Նորություններ

DSC 8839Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հոկտեմբերի 31-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (Կլոր սեղան) հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովը: Խաղաղության հաստատման ուղիների որոնմանը նվիրված միջոցառումը վարում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը և Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:


Համաժողովը բացվեց տերունական աղոթքով, որից հետո ողջույնի և բացման խոսք հղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանվը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Վասիլևը և Երևանի Կապույտ Մզկիթի հավաքական աղոթքի իմամ Ալի Շաջաանը:


Shahe vardapet Ananyan«Կրոնների և մշակույթների դերը խաղաղության և համագործակցության հաստատման գործընթացում» թեմայի վերաբերյալ ելույթներ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապեության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:


ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեցին Հայաստանի և հարևանների միջև հարաբերությունների զարգացման տեսլականի մասին:


Տարածաշրջանային բազմազանության մարտահրավերների և հնարավորությունների մասին իրենց տեսլականը ներկայացրեցին Թուրքիայից ժամանած մարդաբան Ադնան Չելիքը, Լրագրող Սերդար Քորուջուն, Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին, Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար, քաղաքագետ Յանա Ամելինան, Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, նույն բուհի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:


Serdar KorucuՀամաժողովի ավարտին ընդունված կոմյունիկեում մասնակիցները կարևոր համարեցին խաղաղությանը և կայունությանը խանգարող այլ սպառնալիքների պայմաններում փոխըմբռնման, հանդուրժողականության, փոխզիջումների և կարևորությունը: Ըստ մասնակիցների՝ հակամարտությունների և փակ սահմանների ցավալի իրողությունների կարգավորման գործում խաղաղ բանակցություններին և կառուցողական երկխոսությանը բանական այլընտրանք չկա: Նրանք համոզմունք հայտնեցին՝ պաշտոնական մակարդակով վարվող բարձրաստիճան բանակցություններին զուգընթաց մեծ կարևորություն ունեն նաև տարածաշրջանի, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների, հասարակական, միջկրոնական և միջմշակութային շփումները, երկխոսության հարթակների հաստատումն ու հզորացումը:


Մասնակիցները նաև համոզմունք հայտնեցին, որ միջկրոնական կապերը և համագործակցությունը հզոր գործոն կարող են հանդիսանալ տարածաշրջանի ժողովուրդների միջև գործնական համագործակցության հաստատման համար և նպաստել հանդուրժողականության տարածմանը:


Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի միջև բազմադարյա բարեկամական և գործընկերային հարաբերությունների ավանդույթը բարձր գնահատելով՝ մասնակիցները հույս հայտնեցին, որ ապագայում կհարթվեն և կկարգավորվեն նաև հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև կհաստատվեն առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ:


Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին բոլոր հնարավոր միջոցներով ներդրում ունենալ երկխոսության և խաղաղության հաստատման պատվաբեր գործում, ինչը կթուլացնի առկա միջազգային լարվածությունը և զգայուն իրավիճակը և կնպաստի խաղաղության ու կայունության հաստատմանը:

Երևանում ավարտվեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) հնգօրյա դասընթացավարների վերապատրաստման սեմինարը՝ մարդասիրական օգնության նոր մեխանիզմների վերաբերյալ: Տարածաշրջանային վերապատրաստման դասընթացի հյուրընկալող կողմը Եկեղղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամն էր՝ որպես ACT Alliance-ի հայաստանյան ֆորումի մասնակից:

Երևանյան դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Դանիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից, Մակեդոնիայից, Նորվեգիայից, Սերբիայից և այլ երկրներից: Դասընթացն անցկացնում էին ACT Alliance-ի մարդասիրական ծրագրերի պատասխանատու Քրիստոֆ Առնոլդը և դաշինքի քարտուղարության ներկայացուցիչ Յանա Շրյոդերը: Նման դասընթաց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքն անցկացնում է աշխարհի տարբեր վայրերում:

Անցած յոթ ամսվա ընթացքում ACT Alliance-ը վերանայել է մարդասիրական օգնության մեխանիզմները և սկսել է իր անդամների հետ կիսել այդ բարդ և երկարատև գործընթացի պտուղները: Վերանայման նպատակը եղել է ճգնաժամերի և աղետների ազդեցության տակ գտնվող համայնքներին հասցվող օգնությունը և դրա որակը և արագությունն ավելի արդյունավետ և ժամանակի պահանջներին ավելի համապատասխան դարձնելը:


Նոր մեխանիզմի շնորհիվ դաշինքն ակնկալում է վերացնել ստանդարտ մարդասիրական գործընթացները և որդեգրել անհատական ռազմավարություն յուրաքանչյուր վայրում օգնություն տրամադրելու համար: Պարզեցվել և ավելի արդյունավետ են դարձել արձագանքման գործիքները և վարչարարական գործընթացները: Առցանց հարթակի շնորհիվ այսուհետև օգնության ռեսուրսներն ավելի հասանելի են լինելու անդամների համար: Այսուհետև դաշինքի մարդասիրական աջակցությունը հիմնված է լինելու Մարդասիրական հիմնարար չափանիշների (Core Humanitarian Standard (CHS)) վրա, և մարդասիրական շահերի պաշտպանությունը դառնալու է արձագանքման գործընթացի մի մասը:

Դասընթացի հիմնական նպատակներն էին մասնակիցներին՝ ապագա դասընթացավարներին, հանգամանալից բացատրել ACT Alliance-ի մարդասիրական նոր մեխանիզմը, ուժեղացնել նրանց և դաշինքի մյուս անդամների միջև գործնական կապը: Վերապատրաստման դասընթացի հեռահար նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի հետագայում արդեն դասընթացավար դարձած մասնակիցները ACT Alliance-ի ֆորումի մյուս անդամներին և իրենց կազմակերպությունների աշխատակիցներին փոխանցեն դասընթացից ստացած գիտելիքը և փորձը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները հատուկ վարժությունների միջոցով ծանոթացան առանձնահատուկ արտակարգ իրավիճակներին արձագանքելու նոր գործիքներին և գործընթացներին: Դասընթացը ներառում էր նաև փորձի փոխանակում, քննարկումներ և խմբային աշխատանք: Ապագա դասընթացավարները տեղում գործնականում ծանոթացան նաև դաշինքի նոր առցանց գործիքակազմին:Ամփոփելով դասընթացից ստացած տպավորությունները և արձագանքները՝ Քրիստոֆ Առնոլդն ասաց. «Մասնակիցները բացի գիտելիք ստանալու նաև հիանալի ժամանակ անցկացրեցին: Նրանց խոսքով՝ դասընթացը դասախոսության, խմբային աշխատանքի և վարժությունների հաճելի համադրություն էր: Դասընթացը նաև ապահովել է մասնակիցների միջև ակտիվ շփում, բազմաթիվ քննարկումներ: Այն, ըստ մասնակիցների նաև հիանալի հնարավորություն էր Եվրոպայի տարբեր կազմակերպությունների համար միմյանց հետ ծանոթանալու և աշխատելու առումով»:Դասընթացի օրերին մասնակիցներն այցելեցին Կլոր սեղան հիմնադրամի արագ արձագանքման ծրագրերի շրջանակում աջակցություն ստացած սիրիահայ ընտանիքների, հանդիպեցին մասնագիտական հմտությունների դասընթացներին մասնակցած սիրիահայերի հետ, քննարկեցին նրանց հուզող հարցերը:

Սեպտեմբերի 29-ին Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Ալլա Սարկիսովան ընդունեցին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող «Հաղթահարենք պատերազմի հետևանքները միասին» ծրագրի շրջանակներում հյուրընկալվող Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Չեչնիայի և Գերմանիայի ՔՀԿ-ների 21 մասնակիցների: Հանդիպման նպատակն էր կիսել Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի փորձառությունը սիրիահայ փախստականներին ուղղված հումանիտար, ինտեգրացիոն և զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացվեցին հիմնադրամի աշխատանքի ծրագրային ուղղությունները, ինչպես նաև սիրահայ փախստականների համար իրականացված հումանիտար, ինտեգրման և զարգացման ծրագրերը: Այդ ծրագրերի հիմքում ընկած է սոցիալ-հոգեբանական աջակցությունը հոգեբանի և հոգևորականի մասնակցությամբ, համագործակցությունը սիրիահայերի հետ աշխատող ՀԿ-ների և Հայ Առաքելական եկեղեցու հետ: Այնուհետև պատասխանեցին հյուրերի հարցերին, խոսեցին Սիրիայում իրականացված ծրագրի, թատրոն-ներկայացման, կանանց ակումբի և այլ հարցերի մասին:

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակաբար հզորացնում է իր կազմակերպչական կարողությունները և զարգանում՝ որպես ծառայություններ մատուցող գիտելիքահեն կազմակերպություն: Այդ գործընթացի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակությունը Հայաստանում: Գործընկեր կազմակերպություններին խորհրդատվական ծառայություններ մատուցելով՝ ՀԿՍ անձնակազմն օգնում է նրանց զարգացնել իրենց կատարողականությունը, վերլուծել կարիքները և մշակել արդյունավետ փոփոխության ռազմավարություններ:

 

Ներկայում, Խորհրդատվական հմտությունների զարգացման ծրագրի շրջանակում, ՀԿՍ աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են ինքնակրթության դասերին և աշխատանքային հանդիպումներին: Դրանց նպատակն է աշխատակիցների շարունակական կրթությունը և հմտությունների զարգացումը: Դասընթացների ընթացքում ՀԿՍ խորհրդատուները գրում են նոր անդրադարձներ, ըմբռնում են նոր հասկացողությունները, քննարկում են բացահայտված նոր մոդելները և տեսությունները և փորձում են դրանք ձևավորել ինքնուրույն: Աշխատակիցները տալիս են հարցեր և բերում օրինակներ իրենց առօրյա աշխատանքից, քննարկումների ընթացքում աջակցում խոսնակներին՝ որպես բանախոսության գործընկեր: Այդ վարժությունները միտված են խորացնելու խորհրդատվական գործընթացի վերաբերյալ նրանց գիտելիքը, հմտությունները և զորացնելու ՀԿՍ տրամադրած ամենօրյա խորհրդատվության հանդեպ դրական վերաբերմունքը:

 

DSC 8579Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Ես խաղաղության սերմնացան եմ» խորագրով երկրորդ համահայաստանյան նկարչական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, որը նվիրված է Խաղաղության միջազգային օրվան: Մրցույթն անցկացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստան և հարևաններ. խաղաղության  փնտրտուք» ծրագրի շրջանակում՝ «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության (ԿՀԶ ՀԿ) նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի աջակցությամբ:

DSC 8573Այս տարվա մրցույթին մասնակցել է 613 դպրոցական Հայաստանի 11 մարզերի 101 դպրոցներից. սա գրեթե 4 անգամ գերազանցում է նախորդ մրցույթի մասնակիցների թիվը: Ցուցահանդեսի համար ընտրված 86 նկարների գրեթե բոլոր հեղինակները ներկա էին բացման հանդեսին իրենց ծնողների կամ ուսուցիչների ուղեկցությամբ:

Ներկաներին ողջունելով՝ ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանն ասաց. «Ցավալիորեն, խաղաղության թեման ՄԱԿ-ի համար երբեք չի կորցնում արդիականությունը: Մինչդեռ 72 տարի՝ իր ստեղծման օրից, ՄԱԿ-ը կոչ է անում խաղաղության ու պատերազմներից զերծ մնալու: Խաղաղությունը վերջերս ուժի մեջ մտած Կայուն զարգացման նպատակների գաղափարախոսության առանցքային բաղադրիչներից մեկն է՝ առանց խաղաղության չի կարող լինել արդյունավետ աշխատանք կայուն զարգացման ուղղությամբ: Այդ նպատակներից 16-րդն ընդգրկում է խաղաղության գաղափարը»:

DSC 8609Մրցույթի նպատակն էր հատկապես սահմանամերձ բնակավայրերի երեխաների խաղաղության ուղերձը հասցնել տարբեր մակարդակների դերակատարներին, իսկ մասնակիցներին հնարավորություն տալ խորհելու, թե ինչ կարող է անել յուրաքանչյուրը, ինչ սերմեր կարող է ցանել, որ իր, իր համայնքի ու երկրի վաղվա օրը, մեր ընդհանուր մոլորակն ավելի կայուն ու խաղաղ լինեն: «Ես իմ նկարը նվիրում եմ հորեղբորս, որը զոհվել է դիրքերում»,- ասաց 11-ամյա Ռաֆայել Ուդումյանը Տավուշի մարզի Չորաթան գյուղից, որն իր «Խաղաղություն եմ ուզում իմ և տիկնիկիս համար» նկարում պատկերել է արև, հասկեր և մոլորակի կենտրոնում՝ իր տիկնիկին գրկած աղջնակ:

DSC 8593ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը նշեց, որ տեղական և միջազգային գործիչների  համար շատ կարևոր կլինի տեսնել, թե ինչպես են երեխաները վերաբերվում պատերազմին, ինչպես են փորձում ամեն կերպ հակազդել պատերազմի գաղափարախոսությանը: «Խաղաղության խորհրդանիշը մեր երեխաների համար արդեն վաղուց բանտարկված զենքերն են, տանկերը, որոնց փողերից արկերի փոխարեն ծաղիկներ ու փուչիկներ են դուրս գալիս, հրացանները, որոնք այնքան երկար ժամանակ չեն օգտագործվել, որ դարձել են հենարան նորատունկ ծառերի համար»,- նշեց տիկ. Մարկոսյանը: Նա մեջբերեց մրցույթի մասնակիցներից 9-ամյա Միլենայի ուղերձ-ցանկությունը. «Թող հավերժ լռեն բոլոր զենքերը և աշխարհում տիրի խաղաղությունը»:

DSC 8595«Երեխաների ստեղծագործությունները ուսանելի են և մտքին խաղաղություն են տալիս, ուղղորդում են մեզ և հիշեցնում, որ խաղաղությունը գին ունի և մեծագույն արժեք է»,- ասաց ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը:

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանն էլ ավելացրեց, որ եթե մենք երազում ենք ավելի ապահով, խաղաղ ու զարգացած աշխարհի մասին, ապա պետք է որդեգրենք ընդհանրական մոտեցում և գիտակցենք, որ մարդու իրավունքները, խաղաղությունը, անվտանգությունն ու կայուն զարգացումը փոխկապակցված են: «Երիտասարդներին պետք է լսել, նրանց հետ պետք է աշխատել ապագայի մարտահրավերների ուղղությամբ: Քանի որ այսօր կերտվում է վաղվա աշխարհը, որտեղ ապրելու են այսօրվա երիտասարդները»,- ավելացրեց նա:

DSC 8602Միջոցառմանը ներկա Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ասաց, որ իր երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո կարևոր որոշում է կայացրել դառնալ աշխարհի ամենախաղաղասեր և խաղաղարար պետություններից մեկը: «Խաղաղությունը կառուցում են մեծերը, սակայն այն գալու է ձեր միջոցով, ձեր շնորհիվ և ձեզանով»,- եզրափակեց դեսպան Տագուչին:

Տարիքային 2 խմբերում մրցանակային առաջին տեղը զբաղեցրած մասնակիցների (Միլենա Հովհաննիսյան, 9 տ., Գյումրու Հայորդյաց տան քանդակի դասարանի սան, Ջուլիետա Պետրոսյան, 16 տ., Շիրակի մարզի Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ) աշխատանքների հիման վրա տպագրվել են բացիկներ, որոնք կտարածվեն տեղական և միջազգային կազմակերպությունների շրջանում: Մրցանակների արժանացան նաև Մարիանե Նազարյանը (2-րդ մրցանակ)՝ 7 տ., Արագածոտնի մարզի Ագարակ գյուղից, Արամ Զաքարյանը (3-րդ մրցանակ)՝ 7 տ., Արարատի մարզի Մասիս քաղաքից, Արման Վարդանյանը (2-րդ մրցանակ)՝ 13 տ., Լոռու մարզի Լեռնանցք գյուղ, Անահիտ Մինասյանը (3-րդ մրցանակ)՝ 14 տ., Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղ: Հատուկ մրցանակի արժանացավ 13-ամյա Սվետլանա Զալինյանը Լոռու մարզի Գարգառի միջնակարգ դպրոցից, որի նկարած աղավնին դարձել էր միջոցառման խորհրդանիշ: Ցուցադրված բոլոր աշխատանքների հեղինակներն ստացան հավաստագրեր ու հուշանվերներ: Նկարները կշարունակեն ցուցադրվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մինչև սեպտեմբերի 29-ը:

DSC 8615Միջոցառման վերջում ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի երիտասարդ ներկայացուցիչները մասնակից երեխաներին ինտերակտիվ եղանակով պատմեցին Կայուն զարգացման 17 նպատակների և հատկապես՝ այդ նպատակներից 16-րդի մասին:

***

Ամեն տարի սեպտեմբերի 21-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Խաղաղության միջազգային օր: Այն ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի կողմից հաստատվել է 1981 թվականին: Այս տարվա թեման է «Միասին հանուն խաղաղության. հարգանք, անվտանգություն և արժանապատվություն բոլորի համար»:

 

 

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի կողմից աջակցություն ստացած «Աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներ» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր միջոցառում հայ և բելգիացի  կամավորների մասնակցությամբ: Հայ երիտասարդական «Տիեզերք» երաժշտական խումբը հանդես եկավ տարբեր կատարումներով: Միջոցառմանը ներկա էին նաև Մխիթար Սեբասատացի կրթահամալիրի տնօրինությունը, սաներըՀԿՍ-ի և Կամավորական ջոկատների ներկայացուցիչները:

2017թ. մարտի 31-ից հունիսի 30-ը «Աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներ» ծրագրի շրջանակում հավաքագրվել են հայ և օտարերկրացի 107 կամավորներ, լուծվել են նրանց տեղափոխման, կացության և զբաղվածության հարցերը: Հուլիս-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է կամավորների հետ կազմակերպել և իրականացնել բարեկարգման և վերանորոգման աշխատանք 8 ճամբարներում: Բոլոր ճամբարների կամավորների համար կկազմակերպվի մեկօրյա այց Գեղարդավանք, որի ընթացքում նրանք կբարեկարգեն և կմաքրեն վանքի տարածքը, կմասնակցեն վանահայրերի՝ կրոնական հարցերին առնչվող դասախոսությանը և քննարկումներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան  հոգևոր ճեմարանի 2 սան ընդգրկված ենճամբարների կազմում որպես կամավորներ և ներկայացնում են Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, քրիստոնեական արժեքները, քույր եկեղեցիների հետ հարաբերությունները և էկումենիկ համագործակցությունը մյուս կամավորներին:

Կլոր սեղան հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն ավարտեցին «Ես խաղաղության սերմնացան եմ» մրցույթի նկարների վերջնական ընտրությունը

«Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում իրականացվող «Ես խաղաղության սերմնացան եմ» ծրագիրը հայտարարել էր նկարների մրցույթ  Հայաստանի մարզերի և Երևանի՝ 7-1 1և 12-17 տարեկան դպրոցականների համար:

Մրցույթին մասնակցել է ավելի քան 600 նկար: Հանձնաժողովն ընտրել է 50 լավագույն նկարները, որոնք, մրցանակային տեղեր զբաղեցրած նկարների հետ, Խաղաղության միջազգային օրը՝ սեպտեմբերի 21-ին, կցուցադրվեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Տարիքային 2 խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած 6 մասնակիցները կստանան հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակների արժանացած 2 մասնակիցների նկարների հիման վրա կտպագրվեն բացիկներ, որոնք կտարածվեն Հայաստանում և արտերկրում

 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում «Սովորելով խաղաղություն. Խաղաղության ակումբ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախատեսված հինգ հանդիպում-քննարկումներից մեկը: Ծրագիրն իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ ՀԿՍ-ի ֆինանսական աջակցությամբ:


Հանդիպմանը մասնակցում էր մոտ 30 երիտասարդ: Ծրագրի նպատակն էր բարձրացնել վանաձորցի երիտասարդների իրազեկվածության մակարդակը և փոխանցել նրանց գիտելիքներ կոնֆլիկտների տեսակների, կոնֆլիկտների կարգավորման կարևորության, կոնֆլիկտների պատճառով առաջացած հետևանքների, այդ գործընթացներում տարբեր կառույցների դերի և այլ հարակից թեմաների վերաբերյալ:


Հանդիպմանը մասնակցում էին «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան, ՀԿՍ խաղաղության ծրագրի խորհրդատու Արամ Սաֆարյանը, ՀԿՍ ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը և Սլավոնական համալսարանում իրականացվող «Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» դասընթացի շրջանավարտ Հարություն Կարապետյանը:


Սաֆարյանը խոսեց «Քաղաքական փնտրտուքներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ (պատմություն, իրականություն և ապագա)» թեմայով: Քննարկվեցին նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը ողջ տարածաշրջանի վրա: Հարություն Կարապետյանը մասնակիցների հետ քննարկեց փափուկ ուժի հասկացությունը և փոքր պետությունների հնարավորությունները փափուկ ուժի շնորհիվ:
Թեմաների ամփոփման փուլի ավարտից հետո երիտասարդ ակտիվիստներն ուղղեցին իրենց կուտակված հարցերը թեմաների վերաբերյալ և համատեղ քննարկեցին դրանք:


Քննարկումների ավարտին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ջանքերով Վանաձորի քաղաքի Նարեկացի փողոցում՝ հայ-վրացական միջպետական ճանապարհին, երիտասարդները ստեղծեցին «Խաղաղության պատ», որի վրա գրեցին խաղաղության թեմայով թևավոր խոսքեր:

Խաղաղության և երկխոսությանը նվիրված սիմուլյացիոն խաղեր՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում: Հունիսի 19-ին բուհում ներկայացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Հայաստան և հարևաներ. խաղաղության փնտրտուք» ծրագրի աջակցությունն ստացած փոքրածավալ ծրագրերից մեկը: Գաղափարի հիմքում կոնֆլիկտի վերաբերյալ ստացած գիտելիքները սիմուլիացիոն խաղերի միջոցով հասակակիցներին հասցնելն էր: Միջոցառմանը մասնակցեց էր համալսարանի տարբեր բաժինների 16 ուսանող: Հեղինակները և իրականացնողները «Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» դասընթացի երեք շրջանավարտներն էին:


Մեկ ու կես ժամ տևած ակտիվ խաղերից ու քննարկումներից հետո մասնակից ուսանողները մեծ ցանկություն հայտնեցին մասնակցել նմանատիպ սեմինարների և «Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» դասընթացին:

Հունիսի 8-ին Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի Գրիգոր Նարեկացու հոգևոր մշակույթի կենտրոնում ցուցադրվեց Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացումը: Ներկայացումը պատրաստվել էր կենտրոնի ուսուցիչների և հաճախող սաների համատեղ ջանքերով: Համայնքի երեխաները հնարավորություն ունեցան փոքր-ինչ կտրվել առօրյայից և հայտնվել հեքիաթի աշխարհում:
Ներկայացման կազմակերպիչները տեղեկացրեցին, որ հունիսին ցուցադրվելու են «Անբան Հուռին» և «Պույ-պույ մկնիկը» ներկայացումները ևս: Թատերախումբը նախատեսում է ներկայացումներով հանդես գալ նաև հարևան համայնքներում և ամառային ճամբարներում:

Քարակերտ համայնքի Գրիգոր Նարեկացու հոգևոր մշակույթի կենտրոնի ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամից: Թատերական խմբակից զատ, կենտրոնում գործում է նախակրթարան, նաև դաշնամուրի, կիթառի, նկարչության, կարպետի արտադպրոցական խմբակներ, որոնք օգնում են կազմակերպել համայնքի երեխաների ազատ ժամանակն ու նպաստում են գեղագիտական դաստիարակությանը:

 

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436