Նորություններ

Մարտի 21-ը` Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է: Այդ առիթով Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ն կազմակերպել էին բարեգործական համերգ և downchildren.am կայքի շնորհանդեսը: Կայքը նախատեսված է դաունի համախտանիշով մարդկանց ու նրանց հարազատների համար:

Երեկոյին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախագահ Կարեն Նազարյանը, կառավարության անդամներ:

«Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կայացած միջոցառման բացման ժամանակ Հայ Առաքեական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունը և ողջույնի խոսքը: Սրբազանը նաև շեշտեց, որ հասարակությունն զգալի աաջընթաց է արձանագրել դաունի համախտանիշով մարդկանց հանդեպ վերաբերմունքի փոփոխության ուղղությամբ, սակայն ճանապարհը դեեռևս երկար է: «Օրհնաբեր և հոգեշահ այս միջոցառմանը բոլորս ներկա ենք այն հավատքով ու վստահությամբ, որ ծնողների, մտահոգ ու բարեհոգի մարդկանց  հոգատարության, համապատասխան օգնության, ինչպես նաև հասարակության աջակցության շնորհիվ Դաունի համախտանիշով մարդիկ կարող են լուրջ ձեռքբերումների հասնել և դառնալ մի մեծ արև, որի ջերմությունն ու լույսը կմխիթարի  ամենքիս»,- ասաց սրբազան հայրը:



Երևանի Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև երեխաներ» ՀԿ հոգաբարձուների խորհրդի նախգահ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը ներկաներին փոխանցեց իր հուզմունքն ու ապրումներն այն պահին, երբ իմացել է, որ իր որդին նույնպես առանձնանում է մյուսներից: «Ես էլ էի շփոթված: Հարցնում էի՝ ինչու՞ ես, Տեր: Հիմա գիտեմ, որ ես, որպես հոգևորական, պետք է այս արև-երեխաների կողքին լինեմ։ Մենք ունենք բոլորիդ աջակցության կարիքը։ Խոսքը դրամական, նյութական օգնության մասին չէ։ Խոսքը ձեր հոգատարության, ուշադրության մասին է, որի կարիքն ունեն թե՛ այս արև-երեխաները, թե՛ նրանց ծնողները»,- ասաց Տեր հայրը:

 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ երկու պրեմիերա: Հանդիսատեսի դատին հանձնվեց «Ես կարող եմ» սոցիալական հոլովակը: Այն նկարահանվել է «Արև երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Առաջին անգամ հնչեց Դաունի համաշխատնիշ ունեցող երեխաների համար գրված «Արևի աշխարհ» երգը:

Կլոր սեղան հիմնադրամը տեսահոլովակի պատրաստմանն աջակցելուց բացի ֆինանսավորել է «Դաունի համախտանիշ: Ձեռնարկ ծնողների համար» գրքի տպագրությունը:


Համերգային ծրագրի սկզբում ելույթ ունեցան Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողոկաթ» երգչախմբի երեխաները: Իսկ երկրորդ հատվածում յուրօրինակ կատարումներով ելույթ ունեցան Աննա և Անահիտ Մխիթարյան քուրերը՝ «Մխիթարյան քույրեր և ընկերներ» էթնո խմբով ներկայացնելով հայ ժողովրդական երգերի պոպուրի:


Միջոցառման ավարտին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ պետք է մեծ ջանքեր գործադրել կարծրատիպերը կոտրելու և Դաունի համախտանիշ ունեցող անձանց հասարակական կյանքում ամբողջությամբ ընդգրկելու համար: « Պետք է կոտրել դաունի համախտանիշ ունեցողների նկատմամբ կարծրատիպերը և գնահատել նրանց ներուժը»,- ընդգծեց Թաթոյանը:


Համերգի հասույթի մի մասը կտրամադրվի աշխարհի Հատուկ օլիմպիադայի խաղերի լողի երկակի չեմպիոն, Դաունի համախտանիշ ունեցող Տիգրան Գևորգյանին, ով օրեր առաջ կորցրել է իր մայրիկին: Իսկ մյուս մասը կտրամադրվի «Արև երեխաներ» ՀԿ-ին՝ Դաունի համախտանիշով երեխաների առողջական խնդիրների լուծման նպատակով:

 


Դաունի համախտանիշի մասին


Աղբյուրը՝ Վիկիպեդիա
Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։ Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը 1866 թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։ Բայց միայն 1867 թվականին անգլիացի գիտնականների կողմից այն ստացավ իր ամբողջական նկարագիրը։


Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են՝ մկանների թույլ զարգացվածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։ Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Նրանց մոտ ավելի հավանական է որոշակի առողջականի խնդիրները, ինչպիսին են, օրինակ՝ սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն։ Քանի որ վերոնշյալների մեծ մասն արդեն հնարավոր է բուժել, Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ վարում են առողջ կյանք։ Մինչև 1980-ական թվականները, Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց կյանքի տևողությունը ցածր էր, սակայն հավասար հնարավորությունները, գիտության զարգացումն ու հասարակական վերաբերմունքի փոփոխությունները բերեցին տևողության աճի։ Նրանց կյանքի տևողությունը 1983 թվականից զգալիորեն աճել է՝ 25 տարեկանից դառնալով 60[5]։ Առասպել է նաև, որ Դաունի համախտանիշ ունեցող անձինք ունեն խիստ արտահայտված մտավոր խնդիրներ։ Մտավոր դժվարությունների աստիճանը կարող է շատ տարբեր լինել՝ թույլից մինչև միջին մակարդակի։ Զարգացած երկրներում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները լիարժեք մասնակցում են հասարակական և անհատական կրթական ծրագրերին։ Ուսուցիչները և հետազոտողները դեռևս բացահայտում են Դաունի համախտանիշով մարդկանց կրթական պոտենցիալը։ Առասպել է նաև, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ միշտ ուրախ են։ Նրանք մյուս բոլոր մարդկանց նման ունեն զգացմունքներ, կարող են արտահայտել բոլոր հույզերը։

Զարգացած երկրներում Դաունի համախտանիշ ունեցող անհատներին ներգրավված են հասարակական տարբեր գործընթացներում, համայնքային կազմակերպություններում, դպրոցներում, առողջապահական, զբաղվածությունը խթանող, ժամանցային ծրագրերում։ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Ֆինլանդիան, օրինակ, ներկայացրեց փանկ-ռոքերների «Pertti Kurikan Nimipäivät» խումբը, որի բոլոր անդամները Դաունի համախտանիշ ունեին[6]։ Հայաստանի Հանրապետությունում Դաունի համախտանիշ ունեցող անձինք քիչ ներառված են կրթական համակարգում։ Հասարակությունում առկա կարծրատիպերի, տեղեկատվության պակասի պատճառով Դաունի համախտանիշ ունեցող նորածիններին ավելի հաճախ են մանկատուն հանձնում։ Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2014 թվականին Դաունի համախտանիշ ունեցող 22 երեխաներ հենց հիվանդանոցից մանկատուն են տեղափոխվել։ Միջազգային մամուլն անդրադարձել է Հայաստանում ստեղծված այդ իրավիճակին՝ գրելով, թե Հայաստանում ամոթ է Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ծնող դառնալը։

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper