Նորություններ

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական վճարովի պրակտիկայի հաջորդ մասնակիցն է Ռիթա Քեշիշյանը, ով իր պրակտիկան անցկացնում է “Business Angel Network of Armenia” ընկերությունում:

Ռիթան 21 տարեկան է: Նա Սիրիայի Հալեպ քաղաքից առաջին անգամ հայրենիք է այցելել 2012 թվականին՝ ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում՝ երկու շաբաթ հայրենիքում անցկացնելու և հասակակակից երիտասարդների հետ շփվելու նպատակով։ Ծրագրի ավարտին շատ չէր մնացել, երբ սիրիական հակամարտությունը նոր փուլ թևակոխեց՝ անհնարին դարձնելով Հալեպում խաղաղ կյանք շարունակելը, և Ռիթան այլևս չվերադարձավ Հալեպ, իսկ իր ընտանիքը որոշում կայացրեց տեղափոխվել Հայաստան:

Արդեն յոթ տարի է՝ Ռիթան Հայաստանում է, 2019 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բիզնես Կառավարում» ֆակուլտետը: Ռիթայի խոսքով՝ համալսարանում անցկացրած յուրաքանչյուր դասաժամի արդյունքում նա շատ կարևոր հմտություններ է ձեռք բերել, որոնք կիրառելու հնարավորություն ստացավ “Business Angel Network of Armenia” ընկերությունում պրակտիկա անցնելու շնորհիվ, որտեղ նա ընդգրկված է ծրագրերի կառավարման աշխատանքներում: «Համալսարանում տարբեր առարկաների շնորհիվ՝ շուկայի ուսումնասիրություն, հաշվապահություն, բիզնես վերլուծություն, կառավարում, դասընթացներից ստացած գիտելիքներս մեծապես օգնում են՝ ինձ տրված հանձնարարությունները լավագույնս կատարելու մեջ»,- նշում է Ռիթան:

Պրակտիկա անցնելու առաջին իսկ օրվանից Ռիթան ջերմ վերաբերմունքի է արժանացել գործընկերների կողմից։ Ընկերությունում նա ներառված է եղել «Ներուժ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում և մեծ ոգևորությամբ նշում է, որ ինքն ապահովում է ծրագրի շրջանակում հրավիրված խոսնակների և դասընթացավարների հետ հաղորդակցությունը, կատարում թարգմանություններ, ապահովում նրանց երթևեկության, օրակարգի և առօրյայի հետ կապված շատ այլ հարցեր։

«Անչափ ուրախ եմ «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ընձեռած այս հնարավորության համար, քանի որ համալսարանը նոր ավարտած ուսանողների համար աշխատանք գտնելը դյուրին չէ, իսկ սիրիահայ երիտասարդների համար կազմակերպված այս ծրագիրը հաշվի է առնում յուրաքանչյուր երիտասարդի ունակությունները և ապահովում համապատասխան պրակտիկա»,- նշում է Ռիթան:

2019թ.նոյեմբերի 4-ից «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, իրականացնում՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Ինթերնշիփային ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքներն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ և ծանոթանալ աշխատանքային միջավայրին:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436