Նորություններ

13ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ կայացավ «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» թեմայի շուրջ հանդիպում-քննարկումը: Այն կազմակերպել էր «Արև-երեխաներ» ՀԿ-ն՝ «Դաունի համախտանիշով երեխաների բժշկական տեղեկատվության հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակում: Քննարկմանը ներկա էին ՀՀ կրթության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԻՊ գրասենյակի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կենտրոնի աշխատակիցներ, տարբեր բուժհաստատությունների բժիշկ-մասնագետներ և Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողներ:

Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ողջունեց ներկաներին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը և շնորհակալություն հայտնեց՝ քննարկմանը մասնակցելու համար: Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց նաև «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանին, ատենապետ Լիլիթ Հայրապետյանին և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանին, հիմնադրամի աշխատակիցներին՝ ծրագրին պատրաստակամորեն աջակցելու համար:

1Այնուհետև Տեր Գրիգորն անդրադարձավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեությանը, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջության և զարգացման հետ կապված առկա խնդիրներին ու բացթողումներին, ներկայացրեց առաջին անգամ հայերենով հրատարակված «Դաունի համախտանիշ» ձեռնարկ ծնողների համար գրքույկը, որը նպատակ ունի օգնելու Դաունի համախտանիշով երեխաների ծնողներին, խնամակալներին և նրանց հետ աշխատող մասնագետներին ծանոթանալու այս համախտանիշով երեխաների առանձնահատկություններին, նրանց խնամքի, զարգացման և վարման կարգի ճիշտ մոտեցումներին:

Այնուհետև «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեությունը ողջունեց ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աշխատակից Ալլա Սարգիսովան՝ նշելով, որ կազմակերպությունը լծվել է դժվարին և խնդրահարույց ոլորտի ուսումնասիրությամբ և որին սիրով իր աջակցությունը կբերի ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը:

Ապա «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանը նշեց, որ ծրագրի արդյունքում բացի տեղեկատվության լայն տարածումից, բուժաշխատողների իրազեկումից, Դաունի համախտանիշով երեխաների վարման կարգի չափորոշչի մշակումից և ընտանիքներին ցուցաբերված սոցիալական աջակցությունից, թվով տասնհինգ ընտանիքների փոխարեն հոգեբանական աջակցություն են ստացել քառասունհինգ ընտանիքներ: ««Ճանաչեք և ընդունեք մեզ» կարգախոսն է կրում մեր ծրագիրը, որի շրջանակներում նկարահանվում է «Ես կարող եմ» վերնագրով սոցիալական տեսահոլովակը, ինչը նպատակ ունի ներկայացնելու, որ մեր Արև երեխաներն էլ կարող են անել այն ամենը, ինչ մենք՝ բոլորս»,- ասաց «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահը:

10«Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգեբան Սոնա Գրիգորյանը նշեց, որ առաջին փուլը բացահայտումն է, թե երբ, որտեղ, ում կողմից և ինչպես են ծնողները տեղեկանում, որ իրենք Դաունի համախտանիշով երեխա են ունենալու կամ ունեցել են: Կարևորվեց, թե ինչ ինտոնացիայով է ինֆորմացիան ասվում և ինչ ուղղորդում է տրվում. «Շատ հաճախ բժիշկները տեղեկատվությունը հայտնում են ոչ միայն այդ շրջանակի, այլև իրենց ունեցած կարծրատիպերի համաձայն, որն արտահայտում է ցավակցություն և ափսոսանք, նշում են՝ երեխան հատուկ մասնագիտացված կենտրոնում պետք է ապրի և երկար չի ապրի, նրան բույսի կյանք է սպասվում, ձեզ էլ՝ մեծ տանջանքներ, առաջարկում են հղիության ընդհատում, եթե դա հղիության ընթացքում է բացահայտվել»: Սոնա Գրիգորյանը ներկայացրեց, թե նման մոտեցման պարագայում ինչ հիմնական արձագանքներ են ունենում ծնողները, ինչպիսի աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի նրանք փուլ առ փուլ հաղթահարեն խնդիրները, իսկ հետագայում երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանքների շնորհիվ ինչպես է հնարավոր լինում նրանց մոտ բացահայտել ներքին ռեսուրսները, հասնել ինքնաբացահայտման, հոգեկան հանգստության և ինքնօգնության մեխանիզմների ներդրման:

«ԱրԲեՍ» ԱԿ-ի բժիշկ-վերականգնողաբան Գայանե Զաքարյանը ներկայացրեց Դաունի համախտանիշով երեխայի հայտնի ֆենոտիպը, կլինիկական ու հիմնական տասը նշանները, տարածված բժշկական խնդիրները, Դաունի համախտանիշով երեխայի առողջության վերահսկման և առողջապահական ուղեցույցները, որ նպաստելու են երեխայի առողջ զարգացմանը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper