Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևորականների և հիմնադրամի աջակցությամբ թեմերում գործող սոցիալական կենտրոնների աշխատակիցների համար կազմակերպել էր ընտանեկան բռնությունների զոհերի և բռնարարների հետ աշխատանքի վերաբերյալ դասընթաց: Եռօրյա միջոցառման ընթացքում հոգևոր հայրերը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փորձագետի, սոցիոլոգի և հոգեբանի ուղեկցությամբ ծանոթացան թեմային առնչվող տեղեկություններին և մանրամասներին:


Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Քոչարյանը նշեց, որ հոգևորականները, լինելով ընտանեկան բռնության զոհ դարձածների և բռնարարների հետ առաջին առնչվողներից, դասընթացի միջոցով ստացած հմտությունները կկարողանան կիրառել՝ կանխելու բռնության հետագա դեպքերը և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու զոհերին:

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը հավաքվածներին պատմեց աշխարհում և Հայաստանում ընտանեկան բռնությունների հետ կապված իրավիճակի և ժողովրդագրության վրա դրանց ունեցած ազդեցության մասին: Ընտանեկան բռնությունների տեսակների ու ձևերի, նախնական նույնականացման ցուցանիշների մասին խոսեց սոցիոլոգ, սոցիալական աշխատանքի փորձագետ Արմինե Մխիթարյանը: Բանախոսության երկրոդ հատվածում նա ներկայացրեց ընտանեկան բռնության ենթարկված և ենթարկած անձանց նույնացման ցուցանիշների, բռնության հակված մարդկանց վարքագծային բնութագրիչների մասին:


Այնուհետև դասընթացի մասնակիցների հետ սկսեց աշխատել հոգեբան Դավիթ Գևորգյանը: Մասնագետը ներկայացրեց ընտանեկան բռնությունների հոգեբանական ասպեկտները, հոգեբանական և հոգեպաթոլոգիական հետևանքները, տեղեկություններ սթրեսի, տրավմայի, զոհի հոգեբանության զարգացման մասին: Դասընթացի երկրորդ և երրորդ օրվա ընթացքում Գևորգյանը ներկայացրեց ընտանեկան բռնությունների զոհերի և բռնարարների հետ աշխատանքի հոգեբանական ասպեկտները, մասնակիցներին փոխանցեց խորհրդատվական հիմնական հմտություններ: Կլոր սեղան հիմնադրամը և մասնագետը կարևոր դեր էին հատկացրել նաև գործնական աշխատանքին: Դասընթացի երրորդ օրը հոգեբան Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ ամբողջությամբ նվիրված էր ընտանեկան բռնության զոհերի և բռնարարների հետ աշխատանքի հմտությունների ձևավորմանը՝ իրավիճակների բեմադրման և վերլուծության միջոցով: Դասընթացն անցկացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper