Նորություններ

image2«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մեկնարկել է նոր դասընթաց: Ծրագրի շահառու սիրիահայ երիտասարդների խմբին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացին:

Դասընթացը հնարավոր է դարձել «ՀԱԼԵՊ» հայրենակցակական բարեսիրական հասարակական կազմակերպության և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցության շնորհիվ: Նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացն ուսումնասիրում է հաղորդակցությունը՝ որպես արվեստ և գիտություն: Այն մասնակիցներին սովորեցնելու է կենտրոնանալ առաջադրված նպատակներին և ողջ ուժերն ուղղել դրանց հասնելուն:

Դասընթացի հանդիպմանը ներկա էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը, որը նշեց, որ սիրիահայ երիտասարդների ինտեգրումը հայաստանյան հասարակությունում ծրագրի գերակա խնդրիրներից է, և լիահույս է, որ դասընթացն իր կարևոր դերը կունենա երիտասարդների ինքնազարգացման և համապատասխան աշխատանք գտնելու գործընթացում:

image1Հմուտ դասընթացավար Հակոբ Մակդիս Մուսոն նշեց, որ հազարավոր հաջողակ մարդիկ ամբողջ աշխարհով մեկ սովորել են նեյրո-լեզվաբանական ծրագրավորում (ՆԼԾ) և գիտակցել են, որ այն հետևողականորեն աջակցել է նրանց` հասնելու իրենց նպատակներին:

Վեց շաբաթ տևողությամբ դասընթացը օգտակար կլինի տարբեր մասնագիտություն և զբաղվածություն ունեցող մասնակիցների համար: Այն կօգնի ավելի արդյունավետ հաղորդակցվել գործընկերների հետ, հաղթահարել հաղորդակցության հետ կապված բոլոր խոչընդոտները և կյանքի ցանկացած բնագավառում հաջողութ

յան հասնել: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը:

image4«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկել է նոր դասընթաց: Այս անգամ ծրագրի շահառու սիրիահայ երիտասարդների խմբին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու Microsoft Office-ի խորացված վերապատրաստական համակարգչային դասընթացին։
Դասընթացը հնարավոր է դարձել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ:
Microsoft Office-ի դասընթացները կօգնեն մասնակիցներին հմտորեն տիրապետել Microsoft Word, Excel և PowerPoint ծրագրերին, ինչն աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ կդարձնի: 


Դասընթացն իր կառուցվածքով պատրաստված է այնպես, որ յուրաքանչյուր մասնակից կարողանա իր ստացած գիտելիքներն անմիջականորեն կիրառել աշխատանքում և առօրյա կյանքում: Երկամսյա դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն համակարգչով ճկուն և հմտորեն ստեղծել, տեղադրել և մատուցել ցանկացած տեղեկատվություն և փաստաթուղթ, աշխատել աղյուսակների հետ, ինչպես նաև արագ, մատչելի և տպավորիչ ձևով ներկայացնել փաստաթղթեր և սլայդներ: Հմուտ մասնագետի օգնությամբ մասնակիցները տեսական գիտելիքներ կստանան, կատարելու են թե խմբակային և թե անհատական գործնական աշխատանքներ և վարժություններ:


image3Դասընթացներն իրականացնում են Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի արհեստավարժ մասնագետները՝ կենտրոնի գրասենյակում, որը համալրված է ՏՀՏ ոլորտի տարբեր տիպի դասընթացներ և սեմինարներ կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով և ծրագրերով: Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը:

 

 

 

 

image1Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ շուրջ երկու ամիս է՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մեկնարկել են սիրիահայ երիտասարդ ճարտարապետների համար անվճար համակարգչային դասընթացները։ Հանրաճանաչ 3dMax և Photoshop ծրագրերի դասընթացներն օգնելու են երիտասարդ ճարտարապետներին և դիզայներներին ի կատար ածել իրենց երևակայությանը համապատասխան պատկերներն ու էսքիզները, ինչպես նաև նախագծել և մոդելավորել տարատեսակ կառույցներ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:


Դասընթացներն իրականացնում է Skillshop կազմակերպությունը, որի հիմնադիր Արեկ Քեշիշյանը նույնպես Հայաստան է տեղափոխվել Սիրիայից: Նա արդեն տարիներ շարունակ դասավանդում է սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին և քաջատեղյակ է նրանց հիմնախնդիրների և կարիքների մասին: Դասընթացի սիրիահայ մասնակից Կարլոսը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի երկրորդ կուրսում: Դեռ մանուկ հասակից երազում էր ճարտարապետ դառնալ: «Համալսարանում դասընթացները հետաքրքիր են, բայց հիմնականում տեսական գիտելիքների տեսքով են մատուցվում: Ցավոք ժամանակակից համակարգչային ծրագրերը չեն դասավանդվում: «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում 3dMax-ի դասընթացի եմ հաճախում, որի դրական ազդեցությունն ակնհայտ է»,- նշեց նա:


image4Դասընթացի մասնակից Սերլին նույնպես կիսեց դասընթացի մասին իր տպավորությունները: «Միշտ սիրել եմ արվեստը և երազել եմ նկարչուհի դառնալ: Այժմ սովորում եմ դիզայնի ֆակուլտետում: Photoshop ծրագրի առաջին երկու հանդիպումները բարդ էին, սակայն շուտով հարմարվեցի: Այժմ սովորում ենք թե ինչպես զանազան պատկերներ համատեղել, փոխել նկարների գունային գամմաները: Դիզայների համար այս գիտելիքները շատ օգտակար են,» – նշեց նա: «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիք և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը:

 

 

 

Հունիսի 18-ին, ժամը 18:30-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում տեղի է ունենալու սեմինար՝ «Ինչպես ճիշտ հաղորդակցվել և կազմել ինքնակենսագրական»:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը:

Սեմինարի հյուրն է Պրոֆեսոր Ասպետ Գոչիկյանը, ով Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս է:

Սեմինարը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասը լինելու է հանրային խոսքի մասին, որի ընթացքում մասնակիցները սովորելու են, թե ինչպես հանրությանը ճիշտ ներկայացնել տեղեկատվությունը, ելույթ ունենալ հանրության առջև և օգտագործել PowerPoint ծրագիրը՝ ավելի արդյունավետ հաղորդակցման համար: Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները սովորելու են, թե ինչպես կազմել ճիշտ ինքնակենսագրական:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրասենյակ, Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանի հետ՝ նամակ ուղարկելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ և Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեներով, կամ զարգահարելով 098545361 հեռախոսահամարին:

AGM VotingՔրիստոնեական բարեգործական կազմակերպությունների Եվրադիակոնիա միավորումը Լեհաստանի Վլոցլավ քաղաքում կայացած տարեկան ժողովից հետո ընդունել է վստահությանը և Եվրոպայում սոցիալական ծառայություններին վերաբերող համատեղ հռչակագիր: Հռչակագրում ասվում է.
«Եվրադիակոնիայի անդամները հավատարիմ են վստաության ակտիվ կերտող լինելու սկզբունքին: Յուրաքանչյուր օր, վստահելի լինելու նպատակով, մենք կանգնում ենք ավելի որակյալ և թափանցիկ աշխատանք կատարելու մարտահրավերի առջև: Ոգեշնչվելով Ավետարանի հույսով և լինելով սոցիալական արդարության պաշտպաններ՝ մենք հստակորեն աշխատում ենք համընդհանուր բարեկեցության և ավելի հզոր սոցիալական Եվրոպայի կերտման համար: Եվրադիակոնիայի անդամներն աշխատելու են հասարակության առավել խոցելի խմբերի իրավունքներն ամրապնդելու, ձայնը լսելի դարձնելու և ժողովրդավարական իշխանությունն առավել հզորացնելու համար: Դրանով մենք կնպաստենք մեր հասարակություններում սոցիալական համախմբվածությանը: Մենք դեմ ենք այն ամբոխահաճությանը, ծայրահեղությանը, որոնք նպաստում են այլատյացությանը, ռասիզմին և բացառմանը: Քաղաքական գործիչներին կոչ ենք անում մեր հասարակություներում բարձրացնել վստահության մակարդակը, այլ ոչ թե քայլեր ձեռնարկել դրա հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ: Խնդրում ենք պաշտոնյաներին վստահել մեր կարողություններին՝ մեր շահառուների և մեր հասարակությունների մեջ վստահությունը վերականգնելու հարցում»:


2018 թ. Եվրադիակոնիայի տարեկան հանդիպումը պաշտոնապես բացվել էր հունիսի 13-ին՝ «Լեհաստանի դիակոնիա» կազմակերպության նախագահ, եպիսկոպոս Ռիչարդ Բոգուչի մատուցած էկումենիկ հոգևոր ծառայությամբ: Այնուհետև Եվրոպայում գործող քրիստոնյա սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ավելի քան 90 ներկայացուցիչ մասնակցել է լիագումար նիստին: ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամից տարեկան հանդիպմանը մասնակցել է ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը:


Ողջունելով հուրերին՝ Եվրադիակոնիայի նախագահ Ռոմանա Բելովան ասաց. «Վերջերս Եվրոպայի սոցիալական խարտիայի հաստատումը մեզ՝ Եվրոպայում դիակոնիա իրականացնող դերակատարներիս համար նոր և նշանակալի հնարավորություն է՝ վերագնահատել մեր հիմնարար դերը սոցիալական համախմբվածությանը նպաստելու մեջ՝ բևեռացվածության և սոցիալական բացառման պարագայում: Որպես քրիստոնեության հիման վրա ստեղծված սոցիալական ծառայություններ մատուցող՝ մենք հավատում ենք, որ ունենք յուրահատուկ ուղերձ և սոցիալական Եվրոպայի հանդեպ մեր վերաբերմունքը, որը հաստատվում է մեր հավատքով»:


Այս տարվա տարեկան հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արագ փոփոխվող աշխարհամասում սոցիալական Եվրոպայի ապագա կարգավիճակին: Ընդգծվել է, որ բևեռացվածության և գործազրկության աճը, ինչպես նաև ժողովրդագրական պատկերի փոփոխությունը և քաղաքական անկայունությունն ամբողջ Եվրոպայում քրիստոնեական կազմակերպությունների համար համարվում են հույժ կարևոր: Մասնակիցներն անդրադարձել են այսօրվա Եվրոպայի կրոնական, մշակութային և քաղաքական իրավիճակին և վերլուծել, թե ինչ է նշանակում սոցիալական Եվրոպան՝ դիակոնիայի (հավատահեն սոցիալական ծառայություններ) տեսանկյունից: Ինչպես նաև քննարկվել է հարցը, թե Եվրոպայի որ տարածաշրջանում ովքեր են ընդգրկվել կամ դուրս մնացել այդ ծառայություններից:


Եռօրյա հանդիպման ընթացքում պատվիրակները հնարավորություն են ունեցել մասնակցել Եվրադիակոնիայի անդամների և գործընկերների կազմակերպած սեմինարներին, սոցիալական Եվրոպային առնչվող հրատապ խնդիրների, սոցիալական և առողջապահական ծառայությունների մատչելիության, քաղաքական փոփոխությունների, Եվրախորհրդարանի սպասվող ընտրությանը, ինչպես նաև այսօրվա Եվրոպայում կրոնական սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների դերին առնչվող քննարկմանը: Հանդիպման մասնակիցները նաև այցելել են Վլոցլավում և դրա շրջակայքում հյուրընկալող «Լեհաստանի դիակոնիա» կազմակերպության իրականացրած 9 ծառայություն և ծրագիր, ծանոթացել, թե ինչպես են Լեհաստանում գործում ամենախոցելի խմբերին սպասարկող սոցիալական և առողջապահական ծառայությունները:


Eurodiaconia-ն եկեղեցիների և քրիստոնեական հասարակական 46 կազմակերպությունների (ՀԿ-ների) եվրոպական ցանց է, որը սոցիալական և առողջապահական ծառայություններ է մատուցում և քարոզում է սոցիալական արդարություն: Մենք աշխատում ենք միասին՝ ամբողջ Եվրոպայում արդարացի և սոցիալական փոփոխությունների համար՝ ոչ ոքի անտեսված չթողնելով: 

 

Հունիսի 7-9-ը Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր դասընթաց՝ Հայ Առաքելական եկեղեցու երեք թեմերի հոգևորականների ու թեմերին կից սոցիալ-կրթական կենտրոնների սոցիալական աշխատողների ու մանկավարժների համար: Այն նվիրված էր ընտանիքում բռնությունների կանախարգելմանը և բռնության զոհերի, բռնարարների ու բռնությունից ազդված երեխաների հետ աշխատանքին:


Դասընթացը վարեցին հոգեբան-փորձագետ, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը և սոցիոլոգ-փորձագետ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական նորարարությունների բաժնի պետ Արմինե Մխիթարյանը: Նա լսարանին ներկայացրեց ընտանեկան բռնության տեսակները, ընտանեկան բռնության ենթարկված և ենթարկած անձանց նույնացման ցուցանիշներ, բռնության հակված մարդկանց վարքագծային բնութագրիչները, հաշտեցման գործընթացը, դրա սուբյեկտները, սկզբունքները: Դավիթ Գևորգյանը ներկայացրեց ընտանեկան բռնությունների հոգեբանական ասպեկտները, զոհի հոգեբանության զարգացման մեխանիզմները, Ընտանեկան բռնության զոհերի և բռնարարների հետ աշխատանքի հոգեբանական կողմեր, ինչպես նաև խորհրդատվության հիմնական սկզբունքները և հմտությունները:


ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանը մասնակիցներին ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, դրա կիրառման մեխանիզմների նախապատրաստման ընթացքը: Մասնակիցները հնարավորություն ունեցան օրենքի կիրառման հետ կապված իրենց հարցերն ուղղել ու մտահոգություններն արտահայտել՝ բերելով իրենց փորձից կոնկրետ օրինակներ:


ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը շարունակական արդյունավետ աշխատանքի հույս հայտնեց: Նա ընդգծեց եկեղեցու մասնակցության կարևորությունը Հայաստանում ընտանեկան բռնությունների վերացման ուղղությամբ՝ տեսնելով հոգևորականների ու եկեղեցու աշխարհիկ աշխատողների դերը և՛ կանխարգելման, և՛ համայնքներում ընտանիքների հետ աշխատանքի միջոցով:
Երեկոյան դասընթացի մասնակիցները Գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հետ հնարավորություն ունեցան զրուցել «Եկեղեցին և բռնությունները ընտանիքում» թեմայի մասին: Մասնակիցները քննարկեցին բռնության զարգացման հոգևոր կողմերը, հոգևոր առողջացման նախապայմաններն ու եկեղեցու դերը՝ ընտանիքում բռնությունների հետ բախված անձանց աջակցելու գործում:


Դասընթացը իրականացվել է «Գենդերային և ընտանեկան բռնությունների կանխարգելում» ծրագրի շրջանակում: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ ծրագիրն իրականացվում է արդեն ութերորդ տարին: Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ նպաստել գենդերային և ընտանեկան բռնությունների կանխարգելմանը Հայաստանում: Ծրագրի նախորդ տարիների ընթացքում ՀԱԵ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ իրականացվել են իրազեկման բարձրացման լայնածավալ աշխատանքներ: Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում իրականացվել են դասընթացներ, սեմինարներ և զրույցներ երիտասարդների հետ ՀՀ Ազգային բանակի զորամասերում, դեռահասների, նրանց ծնողների և ուսուցիչների, համայնքում մեծահասակների խմբերի հետ, որին հետևել են հոգևորականի անհատական խորհրդատվություններն ու տնայցերը: Ծրագրին մասնակցել է (ծրագրին մասնակցել են) մոտ 35000 մարդ:


Նախատեսվում է, որ 2018թ. վերապատրաստված հոգևորականները հոգեբանների և սոցիալական աշխատողների հետ ներկայացված համայնքներում կիրականցնեն ընտանիքում բռնությունների զոհերի ու բռնարարների հետ շարունակական աշխատանք՝ մատուցելով բազմակողմանի սոցիալական և հոգեբանական աջակցության ծառայություններ:

 

2018 թ. հունիսի 9-ից 10-ը «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մի խումբ սիրիահայ երիտասարդներ ուղևորվեցին դեպի Սյունիքի մարզ և այցելեցին Տաթևի վանական համալիր, Քարահունջ («Զորաց քարեր») և Նորավանք: Ուխտագնացության նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Տաթևի վանքին, որը դարեր շարունակ եղել է հզոր հոգևոր և կրթամշակութային կենտրոն, կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:

«Այսպիսի ուխտագնացությունները շատ կարևոր են մեզ համար, քանի որ կարճ ժամանակի ընթացքում շատ բան սովորեցինք Հայաստանի աշխարհագրության և պատմության մասին: Ընկերական միջավայրում ավելի հեշտ է այս ամենն ընկալել, քան գրքերում կարդալով,» - ասաց մասնակիցներից մեկը:

Սիրիահայ երիտասարդներն օգտվեցին հանրահայտ «ՏաԹևեր» ճոպանուղուց: Թեև շատերն անհանգստանում էին, որ իրենց կյանքը բառի բուն իմաստով «թելից է կախված», սակայն շուտով համոզվեցին, որ ճոպանուղին անվտանգ է և ողջ երթի ընթացքում հիացան Սյունիքի զառիթափ ժայռերով և մոգական բնությամբ:

«Մենք իսկապես Աստծո կողմից օրհնված ազգ ենք: Այս պատերին նայելով դա եմ զգում,» - ընդգծեց մասնակիցներից մեկը: Նա շատ ուրախ էի հանդիպելու Տաթևի վանահայր Հայր Միքայել աբեղա Գևորգյանին: Ուղևորության մասնակից Կառլոսը կիսեց իր տպավորությունները. «Շատ ուրախ եմ, որ նման ծրագրի եմ մասնակցում: Մասնագիտությամբ ճարտարապետ եմ և շատ եմ սիրում հայկական ճարտարապետությունը: Ինձ կարևոր է Հայաստանում շրջագայելն ու եկեղեցիների ճարտարապետությանը ծանոթանալը,» - նշեց նա:

Մասնակիցները շատ տպավորված էին ուխտագնացությամբ և հիանալի տրամադրությամբ վերադարձան Երևան: Նրանք ոչ միայն հայաստանյան կարևոր հոգևոր կենտրոնների մասին նոր գիտելիքներ ստացան, այլև նրանք նոր ընկերներ ձեռք բերեցին և կիսեցին իրենց տպավորություններն ու փորձը:

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ Աղվերանում անցկացվեց «Զինծառայողներին հոգևոր և հոգեբանական կայունության ապահովում» խորագրով եռօրյա վերապատրաստման դասընթաց «Բանակում անձի անհատական առանձնահատկությունները և դեստրուկտիվ հակումների կանխարգելման հիմնախնդիրը» թեմաներով, որին մասնակցում էին տարբեր զորամասերում սպասավորող 56 գնդերեցներ:

Դասընթացը դեռևս 2017թ-ին սկսած նախաձեռնության շարունակությունն է: Այն նպատակ ունի մասնակիցների մոտ ձևավորել հոգեբանական կայունության և տրավմատիկ իրավիճակում համապատասխան առաջին հոգևոր-հոգեբանական օգնություն ցուցաբերելու գործնական հմտություններ և կարողություններ՝ աշխատելու ինչպես սպաների, այնպես էլ զինվորների հետ: Դասընթացն իրականացրեցին հոգեբանության ոլորտի փորձառու դասախոսներ Կամո Վարդանյանն ու Մարինե Սահակյանը:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագետ Վարդան Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրեց զեկույց «ՀՀ-ում պաշտպանական աշխարհաքաղաքական հիմնախնդիրները և կրոնական գործոնը» թեմայով, Տ. Սմբատ քհն. Սարգսյանը խոսեց զինծառայողի հոգեխնամքի մասին:

 

 

 

 

 

Արմավիրի թեմի Քարակերտ գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան կենտրոնում տեղի ունեցավ կենտրոնի սաների մասնակցությամբ Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվես» հեքիաթի բեմադրությունը: Տոնական այս հանդեսը ամփոփեց տարեսկզբին մեկնարկած «Երջանիկ մանկություն» ծրագրի գործունեությունը, որին իր աջակցությունն էր ցուցաբերել նաև Կլոր սեղան հիմնադրամը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է երեխաների ցերեկային խնամքը և կրթությունը, կահավորվել են խաղասենյակը, ննջասենյակը, դահլիճը կերպարային հագուստներով և սարքավորումներով համալրվել է հեքիաթի խմբակը: Երեխաները մեծ ոգևորությամբ և ուրախությամբ էին ներկայացնում իրենց հերոսներին: Ծնողները գոհունակություն հայտնեցին կենտրոնում կատարվող աշխատանքի և երեխաների խնամքի վերաբերյալ: Կենտրոնի տնօրինությունը պատրաստակամ է շարունակելու Քարակերտ գյուղի երեխաների դաստիարակության և զարգացման աշխատանքը:

 

 

 

02.02Հունիսի 2-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացման արարողությունը: Սաղմոսավանի հայորդյաց տունը կառուցվել է Տեր և Տիկին Լևոն և Նադիա Քաբաբջյանների ազնիվ բարերարությամբ, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ու Արի կանանց փոխադարձ օգնության միության օժանդակությամբ:


Արարողությանը ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, Արագածոտնի թեմում սպասավորող հոգևորականները, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը, Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները և այս առիթով Հայաստան ժամանած Քաբաբջյան ընտանիքի անդամները:
Արարողությունն սկսվեց օրհնության կարգով, ապա ամենքը «Քրիստոֆ Արմեն Քաբաբջյան» սրահում ներկա գտնվեցին այս առիթով կազմակերպված միջոցառմանը:


02.03Բացման խոսքով հանդես եկավ Սաղմոսավանքի և Նոր Եդեսիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Օշին քահանա Հայրապետյանը: Այնուհետև խոսք ասաց բարերար Նադիա Քաբաբջյանը՝ անդրադառնալով նորակառույց հայորդյաց տան կառուցմանը՝ ի հիշատակ իր որդու՝ Քրիստոֆ Քաբաբջյանի: Տիկին Քաբաբջյանը նաև շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ իրենց խնդրանքին ընդառաջելու և այս մտահաղացմանը ցուցաբերած աջակցության համար: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը և Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը:


Ազգագրական երգերի ու պարերի կատարումներով հանդես եկան Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տան, Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի, Սաղմոսավանի «Տաթև» համույթի սաները: Հանդիսության ավարտին ներկաներին ողջունեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը: Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև Կլոր սեղան հիմնադրամին ու Քաբաբջյան ընտանիքին Սաղմոսավանի հայրոդյաց տան կառուցմանը բերած իրենց անգնահատելի աջակցության համար: Սրբազանն այդ կապակցությամբ նաև իր շնորհակալությունը հայտնեց մարզային իշխանություններին՝ ի դեմս մարզպետ Աշոտ Սիմոնյանի, և շինարար Գագիկ Կարապետյանին:

02.13Միջոցառումն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նշեց, որ երեխաներին է ընծայաբերվում մի նոր կենտրոն՝ հայորդյաց տուն, որտեղ Սաղմոսավանի մանուկներն ու պատանիները պետք է ճանաչեն Աստծուն, ընդունեն Նրա պատգամներն ու պատվիրանները և կրթական հաստատության հարկի ներքո զարգացնեն ու զորացնեն իրենց տաղանդները՝ դառնալով արժանավոր զավակներն ազգի, հայրենիքի և մեր սուրբ Եկեղեցու: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Սաղմոսավանի հայորդյաց տունը Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու համայնքներում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող 10-րդ նույնաբնույթ կրթական հաստատությունն է: Վեհափառ Հայրապետը հայորդյաց տան բացման կապակցությամբ իր բարձր գնահատանքը փոխանցեց բարերարներին, Կլոր սեղան հիմնադրամին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել կրթօջախի կառուցման գործում:


Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով հայցեց, որ Տերն Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ պահի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովրդին: Վերջում Գարեգին Բ Հայրապետը՝ ուղեկցությամբ Մկրտիչ Սրբազանի և բարերարների, շրջեց նորակառույց հայորդյաց տանը և ծանոթացավ մանուկների համար ստեղծված պայմաններին:

Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգ:

 

 

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436