Նորություններ

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԵՐ ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն անցկացնում է անգլերենի դասեր իր աշխատակիցների, կամավորների և շահառուների համար: Դասընթացն ուղղված է մասնակիցների լեզվի ինքնուրույն յուրացմանը և սեփական հմտությունների զարգացմանը՝ ձեռք բերելով բազային գիտելիքներ քերականության և բանավոր խոսքում

Մասնակիցները սովորում և զարգացնում անգլերեն են բանավոր խոսքը՝ ազատ, անկաշկանդ մթնոլորտում, անգլերեն լեզվով քննարկումներին մասնակցելու միջոցով, որպեսզի ստանան ընդհանուր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումների, ընկերների հետ շփվելու, ճանապարհորդելու, ինչպես նաև ֆիլմերի և հաղորդումների դիտման համար:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Նոյեմբերի 18-ին ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը, «Վորլդ Վիժն» Գյումրիի Տարածքային Զարգացման Ծրագիրը, «Նոր Լույս» մենթորինգ կենտրոն երիտասարդների համար» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» հիմնադրամը և «Սրբազան հող» բարեգործական ՀԿ-ն իրականացրեցին բարեգործական միջոցառում՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Ելույթ ունեցավ Գյումրու ռոք դպրոցը: Համերգին հաջորդեց շնորհալի երիտասարդների ներկայացրած ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը և դիմանկարչությունը:

Բարեգործական միջոցառման նպատակն էր նպաստել երիտասարդության ստեղծագործական մղումներին, օգնել, որպեսզի տաղանդները բացահայտվեն, ինչպես նաև խթանել բարեգործությունը և ցուցահանդես վաճառքից ստացված հասույթը տրամադրել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԸ

Նոյեմբերի 22-ին ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ վարսահարդարման դասընթացի ավարտական քննությունը: Այս մասնագիտական դասընթացը կազմակերպվել էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Մեծահասակների կրթությանն ուղղված երկամսյա դասընթացի նպատակն էր քաղաքի 22 գործազուրկներին աջակցել նոր՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագիտական որակավորում ձեռք բերելու, ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ունենալու հարցում:

Վարսահարդարման դասընթացի ընթացքում մասնակիցները ստացել են տեսական գիտելիք և գործնական հմտություններ՝ ապահովված լինելով անհրաժեշտ նյութատեխնիկական պայմաններով:

Ավարտական քննության ժամանակ մասնակիցները ցուցադրեցին կտրվածքներ, տոնական և ամենօրյա սանրվածքներ, հարդարում, ձևավոր հարդարում և հյուսքեր՝ հավաստիացնելով դասընթացավարին և դասընթացի կազմակերպիչներին, որ վստահ կարող են մուտք գործել վարսահարդարների աշխարհ

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը հյուրընկալեց Սիրիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպս. Նալբանդյանին և FLY (Ազատասեր երիտասարդներ) կազմակերպության տնօրենին: Այցելության նպատակն էր օգնել կարիքի մեջ գտնվող երեխաներին: Բարերարները Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցների հետ այցելեցին Գյումրի քաղաքի մանկատներ: Մի քանի ամիս առաջ կատարած այցելության ժամանակ ճշտվել էին մանկատների երեխաների կարիքները, և այս անգամ արդեն նվերներով հյուրերը այցելեցին նրանց և  պարգևեցին երեխաներին ուրախություն ու անկեղծ ժպիտ: Բարերարները մանկատներին նվիրեցին անկողնային պարագաներ, գիշերային զգեստներ, տաք վերարկուներ, գլխարկներ, վզնոցներ, սպորտային  համազգեստ և սպասք:

Գյումրու Երեխաների տանը Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի և Տեր Արմաշ եպս. Նալբանդյանի ձեռամբ կատարվեց 124 երեխաների մկրտություն: Ներկա էին նաև Շիրակի մարզպետն ու քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք կնքահայր դարձան այս երեխաների համար: Առաջին անգամ կյանքում կնքահայր դարձան նաև Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղության անդամները:

Նվերներ ստացան նաև Սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոնի և «Ամենագետիկ» նախակրթարանի սաները, 13 շահառու ընտանիքում գտնվող երեխաները նվեր ստացան ձմեռային տաք վերարկուներ, հագուստ և կոշիկներ, սպորտային համազգեստ, խաղալիքներ, սննդի մեծ տոպրակներ, տնտեսական պարագաներ, քաղցրավենիքի տոպրակներ, հեծանիվ, սահնակ, սառնարան, ջրատաքացուցիչ և վառելափայտ: FLY կազմակերպությունը, Կարոլինի և սրբազանի գլխավորությամբ, իրականացրեց այս ընտանիքների վաղեմի և արդեն անհնար թվացող երազանքները:

Այս ընտանիքներից 21 երեխա մասնակցեց FLY-ի կազմակերպած հյուրասիրությանը «Պոնչիկ մոնչիկ» մանկական սրահում, ուր երեխաները խաղացին, 7D ֆիլմեր դիտեցին, հյուրասիրվեցին և պարեցին:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ «ԱՄԵՆԱԳԵՏԻԿ»-ՈՒՄ 

Նոյեմբերի 17-ին ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի նախակրթարանի սաները պատրաստվել էին «Ոսկե աշուն» խորագիրը կրող հանդեսին:

Բեմահարթակը  զարդարված էր աշնանային գույներով ու տերևներով, իսկ փոքրիկները փայլում էին իրենց դեղնադարչնագույն հագուստներով: Ողջույնի խոսքով հանդես եկավ նախակրթարանի դաստիարակը, որից հետո սաներն ասմունքեցին աշնանը նվիրված բանաստեղծություններ ու երգեցին երգեր հայերեն և անգլերեն լեզուներով:

ՀԱՍՄԻԿ ԲՈՅԱՋՅԱՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ-ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱԲԱԹ 2016

Նոյեմբերի 10-17 «Գյումրի` երիտասարդական մայրաքաղաք 2016» ծրագրի շրջանակում ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժինը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության և Գյումրիի քաղաքապետարանի հետ իրականացրեց «Երիտասարդական ուսանողական շաբաթ» ծրագիր:

Տեղի ունեցավ հանդիպում ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս Աջապահյանի հետ: Անցկացվեց «Երիտասարդական ֆորում» միջոցառումը՝ նպատակ ունենալով վեր հանել երիտասարդության հուզող հարցերի պատասխանները: Տեղի ունեցավ նաև երիտասարդ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Երիտասարդներն անցկացրեցին «Գյումրու երիտասարդական ինտելեկտուալ փառատոնը», որը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Սեփական խաղ» մրցույթներից։ Փառատոնին մասնակցում էր 25 թիմ Գյումրիից և Երևանից։ Անցկացվեցին նաև ֆոտբոլային հանդիպումներ երիտասարդական թիմերիԳյումրի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի թիմերի միջև:

Նոյեմբերի 15-ին Գյումրու բուհերի ուսանողները հանդիպեցին են Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանի և Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի հետ։ Մասնակիցները փորձեցին գտնել հուզող հարցերին լուծումները:

Միջոցառումների շարքը եզրափակվեց «Մաֆիա» խաղի առաջնությամբ և համերգային ծրագրով:

ԳՐԻՇԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՍՐԲԱԶԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբերի 4-ին՝ Սոցիալական աշխատողի միջազգային օրը, ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը իր դռներն էր բացել Գյումրի քաղաքի հասարակական կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող սոցիալական աշխատողների և սոցիալական ոլորտի աշխատակիցների առջև:

Նրանք հանդիպեցին ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի հետ, ստացան նրա հայրական օրհնությունն ու շնորհավորական ուղերձը: Սրբազան Հայրը հորդորեց ուժով զինվել և շարունակել այս դժվարին, բայց աստվածահաճո գործը: Գեղեցիկ օրվա առիթով մասնակիցները ստացան փոքրիկ, բայց հաճելի նվերներ:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436