Նորություններ

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության շնորհիվ կյանքի կոչված «Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը դրա կանխարգելման համար» ծրագրի շրջանակում, իրականացավ «Ամուր ընտանիք» խորագրի ներքո միջոցառումը: Այն կազմակերպել էր Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Փավստոս քահանա Սարգսյանը:

Aghavnavanq-Goshavanq-1

Միջոցառումն ավելի անմիջական, ազատ և միևնույն ժամանակ հոգևոր մթնոլորտում իրականացնելու նպատակով` Տեր Հայրը Շիրակի իր հովվության ներքո գտնվող համայնքի շուրջ 50 անդամների համար կազմակերպել էր ուխտագնացություն՝ դեպի Տավուշի մարզում գտնվող Գոշավանք և Աղավնավանք եկեղեցիներ:

Aghavnavanq-Goshavanq-3

Գոշավանքում միասնական աղոթքի մասնակցելուց հետո ուխտավորները ոտքով անցան դեպի Աղավնավանք տանող ճանապարհը` Տեր Հոր առաջնորդությամբ, ով գրեթե ողջ ընթացքը ծառայեցրեց ընտանիքի շուրջ անհատական զրույցների, մասնակիցներին հուզող հարցերի պատասխանների համար:

Aghavnavanq-Goshavanq-2

Արդեն Աղավնավանքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսել Տեր Փավստոսի խոսքը «Ամուր ընտանիք» ունենալու բանաձևի շուրջ, որն ամբողջությամբ հագեցած էր հայ ավանդական և Աստվածաշնչային պատգամներով:

Aghavnavanq-Goshavanq-4

Տեր Հոր խոսքով՝ իր գլխավոր նպատակն էր լսարանի մեջ սերմանել սիրո, նվիրումի վեհ գաղափարները և տալ Աստվածահաճո կյանքի բանալին` բացատրելով, որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել բոլոր դժվարությունները և կանխարգելել ընտանեկան բռնությունը: Մասնակիցների մեջ ընդգրկված էին երիտասարդ տղաներ և աղջիկներ, ամուսնությանը պատրաստվող զույգեր, ինչպես նաև հայրեր ու մայրեր:

Aghavnavanq-Goshavanq-5

Ուխտավորներն իրենց օրն ավարտեցին Աղավնավանքում մատուցված երեկոյան ժամերգության արարողությամբ: Մասնակիցները շատ կարևորեցին նաև հետագայում նման թեմաների շուրջ կազմակերպված միջոցառումների իրականացումը` առանձնացնելով հատկապես «Ծնողասիրություն», «Ամուսնության ճշմարիտ հիմքերը» թեմաներին անդրադառնալու անհրաժեշտությունը ներկայիս հասարակության մեջ:

Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար, որպեսզի նրանք իրականացնեն ընտանիքում բռնության առաջնային կանխարգելում` բարձրացնելով մարդկանց իրազեկությունը համայնքներում և ՀՀ բանակում, ինչպես նաև տրամադրելով անհատական, զույգի և ընտանեկան խորհրդատվություն:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436