ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Գյումրիի Սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Սոցիալական աշխատողների պրակտիկ հմտությունների զարգացում» թեմայով երկօրյա դասընթաց։ Դասընթացավարներն էին ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիանրի ամբիոնի դոցենտ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Յուլիանա Մելքումյանը և նշված ամբիոնի դասախոս Սյուզաննա Ջուհարյանը։ Դասընթացի նպատակն էր իրականացնել Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր սոցիալական կենտրոնների սոցիալական աշխատողների վերապատրաստում՝ հաշվի առնելով պրակտիկ հմտությունների անհրաժեշտությունը Արցախից տեղահանված և տեղաբնակ ընտանիքների հետ ամենօրյա աշխատանքում։
Երկօրյա հանդիպման ընթացքում դասընթացավարները մասնակիցներին ներկայացրեցին ճգնաժամի միջամտության մոդելը սոցիալական աշխատանքում, սոցիալական խորհրդատվության նրբությունները, սոցիալական աշխատանքը տեղահանված ընտանիքների հետ, միջամտության պլանը, համագործակցության հմտությունների պրակտիկ մոտեցումները և այլն։ Այդ ամենն ուղեկցվեց պրակտիկ և ինտերակտիվ վարժություններով, խմբային աշխատանքներով և քննարկումներով։ Դասընթացին մասնակցեց Գյումրիի, Իջևանի, Վանաձորի, Ստեփանավանի, Գավառի, Վարդենիսի, Քարակերտի և Գայի սոցիալական կենտրոնների 22 աշխատակից։
Վերապատրաստման դասընթացը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին զարգացնել հմտություններ խոցելի խմբերի կարիքներին ճգնաժամային պայմաններում արձագանքելու համար՝ հիմնվելով սոցիալական աշխատանքի արժեքների և էթիկական նորմերի վրա, կիրառելով դեպքի վարման և խորհրդատվության տեխնիկաները։