Նորություններ

Երևանում ավարտվեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) հնգօրյա դասընթացավարների վերապատրաստման սեմինարը՝ մարդասիրական օգնության նոր մեխանիզմների վերաբերյալ: Տարածաշրջանային վերապատրաստման դասընթացի հյուրընկալող կողմը Եկեղղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամն էր՝ որպես ACT Alliance-ի հայաստանյան ֆորումի մասնակից:

Երևանյան դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Դանիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից, Մակեդոնիայից, Նորվեգիայից, Սերբիայից և այլ երկրներից: Դասընթացն անցկացնում էին ACT Alliance-ի մարդասիրական ծրագրերի պատասխանատու Քրիստոֆ Առնոլդը և դաշինքի քարտուղարության ներկայացուցիչ Յանա Շրյոդերը: Նման դասընթաց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքն անցկացնում է աշխարհի տարբեր վայրերում:

Անցած յոթ ամսվա ընթացքում ACT Alliance-ը վերանայել է մարդասիրական օգնության մեխանիզմները և սկսել է իր անդամների հետ կիսել այդ բարդ և երկարատև գործընթացի պտուղները: Վերանայման նպատակը եղել է ճգնաժամերի և աղետների ազդեցության տակ գտնվող համայնքներին հասցվող օգնությունը և դրա որակը և արագությունն ավելի արդյունավետ և ժամանակի պահանջներին ավելի համապատասխան դարձնելը:


Նոր մեխանիզմի շնորհիվ դաշինքն ակնկալում է վերացնել ստանդարտ մարդասիրական գործընթացները և որդեգրել անհատական ռազմավարություն յուրաքանչյուր վայրում օգնություն տրամադրելու համար: Պարզեցվել և ավելի արդյունավետ են դարձել արձագանքման գործիքները և վարչարարական գործընթացները: Առցանց հարթակի շնորհիվ այսուհետև օգնության ռեսուրսներն ավելի հասանելի են լինելու անդամների համար: Այսուհետև դաշինքի մարդասիրական աջակցությունը հիմնված է լինելու Մարդասիրական հիմնարար չափանիշների (Core Humanitarian Standard (CHS)) վրա, և մարդասիրական շահերի պաշտպանությունը դառնալու է արձագանքման գործընթացի մի մասը:

Դասընթացի հիմնական նպատակներն էին մասնակիցներին՝ ապագա դասընթացավարներին, հանգամանալից բացատրել ACT Alliance-ի մարդասիրական նոր մեխանիզմը, ուժեղացնել նրանց և դաշինքի մյուս անդամների միջև գործնական կապը: Վերապատրաստման դասընթացի հեռահար նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի հետագայում արդեն դասընթացավար դարձած մասնակիցները ACT Alliance-ի ֆորումի մյուս անդամներին և իրենց կազմակերպությունների աշխատակիցներին փոխանցեն դասընթացից ստացած գիտելիքը և փորձը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները հատուկ վարժությունների միջոցով ծանոթացան առանձնահատուկ արտակարգ իրավիճակներին արձագանքելու նոր գործիքներին և գործընթացներին: Դասընթացը ներառում էր նաև փորձի փոխանակում, քննարկումներ և խմբային աշխատանք: Ապագա դասընթացավարները տեղում գործնականում ծանոթացան նաև դաշինքի նոր առցանց գործիքակազմին:Ամփոփելով դասընթացից ստացած տպավորությունները և արձագանքները՝ Քրիստոֆ Առնոլդն ասաց. «Մասնակիցները բացի գիտելիք ստանալու նաև հիանալի ժամանակ անցկացրեցին: Նրանց խոսքով՝ դասընթացը դասախոսության, խմբային աշխատանքի և վարժությունների հաճելի համադրություն էր: Դասընթացը նաև ապահովել է մասնակիցների միջև ակտիվ շփում, բազմաթիվ քննարկումներ: Այն, ըստ մասնակիցների նաև հիանալի հնարավորություն էր Եվրոպայի տարբեր կազմակերպությունների համար միմյանց հետ ծանոթանալու և աշխատելու առումով»:Դասընթացի օրերին մասնակիցներն այցելեցին Կլոր սեղան հիմնադրամի արագ արձագանքման ծրագրերի շրջանակում աջակցություն ստացած սիրիահայ ընտանիքների, հանդիպեցին մասնագիտական հմտությունների դասընթացներին մասնակցած սիրիահայերի հետ, քննարկեցին նրանց հուզող հարցերը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper