Նորություններ

Անժելա Գրգյանը ծնվել է Հալեպում: Հայաստան է եկել 4 տարի առաջ՝ մայրիկի հետ: Սիրիայում են մնացել քույրը, եղբայրը և հորաքույրը: «Այնտեղ նրանք աշխատում են, սեփական տունն ունեն, դրա համար ուզում են այնտեղ մնալ: Նաև այնտեղ ավելի բարձր է աշխատավարձը»,- նշում է Անժելան: Հարազատները նրան տեղեկացրել են, որ Հալեպում նախկինի պես մարդիկ այլևս չեն վախենում հրթիռներից և պայթյուններից: Սակայն հսկայական են սոցիալական խնդիրները:


«Ամեն ինչի գիները բարձրացել են, սակայն աշխատավարձքը մնացել է մոտավոր նույնը, ինչ պատերազմից առաջ էր: Նաև շատ մասնագետներ, օրինակ՝ բժիշկներ, հեռացան: Հայերն ալ շատ հեռացան: Առաջվանը չէ այլևս: Մինչև ե՞րբ, այլևս հայ չպիտի՞ մնա հոն, չգիտեմ՝ ոնց պիտի լինի վիճակը»,- ասում է Գրգյանը: Նաև իմացել է, որ սկսել են Հալեի համեմատաբար քիչ վնասված շենքերի վերականգնումը: Շատ տուժած շինությունների վերականգնումը հավանաբար կսկսվի խաղաղության վերջնական հաստատումից հետո:


Հայաստան գալուց հետո առաջին տարվա ընթացքում չի աշխատել: «Մոտավոր երկրորդ տարին էր, որ Կլոր սեղանը (ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ) կազմակերպեց վեբ դիզայնի դասընթացքը, որին հետևեցի: Շատ լավն էր, շատ արդյունավետ էր: Սովորեցինք վեբ դիզայն և կոդեր գրել»,-հիշում է Գրգյանը: Նա մինչև դասընթացին մասնակցելը դիզայնով արդեն զբաղվել է՝ Սիրիայում ստացել է դիզայների կրթություն: Ինտերնետ կայքերի պատրաստումը և կոդերի լեզուները սովորելուց հետո Անժելան սկսել է աշխատել որպես անկախ մասնագետ՝ աշխատելով հիմնականում տանից:


Ճիշտ է, վեբ դիզայն սովորելն իրեն շատ է օգնել, և ինքը դրա շնորհիվ ավելացրել է սեփական եկամուտը, սակայն Անժելան համոզված է՝ պետք է չսահմանափակվել միայն մեկ գործով, շարժվել առաջ և զարգանալ: «Եղավ մի տարի, որ ձեռքի աշխատանքներ անում եմ: Քանի որ սա էլ կապ ունի իմ կրթության՝ արվեստի հետ, որոշեցի տարբեր իրեր նկարեմ: Ապակիի, փորսելենի վրա նկարել եմ»,- ասում է Անժելան: Նրա հետ հանդիպեցինք սիրիահայերի համար ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսի ընթացքում: Այնտեղ սիրիահայ երիտասարդ նկարիչ-վեբ դիզայները ներկայացրել էր իր հեղինակային շարֆերի, կերամիկայի և հուշանվերների տեսականին: «Եղավ մոտավոր 12 հատ ցուցահանդես, որ մի տարվա մեջ մասնակցել եմ: Լավ է, վաճառք ալ լինում է: Բայց Ֆեյսբուքում էլ դնում եմ, էնտեղից պատվերներ գալիս են»,- նշում է Անժելան:


Բացի վեբ դիզայնի դասընթացից, Անժելան մասնակցել է նաև Կլոր սեղանի կազմակերպած ռուսերենի դասընթացներին: Ասում է՝ շատ օգտակար էր. «Հայաստանում ռուսերենն օգտագործում են ինչպես մենք Սիրիայում արաբերենն էինք օգտագործում: Դասախոսն ալ լավն էր, խաղերի միջոցով բացատրում էր, հեշտ էր սովորելը»: Ռուսերենն օգտագործել է նաև ծրագրավորման դասընթացի արդյունքում ստացած գիտելիքն ու հմտությունները կիրառելիս՝ պատվիրատուների հետ շփման համար, քանի որ նրանցից ոմանք եղել են ռուսախոս:


Սակայն խնդիրներ էլ կան: Անժելայի խոսքով՝ որքան էլ սիրիահայերը կամ մյուսները Կլոր սեղանի կամ այլ կազմակերպության միջոցով դասընթացներ անցնեն, միևնույն է՝ անվստահ են աշխատանք գտնելու հարցում: «Միշտ էստեղ գործատուները փնտրում են պրոֆեսիոնալ մարդիկ, որ իրենց հետ աշխատեն: Դա է պատճառը, որ մարդկանց մեջ աշխատանք գտնելու հանդեպ անվստահություն կա»,- իր և բազմաթիվ այլ սիրիահայերի փորձն է կիսում Անժելա Գրգյանը: Այդուամենայնիվ, նա չի հուսահատվում և կոչ է անում անդադար փնտրել և նոր հմտություններ ձեռք բերել:


Դժվարությունները հիմնականում սոցիալական են, ասում է Անժելան: «Ոչ միայն իմ, այլև մյուս սիրիահայերու համար դժվար է տան վարձքը տալը, որովհետև ծախսերն ալ շատ են: Կա նաև օրենքներու իմացութեան խնդիր: Օրինակ՝ եթե որևէ մեկը պիտի գրանցվի, ճիշտ օրենքները պետք է իմանա, շատ են օրենքները»,- նշում է երիտասարդ սիրիահայ գործարար կինը: Սակայն այդ բացն ինքը լրացնում է՝ տարբեր սեմինարների և խորհրդատվությունների այցելելով: Հայաստանում մնալու ցանկություն ունի, ասում է՝ միակ պատճառը, որ կարող է իրեն դրդել մեկնել արտասահման, կլինի ցածր աշխատավարձը: «Վաստակը քիչ է, նույնիսկ եթե ֆրիլանս պատվերներ բերում եմ տուն տանից անում եմ, դա էլ շատ քիչ է, գումարը քիչ է, բայց հուսով եմ, որ գնալով ավելի կգնահատեն էս տեսակի վեբ դիզայնի աշխատանքներ»,- ասում է roundtable-act.am-ի զրուցակիցը:  Անժելա Գրգյանի ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այցելելով նրա Ֆեյսբուքյան էջը: Նա նաև ունի Յութուբյան ալիք, որտեղ ներկայացնում է իր ձեռքի աշխատանքները:

 

  • Print
  • Email
  • Media

Media

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper