Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը հաջողությամբ ավարտեց հումանիտար օգնության բաշխումը կարկտահարությունից առավել տուժած Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում:
Ծրագրի իրականացման շրջանակում 4260 մարդ ստացավ մեկական պարկ ալյուր և արևածաղկի ձեթ, որը կապահովի յուրաքանչյուր ընտանիքի սնունդն առաջիկա 3 ամիսների համար:


Ծրագրի իրականացմանն աջակցեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սոցիալական բաժինը՝ հանձին Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի, և նշված համայնքների հոգևոր հովիվները, ինչպես նաև՝ կամավորներ համայնքներից: Դսեղ, Ոսկեհասկ համայնքներում օգնության բաշխմանը մասնակցեցին նաև մարզպետարանների ներկայացուցիչները և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:

 

 

Children are dancing during the opening ceremonyՏեղի ունեցավ Ալավերդու համայնքի թիվ 3 մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Սանաhին երկաթուղային կայարանում տեղակայված մանկապարտեզի վերանորոգումն իրականացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի, «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի և տեղական ձեռնարկությունների աջակցությամբ: ՀԿՍ-ն ֆինանսավորել է նոր դռների ու պատուհանների ու լամինատե հատակի տեղադրումը: ՀԿԵ-ին իրականացրել է տանիքի վերանորոգում և ներքին հարդարման աշխատանքներ, օգտագործելով սեփական նյութերը և աշխատուժը, ինչպես նաև մասնաշենքի կահավորումը, մանկապարտեզի բակի և խաղահրապարակի վերականգնումը:


ՀԿԵ-ի արհմիությունների միությունը տրամադրել է սարքավորումներ և նյութեր տաք ջրի և ջեռուցման համակարգի համար: Բացման արարողությանը ներկա էին մանկապարտեզի սաները, նրանց ծնողներն ու հարազատները, մանկապարտեզի աշխատակիցները, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀԿԵ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Վալկոն, ՀԿԵ ՓԲԸ-ի Նյութատեխնոլոգիական ապահովման տնօրինության պետ Եվգենի Լադոշան, ՀՀ-ում ՌԴ Առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն, բարերարներ ու հյուրեր:

 

 

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք (ACT Alliance) կազմակերպության արագ արձագանքման ծրագրերի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դաշինքի հայաստանյան ֆորումի հետ համագործակցությամբ հումանիտար օգնության ծրագիր է իրականացնում Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում: Ծրագիրը հիմնված է կարկտահարությունից տուժած համայնքներին օգնելու վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության առաջարկի վրա:

Մարդասիրական օգնության բաշխումը մեկնարկեց Լոռու Դսեղ համայնքում: Մասնագետները հաշվի են առել փաստը, որ կարկուտն ու փոթորիկը ոչ միայն ոչնչացրել են բնակիչների բերքը, այլ նաև ջարդել տների տանիքներն ու պատուհանները: Դսեղ գյուղում 1795 բնակիչ արդեն ստացել է ալյուր և արևածաղկի յուղ պարունակող սննդի օգնության փաթեթները: Օգնության տրամադրման և համակարգման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության բաժինը՝ դեմս ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի:

Լոռու և Շիրակի մարզերի գյուղապետարանները աջակցում են ծրագրին՝ տրամադրելով շահառուների ցուցակները և մասնակցելով օգնության բաշխման գործընթացին: Հաջորդ շահառու համայնքները Շիրակի մարզից ընտրված բնակավայրերն են:

 

40 սիրիահայ և Շիրակի մարզի կարիքավոր համայքների երիտասարդներ հավաքվել են ամառային ճամբարում՝ մինչև օգոստոսի 8-ը վայելելու իրենց հանգիստը, մասնակցելու հայագիտության և հայ ազգագրական մշակույթի դասընթացներին, սովորելու հայ ազգագրական պարեր: Նրանք նաև բեմադրելու են «Ֆորում Թատրոն»-ի ներկայացումներ՝ իրենց համայքների կարևոր խնդիրների վերաբերյալ:


Մասնակիցները նաև կմեկնեն ուխտագնացությունների՝ Օձուն, Սանահին, Ախթալա, Հաղպատ, ՀԱԵ-ու հոգևորականների ուղեկցությամբ:
Ճամբարի ծրագիրը և բոլոր միջոցառումները ընտրել և պլանավորել են ճամբարի մասնակիցները: Ամառային ճամբարը իրականացնում են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Հալեպ» ՀԿ-ն՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:

 

 

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի «Տնային տնտեսությունների ինքնազբաղվածության խթանում» ծրագրի շրջանակում Լոռու մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 42 երիտասարդ կին և աղջիկ ստացել է անհրաժեշտ մասնագիտական գիտելիք և ձեռք բերել հմտություններ հատապտղային մշակաբույսերի մշակման, վերամշակման և իրացման վերաբերյալ, իսկ տնամերձերում հիմնել են բարձրարժեք մշակաբույսերի հատապտղային տնկարքներ:

Այդ տնկարքները բերքատվություն կունենան վեգետացիոն 1-ին և 2-րդ տարվանից, այնուհետև կապահովեն բնական և վերամշակված գյուղմթերքի իրացման համար անհրաժեշտ հատապտուղների քանակ: Այժմ մասնագետները կանոնավոր տնային այցելություններ են կազմակերպում շահառուների համար դաշտային խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Ծրագրի շահառուների արտադրած գյուղատնտեսական բնական և վերամշակված մթերքների զբոսաշրջիկների՝ պահանջներին համապատասխանող իրացումը խթանելու համար, Լոռի Բերդ գյուղում նախատեսվում է ստեղծել «Գյուղատնտեսական արտադրանքի իրացման կենտրոն»: Այն դառնալու է համայնքի բնակիչների գյուղատնտեսական ապրանքները պոտենցիալ գնորդներին առաջարկելու համար մասնագիտացված վայր:

Ծրագրի իրականացման ընթացքում շահառուները ձեռք կբերեն նաև սոցիալական ձեռնարկատիրության, թիմային աշխատանքի և շուկայավարման վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ, կկարողանան ինքնաբացահայտել և ինքնադրսևորվել: Ստացած գիտելիքն ու հմտությունները հետագայում հնարավորություն կտան ընդլայնել գործը և տնտեսությունների եկամուտում մեծացնել գյուղատնտեսությունից ստացվող մասնաբաժինը: Սկսած երկրորդ տարվանից՝ յուրաքանչյուր շահառու «Գյուղատնտեսական արտադրանքի իրացման կենտրոնի» միջոցով վերցրած տնկիների քանակի 50%-ի չափով պետք է տրամադրի այլ շահագրգիռ ընտանիքների:

Լոռի Բերդ գյուղ, որը հայտնի է Լոռե բերդաքաղաք արգելոց-թանգարանով, 2017 թվականին այցելել է մոտ 17000 զբոսաշրջիկ: Խոշորացումից հետո այն դարձել է համայնքային կենտրոն: Լոռի Բերդ գյուղին հարակից Ագարակ և Լեջան գյուղերը նույնպես ընդգրկվել են միևնույն համայնքի մեջ: «Տնային տնտեսությունների ինքնազբաղվածության խթանում» ծրագիրն իրականացվում է Լոռու մարզի Լոռի Բերդ, Ագարակ և Լեջան գյուղերում՝ երեք ամիս ժամկետով: Այն ուղղված է այդ համայնքների անապահով ընտանիքների սոցիալ-տնտեսական մակարդակի բարձրացմանը, երիտասարդ կանանց զբաղվածության ապահովմանը:

Ծրագրի վերջնանպատակն է տնային տնտեսությունների եկամուտում մեծացնել գյուղատնտեսությունից ստացվող մասնաբաժինը՝ բարձրացնելով ինքնազբաղվածության և գյուղատնտեսության վարման արդյունավետությունը: Ծրագրի նպատակներին հասնելու համար շահառուների համար կազմակերպվել են հանդիպումներ, խորհրդատվություններ և դասընթացներ: Փորձագետները նաև այցելել են ծրագրի շահառուների տնամերձ հողատարածքներ՝ հատապտղային տնկարքների տնկման, աճեցման և բերքահավաքի համար հողամասերի ընտրության և հիմնական տնկման սխեմաների ստեղծման համար:

Ձեռք են բերվել ազնվամորու, ելակի, անգույն մոշի, Գոջի բերրիի տնկիներ և բաժանվել շահառուներին:

Ծրագիրն իրականացվում է «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության և «Մաքուր մթերք արտադրողներ» սպառողական կոոպերատիվի համագործակցությամբ: Ծրագրի ընթացքը վերահսկում և մշտադիտարկում է ՀԿՍ-ն:

 

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper