Նորություններ

Սիրով ձեզ ենք ներկայացնում «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում իրականացվող վճարովի պրակտիկայի մասնակից Կառլոս Կուլումյանին:

Ողջույն…
Ես Կառլոս Կուլումյանն եմ, ծնվել և մեծացել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում: 2014թ.-ին, երբ ավարտեցի 10-րդ դասարանը, ընտանիքով որոշեցինք տեղափոխվել Հայաստան՝ ելնելով պատերազմական իրավիճակից: Երբ եկանք Հայաստան, ես բավական հեշտ ինտեգրվեցի երևանյան կյանքին, քանի որ մեծացել եմ հայրենիքի կարոտով: Ավարտելով միջնակարգ կրթությունս Հայաստանում՝ կատարեցի իմ մանկության երազանքը և ընդունվեցի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ:


Այն իմ երազանքն էր, քանի որ մանկուց միշտ սիրել եմ ստեղծագործել, հաճախել եմ նկարչական դասընթացների: Այստեղ շատ եմ սիրում շենքերի և եկեղեցիների ճարտարապետությունը, շենքերի վրա գտնվող արվեստի քանդակները պարզապես շնչում են, ինձ համար դրանք ճարտարապետական եզակի գլուխգործոցներ են: Հուսով եմ՝ ապագայում իմ ներդրումը կունենամ հայկական ճարտարապետության մեջ: Ուստի, այժմ, լինելով չորրորդ կուրսի ուսանող՝ արդեն անցնում եմ մասնագիտական պրակտիկա «Ուրբան Յունիթ» ճարտարապետական և շինարարական կազմակերպությունում՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում:


Պրակտիկայի ընթացքում արդեն մասնակցում եմ շենքերի և շինությունների նախագծմանը, չափագրումներին և այլ աշխատանքներին, ինչի շնորհիվ կիրառում եմ համալսարանական և արտահամալսարանական տարբեր դասընթացների միջոցով ստացած գիտելիքներս, ձեռք բերում նոր գիտելիքներ և հմտություններ: Այս ծրագրի շնորհիվ նաև ծանոթանում եմ մասնագիտությանս աշխատանքային ընթացքին, ընդհանուր միջավայրին և հուսով եմ՝ շուտով ինքնուրույն կկարողանամ պատրաստել ճարտարապետական ամբողջական մի նախագիծ:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ՝ կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:
«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436