Նորություններ

Աղվերանում մարտի 19-20-ն անցկացվեց «Կոնֆլիկնետրի փոխակերպում» խորագրով դասընթացավարների դասընթացը: Մասնակիցները սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, բուհերի աշխատակիցներ և կամավորներ էին: Նրանց ընտրել և հավանության են արժանացրել ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Իջևանում և Գյումրիում գործող սոցիալական կենտրոնների գործընկերները: Դասընթացի նպատակն էր դասընթացավարներին տրամադրել հիմնական գիտելիք՝ իրենց համայնքներում երիտասարդներին փոխանցելու համար: Դասընթացն իրականացավ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:


Ծրագրի միջոցով Կլոր սեղան հիմնադրամն նպատակ ունի ուժեղացնել տեղական և եկեղեցահեն կազմակերպությունների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան իրենց համայնքների երիտասարդներին փոխանցեն կոնֆլիկտների ոչ բռնի փոխակերպման հմտությունները: Դասընթացի համար Կլոր սեղան հիմնադրամը, Երևանի պետական համալսարանի և Swisspeace կազմակերպության փորձագետները մշակել են ձեռնարկ: Այն ստեղծվել է Հայաստանի Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների մասնակցությամբ և նրանց կարիքների մասնակցային գնահատման միջոցով: Աղվերանի դասընթացն իրականացրեց ձեռնարկի հեղինակներից մեկը՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը:

 

IMG 6017ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն ամփոփում է տարին: Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, երիտասարդներն այցելեցին Գյումրիի «Թռչունյան Տուն» կրթահամալիր-մանկատուն և «Երեխաների Տուն» հատուկ կարիքներով երեխաների մանկատուն: Երիտասարդները երեխաներին հաղորդեցին Սուրբ Ծնունդի խորհրդի կարևորությունը, նրանց հետ պատրաստեցին ամանորյա զարդեր, երգեր կատարեցին և բաժանեցին քաղցր նվերներ:


IMG 6178Այցի երկրորդ օրը երիտասարդները շրջայց կատարեցին ձմեռային Գյումրիի տեսարժան վայրերով, տեղեկացան քաղաքի պատմամշակութային կարևորության և ֆոլկլորի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև պատիվ ունեցան հյուրընկալվելու և օրհնություն ստանալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից: Սրբազան Հայրը երիտասարդների հետ մտերմիկ զրույցում հետաքրքրվեց նրանց մասին՝ Սիրիայում և Հայաստան տեղափոխվելուց հետո, իսկ մոտեցող տոների խորհրդի մասին խոսելիս Սրբազան Հայրը հատկանշական համարեց այն, որ Սուրբ Ծնունդով հայ եկեղեցին մեկնարկում է տարին, այլ ոչ թե ամփոփում, ինչն իմաստավորում է նոր սկսվող տարին:


«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «Հալեպ» հայրենակացական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը հաջողությամբ ավարտեց հումանիտար օգնության բաշխումը կարկտահարությունից առավել տուժած Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում:
Ծրագրի իրականացման շրջանակում 4260 մարդ ստացավ մեկական պարկ ալյուր և արևածաղկի ձեթ, որը կապահովի յուրաքանչյուր ընտանիքի սնունդն առաջիկա 3 ամիսների համար:


Ծրագրի իրականացմանն աջակցեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սոցիալական բաժինը՝ հանձին Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի, և նշված համայնքների հոգևոր հովիվները, ինչպես նաև՝ կամավորներ համայնքներից: Դսեղ, Ոսկեհասկ համայնքներում օգնության բաշխմանը մասնակցեցին նաև մարզպետարանների ներկայացուցիչները և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:

 

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք (ACT Alliance) կազմակերպության արագ արձագանքման ծրագրերի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դաշինքի հայաստանյան ֆորումի հետ համագործակցությամբ հումանիտար օգնության ծրագիր է իրականացնում Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում: Ծրագիրը հիմնված է կարկտահարությունից տուժած համայնքներին օգնելու վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության առաջարկի վրա:

Մարդասիրական օգնության բաշխումը մեկնարկեց Լոռու Դսեղ համայնքում: Մասնագետները հաշվի են առել փաստը, որ կարկուտն ու փոթորիկը ոչ միայն ոչնչացրել են բնակիչների բերքը, այլ նաև ջարդել տների տանիքներն ու պատուհանները: Դսեղ գյուղում 1795 բնակիչ արդեն ստացել է ալյուր և արևածաղկի յուղ պարունակող սննդի օգնության փաթեթները: Օգնության տրամադրման և համակարգման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության բաժինը՝ դեմս ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի:

Լոռու և Շիրակի մարզերի գյուղապետարանները աջակցում են ծրագրին՝ տրամադրելով շահառուների ցուցակները և մասնակցելով օգնության բաշխման գործընթացին: Հաջորդ շահառու համայնքները Շիրակի մարզից ընտրված բնակավայրերն են:

 

ՀԱԵ Շիրակի թեմի Գյումրիի Սոցիալ-կրթական կենտրոնում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում 20 երիտասարդների հետ կազմակերպվել էր ֆոկուս խմբային քննարկում: Հանդիպումը վարում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս դոկտոր Խաչիկ Գալստյանը: 


Մասնակիցները ներկայացրեցին իրենց ընկալումները կոնֆլիկտների և դրանց փոխակերպման ուղիների վերաբերյալ՝ նկարների, խմբային աշխատանքի և ընդհանուր քննարկման միջոցով: Ծրագրի շրջանակում կրթական պլան մշակելու նպատակով վերհանվեցին նաև մասնակիցների՝ կոնֆլիկտի փոխակերպման շրջանակներում առանջահերթ կարիքները: Հանդիպման ավարտին մասնակիցները հետաքրքրություն հայտնեցին կոնֆլիկտների փոխակերպման վերաբերյալ նախատեսվող դասընթացին մասնակցելու և իրենց գիտելիքներն այդ ոլորտում հարստացնելու համար: Դասընթացն իրականացել է «Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միություն» (HEKS EPER) հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Խաղաղության ձայնը» ծրագրի շրջանակում:

 

 

DSCN8188ՀԱԵ Շիրակի թեմի Գյումրիի Սոցիալ-կրթական կենտրոնում ԵՀԽ հայստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվեց քաղաքացիական լրագրությանը և տեսանյութ պատրաստելուն նվիրված մեդիա դասընթաց: 15 երիտասարդ հնարավորություն ստացավ ծանոթանալ լրագրության, և տեսանյութ պատրաստելու հիմնական հմտություններին և գործիքներին: Դասընթացը վարում էին «Ֆորմիկա» ընկերության տնօրեն Շահեն Նազարենկոն, «Ֆրեսկո» միջազգային փառատոնի արվեստի գծով տնօրեն` Աննա Կարապետյանը և «Երիտասարդ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ դասախոս Արման Ղազարյանը:


Դասընթացը երկօրյա ընթացքում հնարավորություն տվեց մասնակիցներին առանձնացնել լուսաբանման կարիք ունեցող մարզային և համայնքային խնդիրները, ծանոթանալ լրատվության աղբյուրների հետ աշխատելու մոտեցման հիմունքներին, տարբերել լրագրության ժանրերը և իմանալ, թե ինչպես մոնտաժել հեռուստատեսային նյութերը: Դասընթացի ավարտից հետո մասնագետների խորհրդատվությամբ իրականացվեցին գործնական աշխատանքներ Գյումրի քաղաքում:
Խումբն արդեն ստեղծել է յութուբյան ալիք և ֆեյբուքյան էջ, որտեղ մասնակիցներն արդեն հրապարակել են առաջին տեսահոլովակները:
Դասընթացն իրականացել է «Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միություն» (HEKS EPER) հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Խաղաղության ձայնը» ծրագրի շրջանակում:

 

 

 

 

Սիրով հրավիրում ենք մասնակցելու մեդիա դասընթացների` նվիրված լրագրությանը և տեսանյութ պատրաստելուն: Դասընթացները կօգնեն և կնպաստեն Ձեզ հասկանալու`

  • Ինչու՞ և ինչպե՞ս զբաղվել գրագետ քաղաքացիական լրագրությամբ և նպաստել սեփական համայնքի զարգացմանը:
  • Ինչպես պատրաստել տեսանյութեր և տարածել ինֆորմացիան ինտերնետային միջավայրում:
  • Ինչպես վերհանել համայնքների խնդիրները և բարձրացնել հանրային իրազեկությունը:
  • Դասընթացի ավարտից հետո կկայանա մրցանակաբաշխություն 3 անվանակարգերում (Լավագույն լրագրող, Լավագույն տեսանյութ և Լավագույն հարթակ) լավագույնները կստանան մրցանակներ: Դասընթացը նախատեսվում է անցկացնել 2 օրվա ընթացքում` ս.թ. հոկտեմբեր ամսին:

Դասընթացներն անվճար են:
Երկօրյա դասընթացները, անհրաժեշտության դեպքում, կարող են անցկացվել շաբաթ կամ կիրակի օրերին:

Դիմում ներկայացնելու կարգը և վերջնաժամկետը`

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ (https://goo.gl/forms/MZ5uV9KPOxfQHovH3) դիմում-հայտը՝ մինչև ս.թ. հոկտեմբերի 7-ը:
Ընտրված երիտասարդները կտեկեղացվեն հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակից Եսթեր Գրիգորյանին` հետևյալ հեռախոսահամարով ` +374-98-076-381:
Դասընթացին կարող են մասնկացել 18-25 տարեկան բոլոր ցանկացողները:
Ցանկալի է ունենալ Սմարթֆոն Android 4 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով, որը կունենա տեսաձայնագրելու հնարավորություն և ինտերնետային միացում:


Դասընթացի կազմակերպիչներն են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը:

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԵՐ ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն անցկացնում է անգլերենի դասեր իր աշխատակիցների, կամավորների և շահառուների համար: Դասընթացն ուղղված է մասնակիցների լեզվի ինքնուրույն յուրացմանը և սեփական հմտությունների զարգացմանը՝ ձեռք բերելով բազային գիտելիքներ քերականության և բանավոր խոսքում

Մասնակիցները սովորում և զարգացնում անգլերեն են բանավոր խոսքը՝ ազատ, անկաշկանդ մթնոլորտում, անգլերեն լեզվով քննարկումներին մասնակցելու միջոցով, որպեսզի ստանան ընդհանուր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումների, ընկերների հետ շփվելու, ճանապարհորդելու, ինչպես նաև ֆիլմերի և հաղորդումների դիտման համար:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Նոյեմբերի 18-ին ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը, «Վորլդ Վիժն» Գյումրիի Տարածքային Զարգացման Ծրագիրը, «Նոր Լույս» մենթորինգ կենտրոն երիտասարդների համար» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» հիմնադրամը և «Սրբազան հող» բարեգործական ՀԿ-ն իրականացրեցին բարեգործական միջոցառում՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Ելույթ ունեցավ Գյումրու ռոք դպրոցը: Համերգին հաջորդեց շնորհալի երիտասարդների ներկայացրած ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը և դիմանկարչությունը:

Բարեգործական միջոցառման նպատակն էր նպաստել երիտասարդության ստեղծագործական մղումներին, օգնել, որպեսզի տաղանդները բացահայտվեն, ինչպես նաև խթանել բարեգործությունը և ցուցահանդես վաճառքից ստացված հասույթը տրամադրել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԸ

Նոյեմբերի 22-ին ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ վարսահարդարման դասընթացի ավարտական քննությունը: Այս մասնագիտական դասընթացը կազմակերպվել էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Մեծահասակների կրթությանն ուղղված երկամսյա դասընթացի նպատակն էր քաղաքի 22 գործազուրկներին աջակցել նոր՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագիտական որակավորում ձեռք բերելու, ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ունենալու հարցում:

Վարսահարդարման դասընթացի ընթացքում մասնակիցները ստացել են տեսական գիտելիք և գործնական հմտություններ՝ ապահովված լինելով անհրաժեշտ նյութատեխնիկական պայմաններով:

Ավարտական քննության ժամանակ մասնակիցները ցուցադրեցին կտրվածքներ, տոնական և ամենօրյա սանրվածքներ, հարդարում, ձևավոր հարդարում և հյուսքեր՝ հավաստիացնելով դասընթացավարին և դասընթացի կազմակերպիչներին, որ վստահ կարող են մուտք գործել վարսահարդարների աշխարհ

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը հյուրընկալեց Սիրիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպս. Նալբանդյանին և FLY (Ազատասեր երիտասարդներ) կազմակերպության տնօրենին: Այցելության նպատակն էր օգնել կարիքի մեջ գտնվող երեխաներին: Բարերարները Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցների հետ այցելեցին Գյումրի քաղաքի մանկատներ: Մի քանի ամիս առաջ կատարած այցելության ժամանակ ճշտվել էին մանկատների երեխաների կարիքները, և այս անգամ արդեն նվերներով հյուրերը այցելեցին նրանց և  պարգևեցին երեխաներին ուրախություն ու անկեղծ ժպիտ: Բարերարները մանկատներին նվիրեցին անկողնային պարագաներ, գիշերային զգեստներ, տաք վերարկուներ, գլխարկներ, վզնոցներ, սպորտային  համազգեստ և սպասք:

Գյումրու Երեխաների տանը Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի և Տեր Արմաշ եպս. Նալբանդյանի ձեռամբ կատարվեց 124 երեխաների մկրտություն: Ներկա էին նաև Շիրակի մարզպետն ու քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք կնքահայր դարձան այս երեխաների համար: Առաջին անգամ կյանքում կնքահայր դարձան նաև Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղության անդամները:

Նվերներ ստացան նաև Սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոնի և «Ամենագետիկ» նախակրթարանի սաները, 13 շահառու ընտանիքում գտնվող երեխաները նվեր ստացան ձմեռային տաք վերարկուներ, հագուստ և կոշիկներ, սպորտային համազգեստ, խաղալիքներ, սննդի մեծ տոպրակներ, տնտեսական պարագաներ, քաղցրավենիքի տոպրակներ, հեծանիվ, սահնակ, սառնարան, ջրատաքացուցիչ և վառելափայտ: FLY կազմակերպությունը, Կարոլինի և սրբազանի գլխավորությամբ, իրականացրեց այս ընտանիքների վաղեմի և արդեն անհնար թվացող երազանքները:

Այս ընտանիքներից 21 երեխա մասնակցեց FLY-ի կազմակերպած հյուրասիրությանը «Պոնչիկ մոնչիկ» մանկական սրահում, ուր երեխաները խաղացին, 7D ֆիլմեր դիտեցին, հյուրասիրվեցին և պարեցին:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ «ԱՄԵՆԱԳԵՏԻԿ»-ՈՒՄ 

Նոյեմբերի 17-ին ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի նախակրթարանի սաները պատրաստվել էին «Ոսկե աշուն» խորագիրը կրող հանդեսին:

Բեմահարթակը  զարդարված էր աշնանային գույներով ու տերևներով, իսկ փոքրիկները փայլում էին իրենց դեղնադարչնագույն հագուստներով: Ողջույնի խոսքով հանդես եկավ նախակրթարանի դաստիարակը, որից հետո սաներն ասմունքեցին աշնանը նվիրված բանաստեղծություններ ու երգեցին երգեր հայերեն և անգլերեն լեզուներով:

ՀԱՍՄԻԿ ԲՈՅԱՋՅԱՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ-ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱԲԱԹ 2016

Նոյեմբերի 10-17 «Գյումրի` երիտասարդական մայրաքաղաք 2016» ծրագրի շրջանակում ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժինը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության և Գյումրիի քաղաքապետարանի հետ իրականացրեց «Երիտասարդական ուսանողական շաբաթ» ծրագիր:

Տեղի ունեցավ հանդիպում ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս Աջապահյանի հետ: Անցկացվեց «Երիտասարդական ֆորում» միջոցառումը՝ նպատակ ունենալով վեր հանել երիտասարդության հուզող հարցերի պատասխանները: Տեղի ունեցավ նաև երիտասարդ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Երիտասարդներն անցկացրեցին «Գյումրու երիտասարդական ինտելեկտուալ փառատոնը», որը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Սեփական խաղ» մրցույթներից։ Փառատոնին մասնակցում էր 25 թիմ Գյումրիից և Երևանից։ Անցկացվեցին նաև ֆոտբոլային հանդիպումներ երիտասարդական թիմերիԳյումրի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի թիմերի միջև:

Նոյեմբերի 15-ին Գյումրու բուհերի ուսանողները հանդիպեցին են Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանի և Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի հետ։ Մասնակիցները փորձեցին գտնել հուզող հարցերին լուծումները:

Միջոցառումների շարքը եզրափակվեց «Մաֆիա» խաղի առաջնությամբ և համերգային ծրագրով:

ԳՐԻՇԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՍՐԲԱԶԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբերի 4-ին՝ Սոցիալական աշխատողի միջազգային օրը, ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը իր դռներն էր բացել Գյումրի քաղաքի հասարակական կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող սոցիալական աշխատողների և սոցիալական ոլորտի աշխատակիցների առջև:

Նրանք հանդիպեցին ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի հետ, ստացան նրա հայրական օրհնությունն ու շնորհավորական ուղերձը: Սրբազան Հայրը հորդորեց ուժով զինվել և շարունակել այս դժվարին, բայց աստվածահաճո գործը: Գեղեցիկ օրվա առիթով մասնակիցները ստացան փոքրիկ, բայց հաճելի նվերներ:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper