Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը նախատոնական միջոցառման ընթացքում գործընկերների հետ ամփոփեց 2017 թ.: Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արագածոտնի թեմի առաջնորդ, ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ողջույնի խոսքով: Նա կարևոր համարեց Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի իրականացումը, հատկապես՝ ՀԱԵ թեմերում գործող համայնքային սոցիալական կենտրոնների գործունեությունը: Սրբազան հոր խոսքով՝ այդ կենտրոնները լուծում են ոչ միայն սոցիալական, այլև կարևոր՝ կրթական խնդիրներ:

ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրեց 2017 թ. հիմնադրամի բարեգործական ծրագրերի դինամիկան և պատասխանեց հարցերին: Նա նշեց, որ ցավոք, աղքատության ցուցանիշը Հայաստանում դեռևս էական փոփոխություն չի կրել: Դրա վրա ազդում է նաև գրանցվող գնաճը: Նա նաև հիշեցրեց սոցիոլոգիական վերջին հետազոտությունը, ըստ որի՝ Հայաստանը Եվրոպայում ամենացածր աշխատավարձ ստացող 4-րդ երկիրն է: Նազարյանը նաև անդրադարձ կատարեց ընտանեկան բռնությունների և պատվաստումների թեմային: «Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը պատվաստումների խնդրի մասին դիրքորոշումը պետք է հիմնավորի ոչ թե գերատեսչությունների կամ սեփական կարծիքներով, այլ գիտական հետազոտություններով»,- շեշտեց Նազարյանը:

Karen NazaryanՆրա խոսքով՝ ՀԿՍ անցած եռամյա ծրագիրը (2014-2016) և ներկա եռամյա ծրագիրը (2017-2019) ֆինանսավորվում են գրեթե նույն չափով, չնայած՝ հիմնադրամը ջանքեր կգործադրի ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ: Կարեն Նազարյանը գործընկերների հետ կիսեց նաև երկու լավ լուր: «Երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Գերմանիա, «Բողոքական եկեղեցիների միավորումը» (EKD) գոհունակություն էր հայտնել Կլոր սեղանի կողմից Հայաստանում իրականացվող դիակոնիկ ծրագրերի առնչությամբ»: Եվ որպես ՀԿՍ կողմից ֆինանսավորվող սոցիալական կենտրոնների ինքնաբավության օրինակ Կարեն Նազարյանը ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի՝ Ջրվեժի սոցիալական կենտրոնը: Կենտրոնին հանձնարարվել էր իրականացնել ՀԿՍ գրքերից մեկի տպագրությունը:


«Արդեն երրորդ տարին Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդվում է դիակոնիա առարկան, և ես ուրախ եմ այստեղ տեսնել իմ ուսանողներին, որոնք ավարտելուց հետո կունենան անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ սովորածն իրականացնելու հարցում»,- եզրափակեց Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:

Hasmik SateghyanԳավառի համայնքային կրթական կենտրոնի պատասխանատու Հասմիկ Սեթաղյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունն անցնող տարվա ընթացքում: Նա նշեց, որ Գավառի կենտրոնը 2017թ. ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես կրթական և մշակութային ուղղություններով: Նա տեղեկացրեց, որ անցնող տարվա ընթացքում կենտրոնի սաների համար վարպետաց դասեր են անցկացրել ֆրանսահայ նկարիչ Արտուշ Մկրտչյանը: Իսկ կենտրոնի «Նուրի-նուրի» տիկնիկային թատերախումբը 2017 թ. առաջին անգամ մասնակցել է «Նռան հատիկ» 17-րդ հանրապետական մանկապատանեկան փառատոնին և ստացել պատվոգիր:

Irina Hovhannisyan«Աստղացոլք» ՀԿ-ի նախագահ Իրինա Հովհաննիսյանը խոսեց սոցիալական ձեռներեցության և դրա հեռանկարների մասին: Նա պատմեց Ճամբարակի կենտրոնում գործող սոցիալական ձեռնարկատիրության մի քանի նախաձեռնության մասին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՀԿՍ համագործակցությունը զարգացման հոգևոր և աշխարհիկ կազմակերպությունների սերտ գործընկերության լավագույն օրինակներից մեկն է:

Garik HayraprtyanԿլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Հարություն Ներսեսյանը շեշտեց հատկապես կրթական ծրագրերի նշանակությունը հիմնադրամի գործունեության մեջ: Նրա խոսքով՝ կարևոր է ներդրում անել ապագայի մեջ՝ այսօր կրթելով պատանիներին և երիտասարդներին:

Մասնակիցներին ողջունեց նաև ՀԿՍ կամավոր, ազգությամբ գերմանացի Մելանի Կրեբսը: Հոկտեմբերին հիմնադրամին միացած աշխատակիցն արդեն ներդրում է ունեցել ՀԿՍ տարածաշրջանային խաղաղության ծրագրերի իրականացման հարցում նոր գործընկերներ որոնելու հարցում:

Միջոցառման երկրորդ մասում հյուրերը ճաշակեցին ՀԿՍ օժանդակությամբ հիմնադրված սոցիալական ձեռներեցության կենտրոնների պատրաստած համեղ սնունդը: ՀԿՍ գործընկեր կազմակերպությունների ձեռքի աշխատանքի նմուշների ցուցադրություն-վաճառքի ընթացքում հանդիպման մասնակիցները կատարեցին գնումներ` այդպիսով նպաստելով ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործընկերների և համայնքային սոցիալական կենտրոնների զարգացմանը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper