Նորություններ

Ամփոփվել են «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի 2020-2021 թթ. ակադեմիական տարվա գարնանային կիսամյակի կրթաթոշակային մրցույթի արդյունքները: Հավատալով, որ երիտասարդներն են մեր ապագան և նրանց աջակցելով է, որ պիտի ապահովենք զարգացած ու նորարար Հայաստանի կերտումը՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը և ԵՀԽ Կլոր Սեղան Հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեցին հայաստանյան բուհերում ուսանող 110 երիտասարդի: Կրթաթոշակակիրներն արդեն ստացել են ուսման վարձերի փոխհատուցումները:


Մրցույթին դիմել էին 366 ուսանողներ, որոնցից 300-ը գարնանային կիսամյակի, իսկ 66-ն՝ աշնանային կիսամյակի ուսման վարձավճարների փոխահատուցման համար:
Ծրագրով սահմանված գործընթացի համաձայն՝ դիմումների քննարկումն ու ընտրությունը կայացավ 2020-2021 թթ. ակադեմիական տարվա կրթաթոշակների Ընտրող հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված էին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչները և ուսանողների մեկ անկախ ներկայացուցիչ:


Կայացած մի քանի հանդիպումների արդյունքում որոշում կայացվեց մասնակի կրթաթոշակներ տրամադրել ծրագրին դիմած՝ հայաստանյան բուհերում սովորող բոլոր (թվով 34) արցախցի ուսանողներին: Տեղացի և Մերձավոր Արևելքից եկած ուսանողների դեպքում Ընտրող հանձնաժողովը որոշեց առաջնահերթություն տալ այն դիմորդներին, ովքեր բավարարում էին ծրագրով հաստատված միանգամից մի քանի չափանիշի (առաջադիմություն, խոցելիություն, ուսման հետ աշխատանքի համատեղում, ակտիվություն) և հավանության էին արժանացել հանձնաժողովի 5 անդամներից առնվազն 4-ի կողմից: Միաժամանակ, հաշվի առնվեցին հայտադիմումի ամբողջական լինելը, փաստաթղթերի ճշգրիտ ներկայացումը և մոտիվացիոն նամակները:

Կրթաթոշակակիրները Հայաստանի` Արցախը ներառյալ, Սիրիայի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ են և ներկայացնում են հետևյալ ուսումնական հաստատությունները. Երևանի պետական համալսարան, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանում Եվրոպական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա:


Շնորհավորում ենք կրթաթոշակ ստացած ուսանողներին և լիահույս ենք, որ սա նրանց կմոտիվացնի է՛լ ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել և ուսման մեջ նոր բարձունքներ նվաճել:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին՝ նպատակ ունենալով զարգացնել սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի խոցելի խմբում գտնվող երիտասարդների կարողություններն ու հմտությունները՝ դասընթացների, ուսանողական կրթաթոշակների և մասնագիտական պրակտիկաների միջոցով:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436