Նորություններ

02.02Հունիսի 2-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացման արարողությունը: Սաղմոսավանի հայորդյաց տունը կառուցվել է Տեր և Տիկին Լևոն և Նադիա Քաբաբջյանների ազնիվ բարերարությամբ, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ու Արի կանանց փոխադարձ օգնության միության օժանդակությամբ:


Արարողությանը ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, Արագածոտնի թեմում սպասավորող հոգևորականները, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը, Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները և այս առիթով Հայաստան ժամանած Քաբաբջյան ընտանիքի անդամները:
Արարողությունն սկսվեց օրհնության կարգով, ապա ամենքը «Քրիստոֆ Արմեն Քաբաբջյան» սրահում ներկա գտնվեցին այս առիթով կազմակերպված միջոցառմանը:


02.03Բացման խոսքով հանդես եկավ Սաղմոսավանքի և Նոր Եդեսիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Օշին քահանա Հայրապետյանը: Այնուհետև խոսք ասաց բարերար Նադիա Քաբաբջյանը՝ անդրադառնալով նորակառույց հայորդյաց տան կառուցմանը՝ ի հիշատակ իր որդու՝ Քրիստոֆ Քաբաբջյանի: Տիկին Քաբաբջյանը նաև շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ իրենց խնդրանքին ընդառաջելու և այս մտահաղացմանը ցուցաբերած աջակցության համար: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը և Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը:


Ազգագրական երգերի ու պարերի կատարումներով հանդես եկան Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տան, Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի, Սաղմոսավանի «Տաթև» համույթի սաները: Հանդիսության ավարտին ներկաներին ողջունեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը: Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև Կլոր սեղան հիմնադրամին ու Քաբաբջյան ընտանիքին Սաղմոսավանի հայրոդյաց տան կառուցմանը բերած իրենց անգնահատելի աջակցության համար: Սրբազանն այդ կապակցությամբ նաև իր շնորհակալությունը հայտնեց մարզային իշխանություններին՝ ի դեմս մարզպետ Աշոտ Սիմոնյանի, և շինարար Գագիկ Կարապետյանին:

02.13Միջոցառումն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նշեց, որ երեխաներին է ընծայաբերվում մի նոր կենտրոն՝ հայորդյաց տուն, որտեղ Սաղմոսավանի մանուկներն ու պատանիները պետք է ճանաչեն Աստծուն, ընդունեն Նրա պատգամներն ու պատվիրանները և կրթական հաստատության հարկի ներքո զարգացնեն ու զորացնեն իրենց տաղանդները՝ դառնալով արժանավոր զավակներն ազգի, հայրենիքի և մեր սուրբ Եկեղեցու: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Սաղմոսավանի հայորդյաց տունը Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու համայնքներում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող 10-րդ նույնաբնույթ կրթական հաստատությունն է: Վեհափառ Հայրապետը հայորդյաց տան բացման կապակցությամբ իր բարձր գնահատանքը փոխանցեց բարերարներին, Կլոր սեղան հիմնադրամին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել կրթօջախի կառուցման գործում:


Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով հայցեց, որ Տերն Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ պահի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովրդին: Վերջում Գարեգին Բ Հայրապետը՝ ուղեկցությամբ Մկրտիչ Սրբազանի և բարերարների, շրջեց նորակառույց հայորդյաց տանը և ծանոթացավ մանուկների համար ստեղծված պայմաններին:

Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգ:

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436