Նորություններ

DSC 8579Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Ես խաղաղության սերմնացան եմ» խորագրով երկրորդ համահայաստանյան նկարչական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, որը նվիրված է Խաղաղության միջազգային օրվան: Մրցույթն անցկացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստան և հարևաններ. խաղաղության  փնտրտուք» ծրագրի շրջանակում՝ «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության (ԿՀԶ ՀԿ) նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի աջակցությամբ:

DSC 8573Այս տարվա մրցույթին մասնակցել է 613 դպրոցական Հայաստանի 11 մարզերի 101 դպրոցներից. սա գրեթե 4 անգամ գերազանցում է նախորդ մրցույթի մասնակիցների թիվը: Ցուցահանդեսի համար ընտրված 86 նկարների գրեթե բոլոր հեղինակները ներկա էին բացման հանդեսին իրենց ծնողների կամ ուսուցիչների ուղեկցությամբ:

Ներկաներին ողջունելով՝ ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանն ասաց. «Ցավալիորեն, խաղաղության թեման ՄԱԿ-ի համար երբեք չի կորցնում արդիականությունը: Մինչդեռ 72 տարի՝ իր ստեղծման օրից, ՄԱԿ-ը կոչ է անում խաղաղության ու պատերազմներից զերծ մնալու: Խաղաղությունը վերջերս ուժի մեջ մտած Կայուն զարգացման նպատակների գաղափարախոսության առանցքային բաղադրիչներից մեկն է՝ առանց խաղաղության չի կարող լինել արդյունավետ աշխատանք կայուն զարգացման ուղղությամբ: Այդ նպատակներից 16-րդն ընդգրկում է խաղաղության գաղափարը»:

DSC 8609Մրցույթի նպատակն էր հատկապես սահմանամերձ բնակավայրերի երեխաների խաղաղության ուղերձը հասցնել տարբեր մակարդակների դերակատարներին, իսկ մասնակիցներին հնարավորություն տալ խորհելու, թե ինչ կարող է անել յուրաքանչյուրը, ինչ սերմեր կարող է ցանել, որ իր, իր համայնքի ու երկրի վաղվա օրը, մեր ընդհանուր մոլորակն ավելի կայուն ու խաղաղ լինեն: «Ես իմ նկարը նվիրում եմ հորեղբորս, որը զոհվել է դիրքերում»,- ասաց 11-ամյա Ռաֆայել Ուդումյանը Տավուշի մարզի Չորաթան գյուղից, որն իր «Խաղաղություն եմ ուզում իմ և տիկնիկիս համար» նկարում պատկերել է արև, հասկեր և մոլորակի կենտրոնում՝ իր տիկնիկին գրկած աղջնակ:

DSC 8593ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը նշեց, որ տեղական և միջազգային գործիչների  համար շատ կարևոր կլինի տեսնել, թե ինչպես են երեխաները վերաբերվում պատերազմին, ինչպես են փորձում ամեն կերպ հակազդել պատերազմի գաղափարախոսությանը: «Խաղաղության խորհրդանիշը մեր երեխաների համար արդեն վաղուց բանտարկված զենքերն են, տանկերը, որոնց փողերից արկերի փոխարեն ծաղիկներ ու փուչիկներ են դուրս գալիս, հրացանները, որոնք այնքան երկար ժամանակ չեն օգտագործվել, որ դարձել են հենարան նորատունկ ծառերի համար»,- նշեց տիկ. Մարկոսյանը: Նա մեջբերեց մրցույթի մասնակիցներից 9-ամյա Միլենայի ուղերձ-ցանկությունը. «Թող հավերժ լռեն բոլոր զենքերը և աշխարհում տիրի խաղաղությունը»:

DSC 8595«Երեխաների ստեղծագործությունները ուսանելի են և մտքին խաղաղություն են տալիս, ուղղորդում են մեզ և հիշեցնում, որ խաղաղությունը գին ունի և մեծագույն արժեք է»,- ասաց ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը:

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանն էլ ավելացրեց, որ եթե մենք երազում ենք ավելի ապահով, խաղաղ ու զարգացած աշխարհի մասին, ապա պետք է որդեգրենք ընդհանրական մոտեցում և գիտակցենք, որ մարդու իրավունքները, խաղաղությունը, անվտանգությունն ու կայուն զարգացումը փոխկապակցված են: «Երիտասարդներին պետք է լսել, նրանց հետ պետք է աշխատել ապագայի մարտահրավերների ուղղությամբ: Քանի որ այսօր կերտվում է վաղվա աշխարհը, որտեղ ապրելու են այսօրվա երիտասարդները»,- ավելացրեց նա:

DSC 8602Միջոցառմանը ներկա Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ասաց, որ իր երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո կարևոր որոշում է կայացրել դառնալ աշխարհի ամենախաղաղասեր և խաղաղարար պետություններից մեկը: «Խաղաղությունը կառուցում են մեծերը, սակայն այն գալու է ձեր միջոցով, ձեր շնորհիվ և ձեզանով»,- եզրափակեց դեսպան Տագուչին:

Տարիքային 2 խմբերում մրցանակային առաջին տեղը զբաղեցրած մասնակիցների (Միլենա Հովհաննիսյան, 9 տ., Գյումրու Հայորդյաց տան քանդակի դասարանի սան, Ջուլիետա Պետրոսյան, 16 տ., Շիրակի մարզի Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ) աշխատանքների հիման վրա տպագրվել են բացիկներ, որոնք կտարածվեն տեղական և միջազգային կազմակերպությունների շրջանում: Մրցանակների արժանացան նաև Մարիանե Նազարյանը (2-րդ մրցանակ)՝ 7 տ., Արագածոտնի մարզի Ագարակ գյուղից, Արամ Զաքարյանը (3-րդ մրցանակ)՝ 7 տ., Արարատի մարզի Մասիս քաղաքից, Արման Վարդանյանը (2-րդ մրցանակ)՝ 13 տ., Լոռու մարզի Լեռնանցք գյուղ, Անահիտ Մինասյանը (3-րդ մրցանակ)՝ 14 տ., Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղ: Հատուկ մրցանակի արժանացավ 13-ամյա Սվետլանա Զալինյանը Լոռու մարզի Գարգառի միջնակարգ դպրոցից, որի նկարած աղավնին դարձել էր միջոցառման խորհրդանիշ: Ցուցադրված բոլոր աշխատանքների հեղինակներն ստացան հավաստագրեր ու հուշանվերներ: Նկարները կշարունակեն ցուցադրվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մինչև սեպտեմբերի 29-ը:

DSC 8615Միջոցառման վերջում ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի երիտասարդ ներկայացուցիչները մասնակից երեխաներին ինտերակտիվ եղանակով պատմեցին Կայուն զարգացման 17 նպատակների և հատկապես՝ այդ նպատակներից 16-րդի մասին:

***

Ամեն տարի սեպտեմբերի 21-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Խաղաղության միջազգային օր: Այն ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի կողմից հաստատվել է 1981 թվականին: Այս տարվա թեման է «Միասին հանուն խաղաղության. հարգանք, անվտանգություն և արժանապատվություն բոլորի համար»:

 

 

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper