Նորություններ

Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնը World Vision Armenia կազմակերպության հետ համագործակցությամբ երեխաների և մեծահասակների համար կազմակերպեց հերթական ուխտագնացություն` դեպի Գյումրի: Ուխտագնացությանը մասնակցեց կենտրոնի 52 անդամ:


Ուխտագնացությունը մեկնարկեց Գյումրու Յոթ Վերք եկեղեցով, որտեղ տեղի քահանան ներկայացրեց եկեղեցու պատմությունը, խոսեց սրբավայրի մասին, աղոթեց ուխտավորների հետ:


Ուխտավորները շրջեցին նաև Գյումրու հրապարակով և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքով, որը մեծ ավերածության էր ենթարկվել Սպիտակի երկրաշարժի ժամանակ, իսկ այժմ դեռ շարունակվում է վերակառուցումը: Այնուհետև ուխտավորներն ուղևորվեցին դեպի Հառիճավանք, որտեղ Թրբանճյան ընծայարանի սաները նրանց ծանոթացրեցին Հառիճավանքի պատմությանը, ցուցադրեցին համալիրի տարածքում գտնվող եկեղեցիները, մատուռները, ներկայացրեցին դրանց հետ կապված պատմությունները: Կենտրոնի տղա երեխաներից մի քանիսը նույնիսկ ցանկություն հայտնեցին հիմնական դպրոցն ավարտելուց հետո ուսանել Հառիճավանքի ընծայարանում։

«Քաջ Նազարը Արարատի լանջին»

 

Արագածոտնի թեմի Սաղմոսավանի նորակառույց Հայորդաց տանը իրականացվող դասընթացների շարքում ամենասիրվածներից են նկարչության դասերը: Ակտիվորեն մասնակցում է շուրջ 60 երեխա` Սաղմոսավան և Արտաշավան գյուղերից:

nkarich
Նրանցից է 8-րդ դասարանցի Ռուբիկ Քոչարյանը, որը ցուցաբերելում է մեծ հետաքրքրություն և առաջադիմություն: Հունիսի 2-ին Ռուբիկը մասնակցեց «Մինորա» մշակութային կենտրոնի կազմակերպած «Էտյուդ» մրցույթ-փառատոնին, որը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։ Մրցույթին ՀՀ մարզերից և քաղաքներից մասնակցում էր տարբեր տարիքի 172 երեխա: Մրցույթի արդյունքներով Ռուբիկն իր «Քաջ Նազարը Արարատի լանջին» նկարով զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը և արժանացավ պատվոգրի: Պատվոգրի արժանացավ նաև նրա ուսուցիչ, մանկավարժ Սաթենիկ Հովսեփյանը:


ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող Սաղմոսավանի Հայորդյաց տան գործունեությունը կազմակերպվում է Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի և տեղի դպրոցի մասնագետների կողմից` կամավոր հիմունքներով: Այստեղ դասավանդվում են նկարչություն, թափոններից կենցաղային իրերի և հուշանվերների պատրաստման հմտություններ, երգեցողություն, կազմակերպվում են կրթատեղեկատվական դասընթացներ` բնապահպանական թեմաներով: Իրականացվում են նաև համակարգչային հմտությունների ուսուցման դասընթացներ` բարձր որակավորման մասնագետների կողմից, որոնց նախապատրաստումն իրականացվել է Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած դասընթացների միջոցով:

ՄԻՌ հեռուստաընկերության անդրադարձը Աշտարակում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմին կից, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի մասին:

Արցախի, Արթիկի, Աշտարակի և Տավուշի կարիքավորներին և աշակերտներին ամանորյա անակնկալ նվերներով են այցելել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները, թեմերի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները: Նախաձեռնությունն իրեկանացել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:


ArtikԱրցախի թեմի հոգևորականներն ամանորյա անակնկալ են մատուցել Արցախի ծերանոցին, Թաղավարդ գյուղի, Շուշիի և Ստեփանակերտի 34 բազմազավակ ընտանիքների, Շուշիի բանտում գտնվող 70 մարդու, Ստեփանակերտի Գիշերօթիկ դպրոցի 25 սաների:


Արթիկի թեմում հոգևորականները նվերներ են բաժանել Արթիկ քաղաքի, Անուշավան, Տուֆաշեն, Լեռնակերտ, Վարդաքար, Լուսակերտ, Հոտվաշեն, Նահապետավան, Սպանդարյան, Արևշատ համայնքների 60 կարիքավոր բնակչի:


Աշտակարի «Սուրբ Մարիանե» կենտրոնում ամանորյա միջոցառման ժամանակ նվերներ է ստացել 80 շահառու: Շնորհավորանքներից և նվերներ ստանալուց հետո Ձմեռ Պապին իրենց երաժշտական կատարումներով ուրախացրեցին կենտրոնի սաները:


48393315 1931492093827387 2987011177248194560 oԱյս տարի Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խորհրդով միջոցառումների ֆորմատը փոքր-ինչ փոփոխության էր ենթարկվել: Եթե անցած տարիներին թեմի կիրակնօրյա դպրոցների սաները ելույթ էին ունենում իրենց և իրենց ծնողների համար, ապա այս տարի նրանք ելույթներով հանդես եկան մանկապարտեզներում ու նախակրթարաններում, հանրակրթական դպրոցներում ու զորամասերում, իսկ Բերդում և Գոշում նրանք այցելել են իրենց համայնքների միայնակ ծերերին և նրանց հաղորդել սուրբծննդյան խորհուրդը: Ընդհանուր առմամբ նվերներ է ստացել Տավուշի մարզի կիրակնօրյա դպրոցներում և սոցիալ-կրթական կենտրոններ այցելող 1805 աշակերտ, որոնք ներկայացում էին մարզի մոտ 40 համայնք:

 

 

 

ԱԻՆ ներկայացուցիչները ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող Արագածոտնի թեմի Աշտարակ քաղաքի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում իրականացրեցին հերթական հանդիպում-դասընթացը, որը նվիրված էր հրդեհների ժամանակ իրականացվելիք անհրաժեշտ գործողություններին։ Արագածոտնի մարզի Փրկարարական վարչության աշխատակիցներ` պարամեդիկ ենթասպա Նվարդ Օհանյանը և կապիտան Հրանտ Մուրադյանը «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում իրականացրեցին դասընթաց, նվիրված արտակարգ իրավիճակների ժամանակ իրականացվող գործողություններին և տուժածներին տրամադրվող առաջին օգնության ձևերը:


Պատրաստված էր սցենար, որը ենթադրում էր Կենտրոնում ստեղծել արտակարգ իրավիճակ և արդյունքում առաջացնել տարհանման անհրաժեշտություն։ Եվ այդ ընթացքում, առաջացած խուճապի հետևանքով, ունենալ երկու տուժած երեխա։

Հատկապես վերջին ժամանակներում բավականին հաճախ են արտակարգ իրավիճակներն աշխարհի տարբեր երկրներում, բացառություն չի կազմում նաև մեր հանրապետությունը: Յուրաքանչյուր սխալ գործողություն կարող է ունենալ անդառնալի հետևանքներ:

«Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնին UMCOR Armenia հիմնադրամի կողմից տրամադրվել են կրակմարիչներ, և առաջին օգնության համար օգտագործվող դեղորայք, տոնոմետր և այլ առաջնային անհրաժեշտության պարագաներ:

Դասընթացավարները ներկայացրեցին տուժածներին որպես առաջին օգնություն ցուցաբերելու համար գործողությունները: «Տուժածներին» վիրակապելուց և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելուց հետո Կենտրոն այցելեց Արագածոտնի մարզի փրկարար ջոկատը և հայտարարեց տագնապ, որից հետո սկսվեց տարհանումը: Դրանից հետո փրկարարները ցուցադրեցին, թե ինչպես պետք է դուրս բերել տուժածներին և ինչ աջակցություն ցույց տալ նրանց։

Իրականացված գործողություններից հետո ԱԻՆ ներկայացուցիչը ցուցադրեց հակահրդեհային վահանակի բաղադրիչների կիրառման եղանակները:

Բժշկական հետազոտություններ Աշտարակի «Սուրբ Մարիանե»
սոցիալական կենտրոնում

«Սուրբ Մարիանե» կենտրոնում իրականացվեց 54 կանանց, նաև երիտասարդ աղջիկների բժշկական հետազոտություն: Նրանց զննեցին գինեկոլոգը, էնդոկրինոլոգը, իրականացվեց սոնոգրաֆիա և վահանաձև գեղձի հետազոտություն:

Կենտրոն այցելեց գինեկոլոգ Գայանե Ավագյանը և կանանց հետ անցկացրեց զրույց և խորհրդատվություն, որի ընթացքում կանայք իրենց հուզող հարցերն ուղղեցին բժշկին և ստացան սպառիչ պատասխաններ:

Ուխտագնացություն դեպի Վայոց Ձոր

Հոկտեմբերի վերջին «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի 30 անդամ կատարեց հերթական ուխտագնացությունը, այս անգամ դեպի Վայոց Ձոր: Մասնակիցների մեծ մասն առաջին անգամ էր այս վայրերում:
Առաջին ուխտավայրը Խոր Վիրապն էր, որտեղ Կենտրոնի հոգևոր պատասխանատուն ներկայացրեց այս եկեղեցու պատմությունը, խոսեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի և նրա հրաշագործությունների մասին:

Արենիում այդ օրն անցկացվում էր ամենամյա ավանդական գինու փառատոնը: Արենին հայտնի է իր բերքառատ այգիներով և աչքի է ընկնում գինու տեսականու բազմազանությամբ։ Կենտրոնի անդամների համար շատ հետաքրքիր էր տեսնել և մասնակցել գինու փառատոնին, համեմատել այն իրենց բնակավայրում` Աշտարակում այս տարի առաջին անգամ անցկացված գինու փառատոնի հետ, որի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցեց նաև «Սուրբ Մարիանե» կենտրոնը։
Նորավանքում ուղխտավորները ծանոթացան վանքի պատմությանը, միասին աղոթեցին:
Այս ուխտագնացության ընթացքում նախատեսված էր իրականացնել ընտրված տարածքներն աղբից մաքրելու բնապահպանական ակցիա, որի համար բերվել էին ձեռնոցներ, տոպրակներ: Վերադարձի ճանապարհին երկու տարածք մաքրվեց պոլիէթիլենային տոպրակներից, ապակե և պլաստմասե շշերից և այլ տեսակի աղբից:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում ավարտվել են վերակառուցման-վերանորոգման աշխատանքները՝ 3 փոքր սենյակը /որոնցից 2-ը նախկինում լուսամուտ չունենալու պատճառով օգտագործվել են որպես պահեստ/ վերակառուցվել, դարձել է 2 սենյակ, յուրաքանչյուրն ավելի մեծ մակերեսով, ավելի լուսավոր, նոր լուսամուտներով, դռներով, հատակով, լուսատուներով: Արդյունքում այսօր «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում արդեն գործում է 3 դասասենյակ երեխաների և ծնողների համար, ինչը բավականին արդյունավետ է դարձրել կենտրոնում իրականացվող աշխատանքները:


Ավելացել է ռուսերեն լեզվի դասավանդումը երեխաների և կանանց համար, և անգլերեն լեզվի` կանանց համար, բոլորն առայժմ կամավոր սկզբունքով:
Փոխվել է նաև շահառուների հաճախելիությունն ու տրամադրությունը` ավելի շատ մասնակիցներ են հաճախում կենտրոն և ավելի սիրով մասնակցում կենտրոնում կազմակերպվող դասընթացներին և միջոցառումներին:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում գործում է կար ու ձևի խմբակը: Խմբակին մասնակցում են շահառու կանայք ու բարձր դասարանի աղջիկներ: Դասընթացների ժամանակ նրանք պատրաստում են ազգային նախշերով կտորեղենից պայուսակներ, գոգնոցներ, սեղանի ծածկոցներ և այլ կենցաղային պարագաներ: Պատրաստի իրերը ներկայացվում են ցուցահանդես-վաճառքներում: Վաստակած գումարը տնօրինում են հենց իրենք կանայք` կենտրոնում տարբեր բարեգործական միջոցառումներ կազմակերպելու համար:

Օգոստոսին «Սուրբ Մարիանե» կենտրոնի սոցիալական աշխատողները հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ այցելեցին Աշտարակ քաղաքի ծննդատուն և նոր աշխարհ եկած հինգ մանուկների մայրերին նվիրեցին իրենց համար պատրաստված նվերների փաթեթները: Փաթեթների մեջ ներառվեցին երեխաների կերակրման համար հատուկ բարձեր և մայրերի համար պայուսակներ, գերմանացի գործընկերների կողմից տրամադրած մանկական ծածկոցներ և թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից նվեր՝ աղոթագրքեր ու խաչեր:
Մայրերին մանրամասն բացատրվեց իրերի նշանակությունը և բարձերի օգտագործման ձևը: Ակցիան մեծ ոգևորություն ու հետաքրքրվածություն առաջացրեց ամբողջ ծննդատանը: Բոլորը հետաքրքրված էին «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի գործունեությամբ, ողջունում էին գաղափարը և շնորհակալություն հայտնում բարեգործության համար:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի աջակցությամբ հիմնված «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնը մասնակցեց Աշտարակում իրականացվող «Գինու և մշակույթի փառատոնին»։ Նման փառատոնն Աշտարակում իրականացվում էր առաջին անգամ և մեծ հետաքրքրություն առաջացրեց համայնքում:


Փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին տարբեր մառաններ, գինետներ, մշակութային կազմակերպություներ ներկայացրեցին իրենց արտադրանքը։ Ցուցահանդեսին «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնը ներկայացրեց շահառու կանանց և երեխաների կողմից պատրաստված իրերը՝ տարբեր տեսակի թափոններից ու թելերից հուշանվերներ, զարդարված ապակյա շշեր, կարի դասերի ընթացքում պատրաստված պայուսակներ, գրչամաններ, բրոշներ: Կենտրոնում գործող հրուշակեղենի խմբակի մասնակիցները թխել էին ավանդական Աշտարակի կլոր գաթա, որը նույնպես ներկայացված էր ցուցահանդես-վաճառքին։

«Սուրբ Մարիանե» կենտրոնի սեղանը հատկապես աչքի էր ընկնում ներկայացված իրերի յուրահատկությամբ, վառ գույներով, մեծ ուշադրության արժանանալով բազմաթիվ այցելուների, այդ թվում զբոսաշրջիկների կողմից: 

Ցուցահանդես վաճառքն անցավ բավականին հետաքրքիր, այցելուներն ու գնորդները հիանում էին ներկայացված իրերով, ոմանք էլ ցանկություն հայտնեցին ծանոթանալու կենտրոնի գործունեությանը հետագա համագործակցության նպատակով, պատվերներ տվեցին որոշ իրերի պատրաստման:

 

 

 

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ հիմնադրված՝ Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի երեխաների և մեծահասակների համար կազմակերպվեց հերթական ուխտագնացություն` դեպի Երևանի հոգևոր և մշակութային վայրեր: Ուխտագնացությունն իրականացվել էր World Vision Armenia կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում՝ վերջինիս հովանավորությամբ: Պայմանավորվածություն էր ձեռք բերել Երևանի Մանկական պատկերասրահի ղեկավարության հետ այցելության համար, իսկ կենտրոն հաճախող կանայք և երեխաները խմորեղենի դասին պատրաստել էին խաչապուրի և ավանդական հայկական գաթա:

Միջոցառմանը մասնակցեցին «Սուրբ Մարիանե» կենտրոնի 37 շահառու կանայք, երեխաներ, ինչպես նաև աշխատակազմը և Կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Կատարվեց այցելելություն Արաբկիր համայնքի նորակառույց Սուրբ Խաչ և Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աննա եկեղեցիներ: Առաջինում` հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանան, և երկրորդում` Տեր Զենոն քահանան ուխտավորներին ծանոթացրեցին եկեղեցիների պատմությանը, կատարվեց միասնական աղոթք, իսկ երեխաները երգեցին Տերունական աղոթքը և մի քանի շարական, ստացան հոգևորականների օրհնությունը:
image7Մանկական ստեղծագործության պատկերասրահում երեխաները և մեծահասակները, մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էին աշխարհի տարբեր երկրների երեխաների ցուցադրված ստեղծագործություններին՝ նկարներին, քանդակներին, գորգագործության նմուշներին։ Մի քանի դահլիճում ներկայացված էին հայ երեխաների աշխատանքները: «Սուրբ Մարիանե» կենտրոնում երեխաները և կանայք մասնակցում են նկարչության դասընթացների, և Աշտարակ քաղաքում արդեն կազմակերպվել է նրանց նկարների ցուցահանդեսը: 
Պատկերասրահ այցելության նպատակն էր երեխաներին ծանոթացնել այլ երեխաների ստեղծագործություններին: Վերջում Տեր Փառեն քահանան և երեխաներից մի քանիսը իրենց տպավորությունների մասին գրեցին գրառումների գրքում: Ուխտագնացության ավարտին մասնակիցներն այցելեցին Երևանի հանրահայտ սննդի կետերից մեկը, որից հետո բարձր տրամադրությամբ վերադարձան Աշտարակ:

 

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Կարուձևի խմբակ Աշտարակ համայնքի երիտասարդ կանանց համար» ծրագրի շրջանակներում իրականացվող կարուձևի հերթական դասընթացը: Միջոցառման ընթացքում  շահառուները սովորեցին կարել  երկու  տեսակի պարկ-աթոռ՝ օգտագործելով նաև հին չօգտագործվող հագուստ:  Դասընթացին մասնակցում էին 7 երիտասարդ կանայք և աղջիկներ:  Դասընթացին մասնակցել է ավելի քան 16 երիտասարդ կին և աղջիկ: Կարուձևի խմբակ Աշտարակ համայնքի երիտասարդ կանանց համար» ծրագիրն իրականացնում է «Ավենիր» ՀԿ-ն՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ՝ կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում:

 

 

 

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper