Նորություններ

Օգոստոսի 20-24-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում կայացել է «Կրոնները՝ հանուն խաղաղության» շարժման 10-րդ համաշխահային համաժողովը: Համաժողովին նախորդել էր կանանց և երիտասարդության հարցերով հանդիպումը:

Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության և Բավարիայի մարզի աջակցությամբ: Համաժողովին մասնակցել է 100-ից ավելի երկրից ժամանած 900 կրոնական առաջնորդի, կառավարությունների ներկայացուցիչների, միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, կանանց և երիտասարդների հավատքահեն կազմակերպությունների ներկայացուցիչների: ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից հանդիպմանը մասնակցել է ծրագրերի պատասխանատու Ծովինար Ղազարյանը:

20190819 090418

Համաժողովը նախաձեռնել է քննարկումներ «Հոգալով մեր ընդհանուր ապագայի մասին՝ կառուցենք ընդհանուր բարեկեցություն» թեմայով: Համաժողովի մասնակիցները կոչ են արել գործողություններ և գործակցություն սկսել համընդհանուր բարեկեցության համար: Միջոցառման ավարտին մասնակիցներն ընդունել են հռչակագիր, որով պատրաստակամություն են հայտնել նախաձեռներ գործողություններ ընդհանուր բարեկեցության համար՝ կանխելով և փոխակերպելով կոնֆլիկտները, աջակցելով արդար և ներդաշնակ հասարակության հաստատմանը, օժանդակելով կայուն և ինտեգրված մարդկային զարգացումը և պահպանելով Երկիրը:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում «Սովորելով խաղաղություն. Խաղաղության ակումբ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախատեսված հինգ հանդիպում-քննարկումներից մեկը: Ծրագիրն իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ ՀԿՍ-ի ֆինանսական աջակցությամբ:


Հանդիպմանը մասնակցում էր մոտ 30 երիտասարդ: Ծրագրի նպատակն էր բարձրացնել վանաձորցի երիտասարդների իրազեկվածության մակարդակը և փոխանցել նրանց գիտելիքներ կոնֆլիկտների տեսակների, կոնֆլիկտների կարգավորման կարևորության, կոնֆլիկտների պատճառով առաջացած հետևանքների, այդ գործընթացներում տարբեր կառույցների դերի և այլ հարակից թեմաների վերաբերյալ:


Հանդիպմանը մասնակցում էին «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան, ՀԿՍ խաղաղության ծրագրի խորհրդատու Արամ Սաֆարյանը, ՀԿՍ ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը և Սլավոնական համալսարանում իրականացվող «Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» դասընթացի շրջանավարտ Հարություն Կարապետյանը:


Սաֆարյանը խոսեց «Քաղաքական փնտրտուքներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ (պատմություն, իրականություն և ապագա)» թեմայով: Քննարկվեցին նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը ողջ տարածաշրջանի վրա: Հարություն Կարապետյանը մասնակիցների հետ քննարկեց փափուկ ուժի հասկացությունը և փոքր պետությունների հնարավորությունները փափուկ ուժի շնորհիվ:
Թեմաների ամփոփման փուլի ավարտից հետո երիտասարդ ակտիվիստներն ուղղեցին իրենց կուտակված հարցերը թեմաների վերաբերյալ և համատեղ քննարկեցին դրանք:


Քննարկումների ավարտին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ջանքերով Վանաձորի քաղաքի Նարեկացի փողոցում՝ հայ-վրացական միջպետական ճանապարհին, երիտասարդները ստեղծեցին «Խաղաղության պատ», որի վրա գրեցին խաղաղության թեմայով թևավոր խոսքեր:

Հունիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում: Միջոցառումը կազմակերպել էր ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (Կլոր սեղան)` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:


Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը ողջունեց ներկաներին և ընդգծեց երկու հարևան երկրների միջև բնապահպանական թեմաներով միջկրոնական այդ հանդիպման կարևորությունը: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ քննարկմանը մասնակցում են նաև ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը և Հայաստանում հայտնի բնապահպանական ՀԿ-ները: Նազարյանը հույս հայտնեց, որ միջկրոնական հանդիպումները կդառնան ավանդական և այսուհետև կվերաբերեն նաև այլ հրատապ թեմաների:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ողջույնի խոսքում ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքն ու բարեմաղթանքները և երախտագիտություն հայտնեց հայ-իրանական հանդիպում-քննարկման կազմակերպիչներին:


Սրբազան Հայրը կարևորեց նման քննարկումները, որոնք նպատակ են հետապնդում նպաստել տարածաշրջանում բնապահպանության մշակույթի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների արծարծմանը: Նաթան արքեպիսկոպոսը մտահոգությամբ նշեց, որ մարդկանց կողմից բնության չարաշահումն ու շահագործումը և դրանից բխող հետևանքները սահմաններ չեն ճանաչում, ինչն անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում, այդ թվում նաև` Հայաստանում: Սրբազան Հայրը մասնավորաբար ընդգծեց ու հաստատեց այն իրողությունը, որ բոլոր կրոնները պարտավորեցնում են իրենց հետևորդներին պահպանել բնությունը՝ իբրև Աստծո արարչագործություն:


ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին հանդիպումը նկատեց հայ-իրանական միջկրոնական երկխոսության կարևոր քայլ: Նա հատուկ շեշտեց, որ տարբեր կրոններ դավանող Հայաստանն ու Իրանն ամբողջ աշխարհին կարող են ծառայել՝ որպես երկխոսության և համագործակցության օրինակ:


Օրվա թեմայի շուրջ ելույթներ ունեցան Երևանի պետական համալսարանի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ Նելլի Հովհաննիսյանը՝ «Մարդու և բնության փոխազդեցությունը և փոխընկալումը ժամանակի մեջ» թեմայով և Թեհրանի Գիտության և մշակույթի համալսարանի ռեկտոր, մշակույթի գերագույն խորհրդի «Մշակույթ, արվեստ և ճարտարապետություն» հանձնաժողովի քարտուղար դոկտոր Մոհամմադհոսեյն Իմանի Խոշխուն՝ «Կրոնական զբոսաշրջություն, մարդ և բնություն» բանախոսությամբ:


Հանդիպման երկրորդ մասում զեկույցներով հանդես եկան Իրանի կրոնագետների գերագույն խորհրդի քարտուղար և Շիագիտության համաշխարհային կոնգրեսի նախագահ, դոկտոր Այաթ Փեյմանը՝ «Զբոսաշրջություն, բարոյականություն, խաղաղություն և բարեկամություն» թեմայով և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ «Արարչագործության հետ ներդաշնակ» վերտառությամբ ելույթով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ
ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436