Նորություններ

Ձեզ ենք ներկայացնում «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի՝ ինթերնշիփի մեր հաջորդ մասնակից Մեղրիկ Ճանէցեանին:


Ես Մեղրիկ Ճանէցեանն եմ` Սիրիայի Հալեպ քաղաքից: Նախքան Հայաստան գալս, սովորել եմ Սիրիայում՝ Էլեկտրոնային ճարտարագիտություն մասնագիտացմամբ:


Պատերազմի պատճառով դադարեցրեցի ուսումս և ընտանիքիս հետ որոշեցինք տեղափոխվել Հայաստան, որտեղ վստահ էի, որ պիտի գտնեմ հանգիստ և շարունակեմ կիսատ թողած ուսումս: 2016թ. սեպտեմբերին ընդունվեցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ֆակուլտետի 2-րդ կուրս: Ընտրեցի այս մասնագիտությունը՝ հաշվի առնելով ՏՏ ոլորտի արդիականությունը և աշխատանքային հնարավորությունները, որոնք օր օրի ավելանում են:

Ուսումնական տարիների ընթացքում յուրացրեցի C# ծրագրավորումը, տիրապետում եմ նաև HTML, JavaScript, WordPress ծրագրերին՝ մասնակցելով «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից կազմակերպված դասընթացներին, որոնք բարելավեցին մասնագիտական գիտելիքներս:


2019թ. ավարտելով բակալավրը՝ որոշեցի զբաղվել մասնագիտական աշխատանքային գործունեությամբ և որպես սկսնակ ծրագրավորող ցանկություն ունեի սկսել պրակտիկայից՝ առավել հմուտ դառնալու համար: Առաջին քայլերս անելու համար դիմեցի «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մասնագիտական պրակտիկային: Անցնելով հարցազրույց և մի քանի հանձնարարություններ կատարելուց հետո՝ պրակտիկայի անցա «Այ Թի Էյջ Դի» ՍՊԸ-ում՝ որպես Front End ծրագրավորող:

Պրակտիկայի ընթացքում կիրառում եմ մասնագիտական գրեթե բոլոր գիտելիքներս և մասնագիտական ծրագրերը, օրեցօր դառնում եմ առավել հմուտ և ինքնավստահ իմ աշխատանքում՝ ձեռք բերելով նաև թիմային աշխատանքի հմտություններ: Շնորհակալություն եմ հայտնում այս ծրագրին՝ երիտասարդներին նման հնարավորություն ընձեռելու և դեպի հաջողակ կարիերա ուղղորդելու համար:
«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ`կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436