Նորություններ

Ավարտվեց արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» 6-րդ փառատոնը: Օգոստոսի 23-30-ը Երևանում և մարզերում անցկացված փառատոնի ընթացքում տեղի ունեցան կինոդիտումներ, քննարկումներ ֆիլմերի հեղինակների հետ, հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոների կոնֆերանս, համերգային բացօթյա ծրագրեր: «Ֆրեսկո» փառատոնն անցկացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Չնայած, որ փառատոնի կազմակերպիչներ Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը հայտարարում են, թե փառատոնում չհաղթած ֆիլմեր չկան, քանզի յուրաքանչյուր ֆիլմ հոգևոր արժեք է, այնուամենայնիվ, ներկայացրին անվանակարգերում հաղթած ֆիլմերը:

  • Լավագույն ուղերձ «Քաջություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հալեպ» ֆիլմը ԱՄՆ-ից:
  • Լավագույն ուղերձ «Սեր» անվանակարգում հաղթեց «Մրցանակ» ֆիլմը Մակեդոնիայից:
  • «Խաղաղություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Տամբորի լացը» ֆիլմը Տաջիկստանից:
  • Լավագույն ուղերձ «Մարդասիրություն» անվանակարգում հաղթողը «Ես կամավոր եմ» ֆիլմն էր Ռուսաստանից:
  • «Քաջություն և հույս» անվանակարգի մրցանակն էլ գնաց Ռուսաստան` «Բարձունքի հատակից» ֆիլմին:
  • Հույս անվանակարգում հաղթեց «Շախմատ» ֆիլմը՝ Իտալիայից:
  • Լավագույն ուղերձ «Ծնողական դաստիարակություն» մրցանակը տրվեց «Ընտանիքի 7 գույները» ֆիլմին Ռուսաստանից:
  • «Հայրենասիրությունը» բաժին հասավ Հայաստանին. հաղթեց «Միացյալ թագավորություն» ֆիլմը:
  • Լավագույն ուղերձ «Ընտանեկան արժեքներ» անվանակարգում հաղթեց «Իմ անունը Պետյա է» ֆիլմը՝Ռուսաստանից: 

Փառատոնին մասնակցել է 37 ֆիլմ` 13 երկրից: Մրցանակ- հուշանվերները պատրաստել են Նոր Խարբերդի մանկատան սաները, իսկ պատվոգրերը պատրաստվել են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից հավաքված ծաղիկների թերթերից:  

Լուսանկարները՝ SPUTNIK Armenia-ի:

«Ֆրեսկո 2019» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի շրջանակում Երևանում կայացավ հոգևոր և կրոնական ֆիլմերի փառատոների ներկայացուցիչների հանդիպում- քննարկումը՝ «Մարդը՝ նշանակետի տակ» խորագրով: Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության (ՀԵՀԵՄ) շենքում կայացած կոնֆերանսին ներկա էին Իտալիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Հայաստանում անցկացվող հոգևոր և կրոնական ֆիլմերի փառատոների ներկայացուցիչները: Նրանք Հայաստան են ժամանել «Ֆրեսկո 2019»-ին մասնակցելու, փառատոնի ընթացքում իրենց փառատոներին մասնակցած որոշ ֆիլմեր ցուցադրելու և հանդիպումներին ու քննարկումներին մասնակցելու նպատակով:

IMG 2187
Մասնակիցներն իրենց փառատոները ներկայացնելուց հետո քննարկեցին կինոյի մեջ հոգևորի ազդեցությունը, հաշմանդամության թեման կինոյի մեջ, համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

IMG 2191


«Ֆրեսկո 2019» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն անցկացվում է օգոստոսի 23-30-ը: Փառատոնն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

IMG 2193


Փառատոնի մասին առավել մանրամասն՝ այստեղ:
Փառատոնի ծրագիրը՝ այստեղ:

 

Օգոստոսի 24-30-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի վեցերորդ միջազգային փառատոնը: Հայաստանն այդ օրերին կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում: Սուրբ Աննա եկեղեցու հարակից տարածքում, Նկարիչների միությունում, Հայ Առաքելական Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության շենքում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Կինոդիտում կկազմակերպվի Սաղոմսավանքում։ Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:
Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 10-ից ավելի երկրներից 37 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր:

IMG 2083
«Ֆրեսկո 2018»-ն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ: Գլխավոր գործընկերն է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը:


Ֆրեսկո 2019 փառատոնի ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղից:

 

Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի
փառատոնի ընդհանուր նկարագիրը


Ֆրեսկո՝ կինոփառատոնի նոր բանաձև:
«Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի վերաբերյալ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:


«Ֆրեսկո». ոչ ֆորմալ մոտեցում:


«Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում փողոց:
Փառատոնի մի մասն անցկացվում է Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարների:

Վրանային կինոճամբարներ ՀՀ մարզերում:


Սիրելու առաջին քայլը ճանաչելն է:


Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` փառատոնը մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում է» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:
«Ֆրեսկո» կինոծրագիր՝ խոսում ենք մարդասիրության լեզվով:


Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու... քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ: Ֆիլմերին հաջորդող քննարկումներին մասնակցում են ոչ միայն ժապավենի ստեղծողները, ալև ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող հերոսներ, ոլորտի պատասխանատուներ:

IMG 2121

Ֆիլմերի Մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում`


Լավագույն ուղերձ «Հավատ»,
Լավագույն ուղերձ «Հույս»,
Լավագույն ուղերձ «Սեր»,
Լավագույն ուղերձ «Խաղաղություն»,
Լավագույն ուղերձ «Քաջություն»,
Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»,
Լավագույն ուղերձ «Հայրենասրություն»:

Ռոքից դասական, ազգայինից-հոգևոր:


Արդի արվեստի և դասական մշակույթի համադրություն «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի՝ ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական:
Յուրաքանչյուր փառատոնային օրվա մեկնարկը հայտարարվում է համերգային ծրագրով:

IMG 2158

Տարվա խորհրդանիշերը:


Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին
Ամեն տարի փառատոնի հարյուրավոր կամավորների ձեռքով պատրաստում են փառատոնի խորհդանիշերը՝ հուշանվերները, որոնք ունենում են իրենց ուղերձը: Հուշանվերների հազարավոր օրինակները հանդիսավոր կերպ՝ բեմականցմամբ բաժանվում են հանրությանը: Այս փոքրիկ հուշանվերները ոչ միայն գեղեցիկ խորհրդանիշ են այլև երիտասարդներին և խոցելի խմբերին միավորելու և ներառական կրթության միջոց:
Մոմեր, աղոթքներ, հայկական խաչքարեր, մրցանակներ:
Փառատոնի աշխատանքներում ներգրաված են ավելի քան 200 կամավորներ:

Հատուկ ծրագրեր:


Միասին կարող ենք…


«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Փառատոնի մրցանակները հատուկ մասնագիտացված մանկատան սաների ձեռքերով:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436