանձնելու համար, որը Հայաստանի ամերիկյան համալսարան և միջազգային մի շարք այլ կրթական ծրագրերին դիմելու պարտադիր պահանջներից մեկն է: Դասընթացը նաև ապահովելու է գործնական հմտություններով անգլերեն լեզվի մասնավոր դասեր տվող սիրիահայ երիտասարդներին և ընդլայնելու է նրանց ուսուցողական դասընթացների շարքը՝ ապագայում տրամադրելու նաև TOEFL-ի մասնավոր դասընթացներ:

Մասնակիցներից ավագ դպրոցի աշակերտ Սերենա Սուլուրիանը, ով ցանկանում է ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան, նշում է. «Ես նախապատրաստվում եմ ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան և անհրաժեշտություն ունեի պատրաստվելու TOEFL-ի քննությանը: Այս ծրագրի շնորհիվ այժմ կարող եմ չմտածել դասընթացի ծախսերի մասին և իրագործել նպատակներս»:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում սիրիահայ երիտասարդների հմտություններն ու ներուժը, առավել մրցակից դարձնել հայաստանյան աշխատաշուկայում՝ հնարավորություն տալով նրանց հասնելու իրենց աշխատանքային և կրթական նպատակներին:

Էջ 1, 4-ից

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436