Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ ՏոնոյանինԱմենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ընդգծելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հանգամանքում բերած օգտաշատ ծառայությունը և անսակարկ նվիրումը Հայրենիքին ու ժողովրդին:

Հայոց Հովվապետն անդրադարձավ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների մարդասիրական համակողմանի ու հաճախ անձնուրաց գործունեությանը՝ ուղղված արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքի փրկությանն ու անվտանգության ապահովմանը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԱԻ նախարարության ողջ անձնակազմին՝ բարձրորեն գնահատելով իրականացվող նվիրյալ, հանձնառու ու նախանձախնդիր սպասավորությունը:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց նաև առկա սերտ համագործակցությունը Հայ Եկեղեցու տարբեր թեմերի ու կառույցների և ՀՀ ԱԻ նախարարության միջև՝ շեշտելով դրա արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Հայոց Եկեղեցու թեմերի և Մայր Աթոռում գործող «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացված վերապատրաստման ծրագրերի, տարբեր աղետների ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության և տուժածների հոգևոր խնամքի մասին` պատրաստակամություն հայտնելով շարունակել զորակցել նախարարության առաքելությանը:

Տոնոյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքերը: Նախարարը մասնավորաբար անդրադարձավ ապագա ծրագրերին: Անդրադառնալով նախարարության կողմից ի նպաստ ազգաբնակչության ձեռնարկվող բազմաբնույթ միջացառումներին` նախարարը արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում կարևորեց նաև հոգևոր սպասավորների դերակատարությունը: Վերջում Գարեգին Բ Հայրապետը հաջողություն մաղթեց նախարարին իր կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար:

Աղբյուրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper