Նորություններ

Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանի հանդիսությունների դահլիճում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցները:

5

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` ընդգծելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը՝ իբրև մեկ մեծ ընտանիք, ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին, պատրաստակամ է շարունակելու իր արդյունավետ ծառայությունը բերել ի նպաստ Սուրբ Էջմիածնի սրբազան առաքելության:

3

Պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին նաև շնորհավորական խոսք ուղղեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը: Այնուհետև ներկաներին տարեսկզբի իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

8

Հայոց Հայրապետը, շնորհավորելով աշխարհական աշխատակիցներին տոների առիթով, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց նրանց՝ պարտականությունները նախանձախնդրորեն, սիրով և հանձնառությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ Հայոց Եկեղեցին կարողանում է առավել արդյունավետ կերպով իրագործել իր ծառայությունը հայ ժողովրդի կյանքում: Այս իմաստով Նորին Սրբությունը հաստատեց, որ անցնող տարում Մայր Աթոռի կողմից արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների մեջ իր կարևոր բաժինն ունի աշխարհիկ պաշտոնեությունը: «Ձեր աշխատանքը միայն առանձին անձանց չէ, որ ուրախություն ու գոհունակություն է պատճառում: Ձեր աշխատանքի արդյունքը բերկրանք է պատճառում մեր ողջ ժողովրդին, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ազգի նվիրական սուրբ տունն է, հոգևոր հաստատությունը: Եվ այս հաստատության բարեշեն և պայծառ լինելը ուրախություն է թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդու համար»,- ասաց Հայոց Հայրապետը:

4

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնավորի անդրադարձ կատարեց 2020 թվականի ծրագրերին` առանձնացնելով հավատացելոց կյանքում եկեղեցական առաքելության զորացմանն ուղղված նախաձեռնությունները, Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը և Մայր Տաճարի հիմնանորոգությունն ու վերաբացումը:

1

Խոսելով հոգևոր կյանքի զորացման կարևորության մասին` Նորին Սրբությունն ընդգծեց. «Ապրել Աստծո հետ նշանակում է կյանքն ապրել սիրո և բարության մեջ: Ապրել Աստծո հետ նշանակում է ապրել առաջընթաց և բարօր կյանքով»: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջություն, երջանկություն և արևշատ կյանքի երկար տարիներ: Հայոց Հայրապետը հայցեց, որ Տիրոջ Սուրբ Աջը և Սուրբ Ծննդյան առատ շնորհները միշտ հովանի լինեն հայորդիներին և նրանց ընտանիքներին` խաղաղության և բարօրության մեջ պահելով հայրենիքը և ողջ աշխարհը:
Ըստ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436