Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակների և «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ, փետրվարի 4-ից 5-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցային համալիրում անցկացրեց «Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցին» խորագրով համաժողովը:
Համաժողովի առաջնահերթ նպատակը ՄԱԿ-ի հռչակած և ՀՀ կողմից ընդունված 17 Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցու գործունեության համադրումն այդ նպատակներին քննարկելն էր:


Համաժողովին մասնակցեցին Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ Մանոջ Կուրիանը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից՝ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնների աշխատակիցները, այլ հյուրեր:


Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը բացման խոսքից և աղոթքից հետո ողջունեց համաժողովի մասնակիցներին և նշեց, որ կարևորագույն այս հանդիպումը կազմակերպելով՝ Կլոր սեղան հիմնադրամը ևս մեկ անգամ ընդգծեց իր նվիրվածությունը և հոգածությունը սոցիալական և կրթական զարգացման թեմաների հանդեպ:


Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը համաժողովի բացման ընթացքում նշեց. «Աշխարհի շատ երկրներ իրենց ցարգացման ծրագրերը ձգտում են համահունչ դարձնել ԿԶՆ, քանի որ դա է ժամանակի հրամայականը: Մյուս կողմից, ՄԱԿ-ը քաջ գիտակցում է, որ զարգացման նպատակների իրականացմանը մեծապես կարող է նպաստել սերտ համագործակցությունը կրոնական հաստատությունների և առաջնորդների հետ, օրինակ՝ «ՄԱԶԾ ուղեցույցը՝ հավատահեն կազմակերպությունների և կրոնական առաջնորդների հետ շփումների վերաբերյալ» (UNDP Guidelines on Engaging with Faith-based Organizations and Religious Leaders) վերնագրով փաստաթուղթը: Իսկապես, հավատահեն կազմակերպությունները և կրոնական առաջնորդները երկրագնդի գրեթե բոլոր համայնքների մի մասն են: Նրանք ոչ միայն նշանակալի ներդրում են ունենում զարգացման գործընթացներում, այլ նաև բազմաթիվ ուղղություններով ավելացնում են արժեք՝ ՄԱԿ-ի ջանքերին: Անշուշտ, ԿԶՆ-ից պետք է կենտրոնանալ հատկապես այն նպատակների վրա, որոնք առաջնահերթ են Հայաստանի համար»:


Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշեց, որ Եկեղեցին վաղուց է իրականացնում ծրագրեր, որոնց նպատակն է աղքատության հաղթահարումը, կրթության մատչելիությունը և համայնքների զարգացումը: «Փոխանցում եմ ձեզ նաև Վեհափառ Հայրապետի օրհնությունը և հաջող ընթացքի համար մաղթանքները հեռավոր Ավստրալիայից»,- նշեց Մուշեղ սրբազանը:


«Խոսելով Միջկրոնական ներդաշնակության համաշխարհային շաբաթվա ոգով, որը ՄԱԿ-ը նշում է ամեն փետրվարի առաջին շաբաթը, ես հավատացած եմ, որ Կայուն զարգացման նպատակները՝ մեր մոլորակի կայուն ապագայի ճանապարհային քարտեզը, զգալի արտացոլում ունեն Եկեղեցու առաքելության մեջ: Այս ճանապարհը բոլորս անցնում ենք միասին և միայն միասին կարող ենք դիմագրավել մեր դեմ հառնած մարտահրավերներին - լինի դա աղքատության և անհավասարության հաղթահարումը, շրջակա միջավայրի փրկությունը թե բարօրության, խաղաղության և արդարության հասնելը: Ինչպես նշեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ հավատը կարևորագույն նշանակություն ունի հույսի և դիմակայունության համար»,- միջոցառման բացման ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփը։


Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Մաթիաս Քիսլերը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությունը: «Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնները կարևոր դերակատարում ունեն համայնքների սոցիալական կյանքում, և այդ առումով Կլոր սեղան հիմնադրամն արդեն նպաստում է Կայուն զարգացման նպատակների իրագործմանը»:
Միջոցառման ընթացքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդից հատուկ հրավիրված բանախոս Մանոջ Կուրիանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակները՝ հավատքի և եկեղեցու տեսանկյունից: «Իրականում եկեղեցին արդեն մեկ հազարամյակից ավելի իր գործունեությամբ նպաստում է ՄԱԿ-ի հռչակած նպատակների իրականացմանը: Քրիստոնեության փիլիսոփայության և գաղափարախոսության առանցքում հենց միմյանց օգնելու սկզբունքն է»,- ասաց նա համաժողովի բացման ժամանակ:


Նյու Յորքից հղած տեսաուղերձի ընթացքում «Եկեղեցիների համատեղ գործողություններ» (ACT Alliance) դաշինքի գլխավոր քարտուղար պարոն Ռուդելմար Բուենո դի Ֆարիան շեշտեց, որ եկեղեցիները ԿԶՆ-ի մշակման գործընթացում ամենաակտիվ դերակատարներից և մասնակիցներից մեկն էին: «Եկեղեցիները զարգացմանն ուղղված գործունեություն են ծավալել ՄԱԿ-ի հիմնադրումից դեռևս հարյուրավոր տարիներ առաջ: Կայուն զարգացման նպատակների իրականացման համար պետք է ջանք գործադրեն ոչ միայն կառավարությունները, այլև եկեղեցիները, քաղաքացիական հասարակությունը, անհատները»,- նշեց դե Ֆարիան:


Բրյուսելից հղած տեսաուղերձի ընթացքում Եվրադիակոնիա միջազգային միջեկեղեցական կազմակերպության գլխավոր քարտուղար տիկին Հիթեր Ռոյը նշեց, որ իրենց ուրախ են տեսնելու, թե որքան շատ են համաժողովի մասնակիցները և հույս հայտնեց, որ նրանք ջանք չեն խնայի Կայուն զարգացման նպատակների իրականացման մեջ իրենց ներդրումն ունենալու համար: «Որպես միջազգային դիակոնիալ կազմակերպություն, որն իրականացնում է սոցիալական ծրագրեր, Եվրադիակոնիան բոլոր պատասխանատուներին հորդորում է Կայուն զարգացման նպատակները դիտարկել որպես ավելի լավ կենսապայմաններ, կրթական, սոցիալական և տնտեսական չափորոշիչներ սահմանելու ուղի»,- ասաց տիկին Ռոյը:


Համաժողովի մյուս նպատակն էր զինել Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներին և թեմերին կից գործող սոցիալական կենտրոնների աշխատակիցներին Կայուն զարգացման նպատակների մասին անհրաժեշտ գիտելիքով և քննարկել, թե ինչպես եկեղեցին կարող է գործուն աջակցություն ցուցաբերել Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ:


Կայուն նպատակների իրագործման մեջ մեծապես գնահատվում է Եկեղեցու դերը, քանզի նրա սպասավորները համայնքներում հստակ տիրապետում են այնտեղ տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին տեղեկություններին, գիտեն իրենց հոգևոր հոտի անդամների կարիքները և կարող են անգնահատելի դերակատարում ունենալ Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործնական քայլերի իրականացման հարցում:


«Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակները պաշտոնապես ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ից: Դրանք ներառում են աղքատության, սովի վերացումը, բնակչության առողջության ամրապնդումը, որակյալ կրթության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը, մաքուր ջրի և սանիտարական պայմանների ապահովումը, մատչելի և մաքուր էներգիայով ապահովումը, արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի ապահովումը, արդյունաբերության, նորարարությունների և ենթակառուցվածքների զարգացումը, անհավասարությունների վերացումը, կայուն համայնքների ստեղծումը, պատասխանատու սպառումը, կլիմայի պահպանումը, կյանքը ջրի տակ և ճանմբարում, խաղաղության ամրապնդումը և հանուն այդ նպատակների իրականացման համագործակցության ամբապնդումը:


Կայուն զարգացման նպատակներն ընդունել էին աշխարհի երկրների առաջնորդները՝ 2015 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Այդ նպատակները հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող բոլոր երկրներին կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper