Նորություններ

Եկեղեցիների խոշորագույն միավորումներից մեկը՝ Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը, ողջունում է անցած ամիս հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցումը:

Հակամարտության կողմերին կոչ ենք անում՝ շարունակել հարգել հրադադարի ռեժիմը և մեղմացնել իրադրությունը՝ հետագա զոհերից խուսափելու համար: Մենք խորապես ցավում ենք բոլոր զոհերի համար ու անկեղծորեն ցավում այդ կապակցությամբ: Հայտնում ենք մեր համերաշխությունը բոլոր նրանց, որոնք կորցրել են իրենց հարազատներին: Այս մասին ասվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ:

«Մենք ճանաչում ենք, նաև վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին:

Այսօր՝ նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, խաղաղությանը միտված ջանքերն առավել քան կարևոր են: Քանի որ երկու կողմերն էլ տուժել են այդ համաճարակից, մենք մտահոգված ենք, որ բռնության սպառնալիքները կարող են մեծացնել առողջապահական ռիսկերը, նաև ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ ունենալ սահմանամերձ շրջաններում բնակվող քաղաքացիների համար:

Ջրամբարների և գյուղատնտեսական նշանակության հողերի հասանելիության դժվարություններն այժմ մեծ սպառնալիք են այդ տարածքներում գտնվող քաղաքացիական բնակչության կենսապահովմանը: Այդ դժվարությունները միայն վերահաստատում են սահմանին փոխըմբռնման և համագործակցության անհրաժեշտությունը:

Այդ համագործակցության համատեքստում պետք է հաշվի առնվի քաղաքացիական անձանց պաշտպանելու պարտավորությունը՝ համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային հումանիտար իրավունքի:

Հետևաբար, Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը կոչ է անում բոլոր կրոնական գործիչներին, նաև քաղհասարակության ներկայացուցիչներին ներգրավվել հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու գործում, բոլոր կողմերին՝ շարունակել հարգել հրադադարը, մեղմացնել իրադրությունը և խուսափել հետագա զոհերից:

Դաշինքը հորդորում է բոլոր կողմերին հարգել քաղաքացիական անձանց պաշտպանելու պարտավորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան, գործի դնել խաղաղ բանակցություններ վարելու՝ առկա հնարավորությունները, ինչպես նաև օգտվել հաղորդակցության առաջադեմ միջոցներից՝ քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու համար, բոլոր կողմերի կրոնական սպասվորներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ներգրավվել երկխոսության գործընթացներում, որոնք միտված են հակամարտության կարգավորմանը:

Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը միավորում է 120 երկրի 170-ից ավելի եկեղեցի: Հայաստանից կառույցին անդամակցում է դաշինքի հիմնադիր անդամ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը: Դաշինքը կենտրոնացած է արտակարգ իրավիճակներում անհապաղ օգնության տրամադրման, աղքատության հաղթահարման, կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության ապահովման ծրագրերի և նախագծերի իրականացման ուղղությամբ՝ ամբողջ աշխարհում:

Հայաստանում Դաշինքի աջակցությամբ «Կլոր սեղան» հիմնադրամն իրականացրել է բնական աղետներից և Սիրիայի պատերազմից տուժած մարդկանց օժանդակության տասնյակ ծրագրեր:

Աղբնյուրը՝ 1lure.am

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) նախաձեռնությամբ կայացավ «Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը դրա կանխարգելման համար» ծրագրի շրջանակում նախատեսված խորհրդատվական հանդիպումը: Այն նախատսված էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գուգարաց, Գեղարքունյաց թեմերում իրենց հոգևոր ծառայությունը մատուցող այն քահանաների և սոցիալական աշխատողների համար, ովքեր հուլիսի 1-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում իրենց համայնքներում պետք է ծավալեն ընտանեկան բռնության կանխարգելմանը նվիրված թեմայի շուրջ գործունեություն` կազմակերպելով միջոցառումներ, դասընթացներ, խորհրդատվական հանդիպումներ երիտասարդների, նորապսակ զույգերի, ՀՀ ԶՈՒ-ի պայմանագրային և ժամկետային զինծառայողների մասնակցությամբ` կարևորելով հատկապես տղամարդկանց ներգրավվածությունը: Մասնագետները տղամարդկանց իրազեկության մակարդակի բարձրացումը համարում են հենց այն գլխավոր բանալին, որի միջոցով հնարավոր է լինում կանխարգելել ընտանեկան բռնությունը: Հաշվի առնելով Կորոնավիրուսի համավարակը՝ հանդիպումը տեղի ունեցավ առցանց: Խորհրդատուն էր հոգեբան Դավիթ Գևորգյանը:


Քահանաները և սոց. աշխատողները փորձագետի հետ քննարկեցին սեռադերային կարծրատիպերի, նախապաշարումների, դրանցից բխող խտրական վարքի հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ իրենց հովվության ներքո գտնվող համայնքներում առաջացած օրակարգային խնդիրները, ինչպես նաև ընտանիքներում ծնող-երեխա, կին-ամուսին հարաբերություններում ճգնաժամային, սթրեսային իրավիճակները` ստանալով համապատասխան խորհրդատվություն ճիշտ լուծումներ գտնելու ու հարթեցնելու համար:


Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ, իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար, որպեսզի վերջիններն իրականացնեն ընտանիքում բռնության առաջնային կանխարգելում` բարձրացնելով մարդկանց իրազեկությունը համայնքներում և ՀՀ բանակում, ինչպես նաև տրամադրելով անհատական, զույգի և ընտանեկան խորհրդատվություն:

2019 թ. դեկտեմբեր ամսից սկսած՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի թիմը աշխատանք է իրականացնում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրը խմելու ջրով ապահովելու ուղղությամբ: Ներգրավվել են բազմաթիվ գործընկեր կառույցների՝ ջրագծի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով: Դովեղի բնակիչներին, հասարակական, մասնավոր և պետական տնտեսվարողներին ամենօրյա ռեժիմով խմելու ջուր ապահովելու համար կառուցվում է 2400մ երկարությամբ ջրագիծ, որը կապելու է Ստեփանավան–Նոյեմբերյան հիմնական ջրատարը Դովեղ գյուղի ջրատարի հետ: Գյուղում առկա է խմելու ջրի սպասարկման գործող ներքին ցանց:

Dovegh CCD Round Table Charity Foundation 2


Երկար սպասված խմելու ջրի ապահովման աշխատանքի իրականացումը հնարավոր է դարձել Սի-Սի-Դի ՀԿ-ի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի, «ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Նոյեմբերյանի և Կողբի համայնքապետարանների համատեղ ջանքերի և ներդրումների շնորհիվ։ Նշված բոլոր կազմակերպություններն ապահովել են ֆինանսական աջակցություն՝ աշխատանքի իրականացման նպատակով:

Dovegh CCD Round Table Charity Foundation

Ապահովվող ջրի ծավալների գնահատման գործում և ջրագծի կառուցման նախագծման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել Նոյեմբերյան և Կողբ խոշորացված համայնքների աշխատակազմերը, Տավուշի մարզպետարանը և «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները: Շինարարությունն իրականացնում է Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Dovegh CCD Round Table Charity Foundation 6

Ծրագրի շրջանակում մատակարարվող խմելու ջրից օգտվելու են Դովեղ բնակավայրի 550 բնակիչները: Գյուղում մշտական խմելու ջրի մատակարարումը կապահովի նաև առկա արտադրամասերի վերագործարկումը և նոր արտադրամասերի հիմնումը, որոնք սահմանամերձ գյուղի բնակիչների համար կապահովեն նոր աշխատատեղեր:

 

Ձեզ ենք ներկայացնում «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի՝ ինթերնշիփի մեր հաջորդ մասնակից Մեղրիկ Ճանէցեանին:


Ես Մեղրիկ Ճանէցեանն եմ` Սիրիայի Հալեպ քաղաքից: Նախքան Հայաստան գալս, սովորել եմ Սիրիայում՝ Էլեկտրոնային ճարտարագիտություն մասնագիտացմամբ:


Պատերազմի պատճառով դադարեցրեցի ուսումս և ընտանիքիս հետ որոշեցինք տեղափոխվել Հայաստան, որտեղ վստահ էի, որ պիտի գտնեմ հանգիստ և շարունակեմ կիսատ թողած ուսումս: 2016թ. սեպտեմբերին ընդունվեցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ֆակուլտետի 2-րդ կուրս: Ընտրեցի այս մասնագիտությունը՝ հաշվի առնելով ՏՏ ոլորտի արդիականությունը և աշխատանքային հնարավորությունները, որոնք օր օրի ավելանում են:

Ուսումնական տարիների ընթացքում յուրացրեցի C# ծրագրավորումը, տիրապետում եմ նաև HTML, JavaScript, WordPress ծրագրերին՝ մասնակցելով «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից կազմակերպված դասընթացներին, որոնք բարելավեցին մասնագիտական գիտելիքներս:


2019թ. ավարտելով բակալավրը՝ որոշեցի զբաղվել մասնագիտական աշխատանքային գործունեությամբ և որպես սկսնակ ծրագրավորող ցանկություն ունեի սկսել պրակտիկայից՝ առավել հմուտ դառնալու համար: Առաջին քայլերս անելու համար դիմեցի «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մասնագիտական պրակտիկային: Անցնելով հարցազրույց և մի քանի հանձնարարություններ կատարելուց հետո՝ պրակտիկայի անցա «Այ Թի Էյջ Դի» ՍՊԸ-ում՝ որպես Front End ծրագրավորող:

Պրակտիկայի ընթացքում կիրառում եմ մասնագիտական գրեթե բոլոր գիտելիքներս և մասնագիտական ծրագրերը, օրեցօր դառնում եմ առավել հմուտ և ինքնավստահ իմ աշխատանքում՝ ձեռք բերելով նաև թիմային աշխատանքի հմտություններ: Շնորհակալություն եմ հայտնում այս ծրագրին՝ երիտասարդներին նման հնարավորություն ընձեռելու և դեպի հաջողակ կարիերա ուղղորդելու համար:
«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ`կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին:

Մեկնարկել է «Հաղթահարենք համավարակը միասին» նախաձեռնությունը, որը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Համահայկական երիտասարդական միություն» (ՀԵՄ) կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը։

HEHEM Armenia Round Table masks 5


Ծրագրի շրջանակում քաղաքացիներին բաժանվում են անհատական փաթեթավորմամբ, բժշկական չափանիշներին համապատասխան՝ բազմաշերտ, բազմակի օգտագործման շնչառական դիմակներ։ Մեր օրերում մարդիկ ունեն հոգևոր և հոգեբանական առավել աջակցության կարիք, սակայն փակ դեմքի պայմաններում անհնար է արտահայտել որևէ ապրումակցող հույզ, ուստի ՀԵՄ կամավորները նախաձեռնեցին դիմակների վրա պատկերել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գծանկարը՝ իբրև հույսի և լավատեսության խորհրդանիշ։ Վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կենտրոմական գմբեթի Սուրբ Խաչը, և այս տարին ըստ երևույթին նշանավորվում է Հայ Քրիստոնյաների կյանքում իբրև Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի տարի։

HEHEM Armenia Round Table masks 7


Ծրագրի մեկնարկը տրվել է Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի և ՀԵՄ կամավորների հանդիպումով։

HEHEM Armenia Round Table masks 11
Թաղապետարանի սոցիալական բաժնի աշխատակազմի և Սրբոց Նահատակաց Եկեղեցու կամավորների ուղեկցությամբ Հայր Սուրբը և ՀԵՄ կամավորները մեկնեցին դիմակները բաժանելու՝ Դավթաշենի որոշակի սոցիալական խնդիրներ ունեցող բնակիչներին։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է բաժանել 3000 դիմակ։

 

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ, հայտարարում է վճարովի ինթերնշիփային ծրագրի 2-րդ փուլը, որն իրականացվում է «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:


Եթե դու ուսանող ես կամ հանդիսանում ես հայաստանյան բուհերից որևէ մեկի բակալավրի կամ մագիստրատուրայի շրջանավարտ (վերջին 12 ամսում), սակայն չես կարողանում գտնել աշխատանք՝ աշխատանքային փորձի պակասի պատճառով, ապա «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը հնարավորություն է տալիս քեզ ձեռք բերելու փորձ՝ 3-ամսյա ինթերնշիփի միջոցով՝ հայկական առաջատար ընկերություններում և կազմակերպություններում: 20-25 տարեկան այն երիտասարդները, ովքեր չունեն կամ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ, կարող են դիմել իրենց կրթությանը համապատասխան պրակտիկայի:

Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով:
Դիմելու համար՝

Անհրաժեշտ փաստաթղթեր/Հայերեն/ անգլերեն- https://bit.ly/39iyJSA
Դիմում-հայտագիր/Հայերեն/ անգլերեն– https://bit.ly/30CbZZZ

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 23 օգոստոսի, 2020թ.

Էլեկտրոնային դիմումները պահանջվող փաստաթղթերի հետ միասին ուղարկել Արաքս Մարտիրոսյանին` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով՝ Subject բաժնում նշելով Internship Application (Անուն/Ազգանուն):

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098 545361 հեռախոսահամարին:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ`կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 3-5-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում սովորող 3-րդ և բարձր կուրսերի ուսանողների, ինչպես նաև վերջին մեկուկես տարվա շրջանավարտ հանդիսացող՝ 21 սիրիահայ, պարսկահայ և տեղացի երիտասարդների մասնակցությամբ։


Ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրին էր դիմել 46 սիրիահայ և տեղացի երիտասարդ, որոնց միջև ընտրությունը կատարվել է առաջադիմության, ակտիվության և նախաձեռնողականության, մասնագիտական ծրագրերի իմացության և մոտիվացիոն նամակների հիման վրա։ Երկրորդ փուլով դիմորդներն անցել են հարցազրույց՝ համապատասխան կառույցների կողմից:


Մասնակիցները ՀՀ պետհամալսարանների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարապետություն և դիզայն, անգլերեն լեզու և հաղորդակցություն, ստոմատոլոգիա, ընդհանուր բժշկություն, դեղագիտություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, ծրագրային ճարտարագիտություն և բիզնես կառավարում ֆակուլտետների ուսանողներ և շրջանավարտներ են:


Պրակտիկայի նպատակն է ուսանողների և շրջանավարտների մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնագիտական դասընթացներից ստացած տեսական գիտելիքների կիրառումը և մասնագիտական ակտիվ գործունեության ծավալումը՝ արտադրական և գիտահետազոտական ծրագրերում: «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի պրակտիկայի բաղադրիչի դրույթների համաձայն՝ մասնակիցներն իրենց պրակտիկային տրամադրելու են շաբաթական 15-20 ժամ, որի համար, ծրագրի շրջանակում, ամսական ստանալու են համապատասխան վարձատրություն:


Ծրագրի շնորհիվ երիտասարդները ձեռք կբերեն մասնագիտական աշխատանքային փորձ, նոր հմտություններ, որոնք էլ հիմք կդառնան մասնագիտական աշխատանքի տեղավորմանը:
Երիտասարդներն իրենց մասնագիտական պրակտիկան անցնում են պետական և մասնավոր հետևյալ կառույցներում՝
• ՀՀ վարչապետի աշխատակազմ,
• Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբական կենտրոն,
• Ուիզ Քոդ Ակադեմիա,
• Ուայքաստր ՍՊԸ ընկերություն,
• Անտարես Հոլդինգ,
• ԴՈՄԻՆՈ փրոդաքշն,
• ԻՔՍ-ԹԵՔ,
• ԱՅ ԹԻ ԷՅՋ ԴԻ,
• Ուրբան Յունիթ, Ստորակետ, Ալ Համրա ճարտարապետական ստուդիաներ,
• Համալսարանական ստոմատոլոգիական կլինիկա,
• Ֆարմասիր:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման և պրակտիկայի բաղադրիչի նպատակն է բարելավել սիրիահայ, իրաքահայ, փախստական այլ երիտասարդների, ինչպես նաև տեղացի երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում՝ հնարավորություն տալով հասնելու իրենց աշխատանքային նպատակներին:

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) և Հայաստանյան Աստվածաշնչային ընկերության համագործակցության շրջանակում մեկնարկել է «Կանխարգելե´նք միասին պանդեմիայի և ինֆոդեմիայի հետևանքները» ծրագիրը: Նախաձեռնության շրջանակներում իրականացել է «Ընտանեկան բռնության մասին Աստվածաշնչյան մոտեցումը» թեմայով դասընթաց` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գուգարաց, Գեղարքունյաց թեմերի քահանաների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ: Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը՝ դասընթացն անցկացվել է առցանց: Դասընթացավարն էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Հոգետրավմայի ամոքում» ծրագրի ղեկավար, աստվածաբան Մարիաննա Ապրեսյանը:

Armenia Round Table Bible Society 20200707 043955


Միջոցառումն ուղղված էր Աստվածաշնչյան մոտեցմանը կանանց դեմ բռնության, իշխանության, ներողամտության, ապաշխարության և հնազանդության հարցերին: Դասընթացի ընթացքում շեշտադրվել են հատկապես կանանց նկատմամբ սեռական բռնության դատապարտումը հրեական օրենքում, կանայք հրեական հասարակության մեջ և ընտանիքում: Անդրադարձ է կատարվել ընտանիքում երեխաների ունեցած դերին, ինչպես նաև ծնող-երեխա փոխհարաբերությանը: Դիտարկվել է նաև Հիսուս Քրիստոսի ամոքող կերպարը` շեշտադրվելով, որ Նա եկավ լրացնելու հրեական օրենքը և հրաժարվեց առաջնորդվել բռնություն և իշխանություն բանեցնելու կանոններով:

Armenia Round Table Bible Society 20200707 043942
Քահանաները փորձագետի հետ ունեցած ակտիվ քննարկման արդյունքում անդրադարձ են կատարել իրենց հովվության ներքո գտնվող համայնքներում առաջացած օրակարգային խնդիրներին` ստանալով համապատասխան խորհրդատվություն և ուղղորդում: Առօրյա կյանքից բերված օրինակներն էլ նպաստել են դասընթացի տեսանելիությանը և արդյունավետությանը:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) նախաձեռնությամբ կայացավ «Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը դրա կանխարգելման համար» ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գուգարաց, Գեղարքունյաց, Կոտայքի իրենց հոգևոր ծառայությունը մատուցող քահանաների և սոցիալական աշխատողների համար: Հաշվի առնելով Կորոնավիրուսի համավարակը՝ դասընթացը տեղի ունեցավ առցանց: Դասընթացավարն էր հոգեբան Դավիթ Գևորգյանը:

Webinar priests armenia round table charity foundation 1

Օնլայն դասընթացն ուղղված էր սեռադերային կարծրատիպերի և նախապաշարումների, ինչպես նաև դրանցից բխող խտրական վարքի հոգեբանական առանձնահատկություններին։ Բացի այդ, շեշտադրվեցին նշված կարծրատիպերի կապը ընտանիքում բռնության հետ, ինչպես նաև դրանց հետ գործ ունենալու եղանակները։

Webinar priests armenia round table charity foundation 3

Քահանաները փորձագետի հետ քննարկեցին նաև վերոնշյալ թեմայի վերաբերյալ իրենց հովվության ներքո գտնվող համայնքներում առաջացած օրակարգային խնդիրները` ստանալով մասնագիտական խորհրդատվություն և ուղղորդում:

Webinar priests armenia round table charity foundation 4

Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար, որպեսզի նրանք իրականացնեն ընտանիքում բռնության առաջնային կանխարգելում` բարձրացնելով մարդկանց իրազեկությունը համայնքներում և ՀՀ բանակում, ինչպես նաև տրամադրելով անհատական, զույգի և ընտանեկան խորհրդատվություն:

Webinar priests armenia round table charity foundation 5

Իրենց ուրույն տեղն է զբաղեցնում հատկապես նորապսակների կամ ամուսնության պատրաստվող երիտասարդ զույգերի հետ տարվող խորհրդատվությունը: Ընտանիքում բռնությունն ունի բարդ ու բազմակողմանի բնույթ, որը պահանջում է համակողմանի մոտեցում: Այդ նպատակով Եկեղեցին և ՀԿՍ-ն ներկայացված են միջոլորտային աշխատանքային խմբերում` ուղղված բազմամասնագիտական գործնական մեխանիզմների մշակմանը: Տղամարդկանց ներգրավումը ծրագրի շրջանակում իրականացվելիք գործողություններին` հենց այն գլխավոր բանալին է, որն անհրաժեշտ է ընտանեկան բռնությունները կանխարգելելու համար:

«Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ)՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, կրթաթոշակներ տրամադրեց հայաստանյան բուհերում ուսանող 46 երիտասարդի:


2020 թ. փետրվարին հայտարարված՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կրթաթոշակի բաց մրցույթին ընդհանուր հաշվով դիմել էին 102 ուսանողներ, որոնցից 69-ը՝ ս.թ. գարնանային կիսամյակի ուսման վարձավճարի փոխահատուցման համար: Դիմորդների ընտրությունը կայացավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի, ծրագրի համակարգող Արաքս Մարտիրոսյանի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրի ղեկավար Ռուբինա Դևրիկյանի և «Իմ քայլը» հիմնադրամի՝ Կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանի մասնակցությամբ:


Պայմանավորված COVID-19-ի համաճարակով, հանձնաժողը քննարկումն իրականացրեց առցանց տարբերակով: Մանրամասնորեն ուսումնասիրվեցին յուրաքանչյուր դիմորդի ներկայացրած փաստաթղթերը՝ հաշվի առնելով կրթաթոշակների տրամադրման՝ ծրագրով հաստատված չափանիշները, այն է՝ ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու սոցիալական կարիքները: Հանձնաժողովի անդամների նկատառումների արդյունքում ընտրվեց 10 համալսարան ներկայացնող 46 ուսանող: Կրթաթոշակակիրները հանդիսանում են Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ:
Շնորհավորու՜մ ենք կրթաթոշակ ստացած ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020 թ. փետրվարի 1-ին՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի երիտասարդների կարողությունների զարգացումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը և մասնագիտական պրակտիկայի միջոցով՝ աշխատանքային փորձի ապահովումը:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436