Նորություններ

Տավուշի մարզի Կիրանց համայնք կատարած այցելության ընթացքում բարեգործական կազմակերպությունների կոնսորցիումի անդամները համայնքի բնակիչների և ղեկավարության հետ մասնակցային մեթոդով կատարեցին կարիքների գնահատում: Հանդիպմանը մասնակցեց նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը: Այցի և կարիքների գնահատման նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի Կիրանցում հնարավորություն ստեղծվի սեփական ուժերով փոխել գյուղի կյանքը տարբեր զարգացման ծրագրերի միջոցով:


Կոնսորցիումի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը և համայնքի բնակիչները շեշտեցին, որ իրենք «օգնություն» չեն ուզում, այլ աջակցություն՝ «Աջակցել, որ մեր տեսլականը իրականություն դառնա»,- ընդգծեց Շահինյանը: Այն հարցին, թե ինչ կուզեն գործարան, թե ընտանեկան բիզնես, միահամուռ ընտրվեց երկրորդը, քանի որ այսպես մարդիկ իրենք իրենց ձեռքով եկամուտ են ապահովում, անկախ զարգացնում իրենց տնտեսությունները: Խումբն այցելեց նաև դպրոց և այգիներ:

Խնդիրները և հնարավորությունները


Կիրանցի 9-ամյա այս դպրոցը լիցենզավորված չէ և կարող է փակվել, քանի որ հարմարեցված շինություն է և 3-րդ կարգի վթարային է: Շատերը ստիպված երեխաներին տանում են Իջևան: Մեծ հավանականություն կա, որ դրոցը պետական ծրագրով կնորոգվի կամ նորը կկառուցվի: Դպրոցին անհրաժեշտ են ռուսաց լեզվի և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Ավագ դպրոցը գնտվում է Ն. Ծաղկավան համայնքում, ինչը խնդիրներ է ստեղծում՝ կապված ճանապարհածախսի և հաճախելիության հետ: Մանկապարտեզ և նախակրթարան չկա:


Բնակչությունը այգեգործությունը համարում է կարևոր ճյուղ, տնկվում են նոր այգիներ: Խնդիրը ցանկապատերի բացակայությունն է, որի պատճառով անասունը մտնում է նորատունկ այգիներ և վնասում տնկիները: Կրկին տնկելը և բերք ստանաալը տևում է ևս 5 տարի: Ցանկություն կա ընդլայնել այգիների, արքայամորու, ելակի ցանքատարածությունները, մշակել կիվի, արքայանարինջ և այլ բարձրարժեք մշակաբույսեր, ինչպես նաև զբաղվել չրի արտադրությամբ: Ավանդական և եկամտաբեր է նուշի մշակությունը: Բնակիչները հեռանկարային են համարում ծխախոտագործությունը:


Ոռոգման խնդիրները լուծված են 70 տոկոսով՝ չկան բաշխիչ բաժանարար կայաններ, բացակայում է ոռոգման ներքին ցանցը:


Գյուղում կա անասնաբույժի, կաթի ու մսի հանձնման կայանների կարիք: Մեղվաբուծությամբ զբաղվում է 15 մեղվաբույծ, կա մեղրաքամ մեքենայի խիստ կարիք: Շատերը ցանկություն հայտնեցին զբաղվել մեղվապահությամբ, իրացնելու խնդիր չկա, քանի որ մեղրի որակը բարձր է: Առաջարկ է եղել հիմնել վառելիք-բրիկետների արտադրության փոքրիկ արտադրամաս՝ օգտագործելով տեղի գոմաղբը և անտառի չորուկները:


Մանկապարտեզի և նախակրթարանի բացակայության պատճառով երիտասարդ կանայք աշխատելու հնարավորություն չունեն: 17 երիտասարդ ընտանիք ունի բնակարանի խնդիր: Գյուղը չունի գազամատակարարում: Կիրանցում չկա ակումբ կամ ազատ ժամանակն անցկացնելու այլ վայր:


Աջացության ծրագրեր նաև Նավուր համայնքի համար


Տավուշի կոնսորցիումի անդամները նախատեսում են զարգացման ծրագրեր իրականացնել նաև Տավուշի մարզի Նավուր համայնքում: «Մենք կլինենք 12-րդը Կոնսորցիումի 11 կազմակերպությունների կողքին, ովքեր աջակցելու են Նավուր համայնքին»,- կոնսորցիումի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Նավուրի վարչական պատասխանատուն և գյուղի նախաձեռնող խմբի անդամները: Նավուրի վարչական պատասխանատու Արամ Նիկոյանը և գյուղի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրին համանքի կարիքներն ու առանձնահատկությունները, որից հետո Կոնսորցիումի անդամները հարց ու պատասխանի ձևով պարզաբանեցին իրենց հետաքրքրությունների ոլորտներին վերաբերող հարցերը:


Կոնսորցիումին անդամակցում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), Զարգացման սկզբունքներ ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, «Դասավանդի՛ր, Հայաստանը», Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU), Հայկական Կարիտասը և Դիակոնիա կազմակերպությունը:

 

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper